2014-ին անչափահաս որդին սպանվեց, 2023-ին՝ ավագը․ Ցականյանների ընտանիքի ողբերգությունը

2014-ին անչափահաս որդին սպանվեց, 2023-ին՝ ավագը․ Ցականյանների ընտանիքի ողբերգությունը

 «2020 պատերազմից հետո իմ ու ամուսնուս համաձայնությամբ Հայաստանն Ադրբեջանին փոխանցեց Արցախի Շահումյանի շրջանում մեր որդուն՝ Սմբատ Ցականյանին, դաժանաբար սպանած Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին, նրանց դիմաց Հայաստան վերադարձան 44 գերիներ։ Մենք դրանով մեծ քայլ արեցինք։ Որդիս չկար, բայց մյուս մայրերի աչքն իրենց որդիների ճամփին էր»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Կարինե Ցականյանը:

Տարիներ առաջ Ցականյանների ընտանիքն Արցախում վերաբնակվելու որոշում էր կայացրել։ Կարինեն ասում է, որ Նոր Էրքէջում են բնակություն հաստատել։ Սկզբնական շրջանում այնքան էլ հեշտ չէր, բայց ինքն ու ամուսինը՝ Մեխակ Ցականյանը, հաղթահարել են դրանք, մեծացրել իրենց 6 երեխաներին։ 

«Երբ 2014 թվականի ամռանը ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներ Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիևն ու Հասան Հասանովը ներխուժել էին Քարվաճառ քաղաք, հետո՝ նաև շրջանի տարբեր բնակավայրեր, այդ ժամանակ նրանք հանդիպել են որդուս, իբր թե խնդրել են, որ ճանապարհը ցույց տա։ Բայց  անտառում՝ Թարթառի ափին, մեջքից հարվածել են 7 անգամ, Սմբատը սպանվել է տեղում, նա դեռ 17 տարեկան էր»,- ասաց մայրը՝ հավելելով, որ դրանից հետո ավագ եղբայրը՝ Սարգիսը, լցվել է վրեժով։

Հաճախ էր ասում՝ «Սմբատի Վրեժը պիտի լուծեմ»։ 

44-օրյա պատերազմից հետո երբ Ադրբեջանին հանձնվեց նաև Շահումյանի շրջանը, Ցականյանների ընտանիքը տեղափոխվել է Չարենցավան։ Կարինեն ասում է, որ իրենց հետ բերել են նաև Սմբատի գերեզմանն ու վերահուղարկավորել Չարենցավանում։ 28-ամյա Սարգիսը մնացել էր Արցախում։ Գետավանում տուն էր վերցրել ու սպասում էր շրջափակումից հետո իր մոտ տեղափոխել Լիանային ու երեխաներին։ Ինքը ծառայում էր ՊԲ շարքերում։ Հաթերքի դիրքերից վերջին անգամ խոսել է կնոջ հետ։ Լիանան, որ միայնակ է մնացել 2 մանկահասակ երեխաների հետ, ասում է՝ ամուսնու ձայնն  ու վերջին խոսքերը դեռ ականջների մեջ է։

«Մենք ամեն օր խոսում էինք, իսկ սեպտեմբերի 19-ին զանգեց պատերազմից րոպեներ առաջ։ Հարցրեց՝ «էրեխեքը ո՞նց են», բոլորից հետաքրքրվեց ու անջատեց։ Քիչ անց իմացանք, որ Արցախում պատերազմ է։ Ամբողջ օրը զանգ-զանգի հետևից, բայց այդպես էլ կապ հաստատել չէր հաջողվում»,- ասում է Սարգսի կինը։

Սարգիս Ցականյանը, որ եղբոր Սմբատի վրեժը պիտի լուծեր, Հաթերքի դիրքերում կատաղի մարտի է բռնվել ադրբեջանական զինուժի հետ, փոխհրաձգությունը հետո վեր է ածվել մերձամարտի։

Կարինեն ասում է, որ հրամանատարը հետո է պատմել, «թե ինչ հերոսական կռիվ են տվել Սարգիսն ու դիրքի անձնակազմը, միայն իրենց՝ ականատեսներին է հայտնի․ ջարդել են»։ 

Թշնամին, գնահատելով իր կորուստները, այս դիրքի ուղղությամբ գործի է դրել օդուժը։ «Վիրավոր ընկերոջը օգնության ցուցաբերելիս ընկերն ասել է՝ «հետ գնա, մեկ է, ես մեռնելու եմ, գնա քեզ էլ են խփելու»։ Ինքը չի լսել, ասել է՝ «ես քեզ ո՞նց թողնեմ այստեղ մենակ»։ Առաջացել է, որ հանի,  «Բայրաքթար»-ով այս անգամ խփել են Սաքոյին։ Նա էլ մյուս ընկերոջ հետ տեղում մահացել է, այրվել են»,- պատմեց Լիանան։  

Կինն ասաց, որ ամուսնու ու ընկերոջ մարմինները դիրքերից իջեցրել են սեպտեմբերի 21-ին, իսկ ընտանիքը, որ Չարենցավանում էր, այդպես էլ որևէ տեղեկություն չեն իմացել Սարգսից, նրա ընկերներից ու Արցախից։ 

«Զինադադարից մի քանի օր անց ծանոթներ ընկերներ էին գալիս, ասում էին, որ իրենք էլ լուր չունեն, բայց գոտեպնդում էին մեզ, ասելով՝ «վիճակը լավ չի Արցախում, պիտի ամեն ինչի պատրաստ լինեք»։ Հետո Հրազդանից մեր բարեկամները եկան։ Ոչինչ չէին խոսում, չնայած ես էլ սկեսուրս էլ հոգու խորքում զգում էինք Սաքոյի մահը, բայց բարձրաձայն չէինք ասում։ Մաման ասաց՝ «ի՞նչի եք եկել, բան է պատահել», մեր բարեկամը չդիմացավ, լացեց՝ «իմ ու քո տղեն՝ Սաքոն էլ չկա»»։ 

«Բայրաքթարի» հարվածից այրված Սարգսի ու ընկերոջ դիերը նույնականացվել են ԴՆԹ հետազոտությամբ։ 28-ամյա հերոսը հուղարկավորվել է Չարենցավանի հերոսների պանթեոնում։ Հետմահու արժանացել է «Արիություն» մեդալով։ 

Մեխակ ու Կարինե Ցականյան ամուսինները 6 երեխա են ունեցել։ Զավակների մասին խոսելիս Կարինեն չի կարողանում արցունքները զսպել․ «Տղաներս երկնքում են, երևի միասին»։

Տան մթնորորտը ցրում են Սարգսի երեխաները, ստիպում, որ առաջ նայեն։ 

Հունան Թադևոսյան