Նիկոլ Փաշինյանն անցել է տեռորի և ոչնչի առջև կանգ չի առնելու

Նիկոլ Փաշինյանն անցել է տեռորի և ոչնչի առջև կանգ չի առնելու

Վերջին երեք օրվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցան բազմաթիվ իրադարձություններ: Մասնավորապես, կիրակի օրն ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով բերման ենթարկվեցին «Մարտական եղբայրության» 49 անդամներ։ Ավելի ուշ, ԱԺԲ-ն հայտարարեց, որ իր վեց անդամներին ձերբակալել են Տավուշում: 

Նույն օրը երեկոյան Նոր Նորքի Ոստիկանության բաժնի մոտ  3 քաղաքացի զինված փորձ կատարեցին ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, նրանցից երկուսը գործադրեցին նռնակ, ինչի հետևանքով վիրավորվեցին ու տեղափոխվեցին բուժհաստատություն, իսկ նռնակով զինված երրորդ քաղաքացին վնասազերծվեց երեք ժամ անց: 

Փորձագիտական շրջանակներում չեն բացառում, որ այս ամենը ձեռնտու է ու նաև գուցե ուղորդված է հենց իշխանությունների կողմից, ինչը նախազգուշացում է բոլորին, ով կհանդգնի ընդդիմանալ Տավուշի գյուղերի հանձնմանը թշնամուն:

MediaHub-ը վերջին զարգացումների շուրջ զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:

«Ակնհայտ է, որ Տավուշի՝ որպես առաջին փուլ այս պահին դեռ 4 բնակավայրերի հանձնումը օրերի հարց է, քանի որ այդպիսին է ադրբեջանական օրակարգը, իսկ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է բացառապես ադրբեջանական օրակարգը։ Ադրբեջանի վարչապետը հստակ հայտարարեց, որ այս 4 բնակավայրերը պիտի տանք, հետո արդեն անցնեն մյուս 4 բնակավայրերի, իսկ հետո՝ Տիգրանաշենին։ Այս բնակավայրերը հանձնելու անունը Նիկոլ Փաշինյանը դրել է դեմարկացիա և դելիմիտացիա, բայցս շատ պարզ ձևակերպմամբ՝ սա հայրենիքի հանձնումն է, Հայաստանի սուվերենության հանձնումն է, Հայաստանը ադրբեջանական «կոլցոյի մեջ» առնելու ծրագիր է»,- ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ Զոհրաբյանի` Փաշինյանը շատ պարզ ու պրիմիտիվ կոլլաբորացիոնիստ է, այսինքն՝ սեփական երկրում օտարի շահը սպասարկող, և «քանի դեռ Փաշինյանին կանգնեցնող չկա, շատ կարճ ժամանակում ՀՀ հինգ մարզեր՝ Սյունիք, Վայոց Ձոր, Տավուշ, Լոռի և Արարատ առնվելու են թուրք-ադրբեջանական «կոլցոյի մեջ»»։

«Ադրբեջանին ոչ թե այդ Տավուշի բնակավարերի արոտավայրն է պետք, այլ այդ բնակավայրերն Ադրբեջանի համար ունեն ռազմավարական նշանակություն։ Այդ բնակավարերը Ադրբեջանին պետք են Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին իր վերահսկողության տակ առնելու համար, նույն կերպ Տիգրանաշենը Ադրբեջանին պետք է Հայաստանի մյուս միջպետական մայրուղին իր վերահսկողության տակ  առնելու համար և դրա միջոցով Երևանը պահել ադրբեջանական դիպուկահարի ուղիղ նշանակետի տակ։ Նիկոլ Փաշինյանին կանգնեցնել է պետք. Փաշինյանը չի էլ թաքցնում իր ծրագիրը, և հիմա բաց տեքստով ասում է՝ «սա իմ օրակարգն է, տղա՞ եք, ձեռքս բռնեք»»,- ասաց Զոհրաբյանը։

ԱԺ Նախկին պատգամավորը չի բացառում․ «Այդ ձերբակալություններում իշխանությունների «մատը խառն է»՝ հասարակության այն հատվածին, որ իրապես պատրաստվում է իրական դիմադրության, վախ ներշնչելու ու հասկացնելու համար, որ ով փորձի ընդդիմանալ հողերի հանձնմանը, ուղղակի կալանավորվելու են»։

Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանն անցել է տեռորի: Եվ իր ծրագիրը իրականացնելու համար նա ոչնչի առջև կանգ չի առնելու՝ «եթե պետք լինի ֆեյք ահաբեկչություններ կկազմակերպեն, պետք լինի, մի քանիսին էլ «ժերտվա կտան», որ դրանով ընդհուպ կարողանա ռազմական դրություն հայտարարել՝ իր ծրագիրը մինչև վերջ իրականացնելու համար»։

«Օրակարգում Հայաստանի Երրորդ հանրապետությունը սպանելու ծրագիրն է։ Եվ Երևանում ապրողը թող այդքան վստահ չլինի, որ թուրքը չի գալու հասնի Կասկադ և իր տներին»,- ասաց նախկին պատգամավորը:

Եզրափակելով խոսքը՝ Նաիրա Զոհրաբյանը կրկրնեց, որ չի բացառում, որ այս ձերբակալություններում «իշխանության մատը խառն է», երկրում ահաբեկչության, վախի, սարսափի մթնոլորտ տարածելու համար, այն մարդկանց, նաև տավուշցիներին և բոլոր ուժերին, ովքեր պատրաստվում են կանգնել սահմանին և թույլ չտալ, որ հանձնվի Հայաստանի անվտանգության գոտին Տավուշում, նրանց ահաբեկելու, վախեցնելու և ասելու, որ բոլորդ կկալանավորվեք.

«Փաշինյանը ժողովրդավարություն բառը սարքել է «Օրբիտ» ծամոն և առավոտից մինչև երեկո այդ բառն է ծամում, և տեսնում ենք, թե ինչ քաղաքական տեռորի է դուրս եկել։ Կալանավորվում են բոլոր նրանք, ովքեր փորձում են հասարակությանը հասցնել այն աղետը, ինչի առջև Փաշինյանը կանգնեցրել է երկիրը։ Եվ իր ծրագիրը իրականացնելու ճանապարհին եթե պետք լինի այդ բնակավայրերը հանձնելու համար իշխանական կաբինետներում գծագրված ահաբեկչություն կազմակերպել, հավատացեք՝ ինքը դա անելու է»,- եզրափակեց Զոհրաբյանը։

Մարիաննա Արամյան