Շուտով կծնվի 2-րդ երեխան, իսկ դուստրն ամեն օր հարցնում է՝ «ո՞ւր են պապան ու հորեղբայրը»․ երջանիկ ընտանիքից ոչինչ չմնաց

Շուտով կծնվի 2-րդ երեխան, իսկ դուստրն ամեն օր հարցնում է՝ «ո՞ւր են պապան ու հորեղբայրը»․ երջանիկ ընտանիքից ոչինչ չմնաց

Նաթելլա Մուսայելյանն Արցախի Խնձրիստանից Հայաստան է եկել անչափելի ցավը սրտում։ Երրորդ կարգի հաշմանդամ է ու չնայած առողջական լուրջ խնդիրներին, միայնակ ու դժվարությամբ է մեծացրել իր զավակներին, նրանց այնպիսի դաստիրակություն տվել, որ մեկը մյուսից լավը, ու որքան նման՝ նույնքան տարբեր էին։

«2 տղա ունեի, նրանցով էի հարուստ, նրանցով երջանիկ մամա էի, հիմա ո՛չ Վահանս կա, ո՛չ Կարենս, ո՛չ տունս ու հայրենիքս։ Շուտով Վահանիս 2-րդ բալիկն է ծնվելու, իսկ 5 տարեկան աղջիկն այնքան հարցեր է տալիս հոր մասին, որ չգիտենք ինչպես բացատրել փոքրիկին, որ հայրդ չկա»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է մեր զրուցակիցը։ 

Վահան (Աբգար) և Կարեն Ղահրիյան եղբայրները զինվորագրվել էին հայրենիքի պաշտպանությանը։ 28-ամյա Կարենը, որ մասնակցել էր քառօրյա, 44-օրյա պատերազմներին, 2023-ին դարձյալ առաջին գծում էր։ Թիկունքում նրան մոր հետ  սպասում էր նաև սիրելի կինն ու մեկ տարեկան որդին։ Իսկ 32-ամյա Վահանը՝ նախքան Արցախի շրջափակումը, աշխատում էր Ստեփանակերտի գազի լցակայաններից մեկում։ 2023 թվականի մարտին, երբ Ադրբեջանն արգելափակում է Արցախի գազամատակարարումը, աշխատանք չլինելու պատճառով նա էլ միանում է աշխարազոր ուժերին։ Մինչ այդ՝ կամավորության հիմունքներով ընդգրկված էր թիկունքային հումանիտար աշխատանքներում։ 

Տիկին Նաթելլան Խնձրիստան համայնքի երկարամյա բուժքույրն է։ Պաշարման ժամանակ Ստեփանակերտից նրա մոտ են տեղափոխել Վահանի դստերը, որ կինը՝ հղի վիճակում հասցնի խնամել առողջական խնդիր ունեցող պապին. 

«Վահանը Ստեփանակերտում էր ապրում, Կարենը՝ գյուղում ինձ մոտ։ Երբ բոլորս հավաքվում էինք, սովորական օրը տոն էր դառնում։ Բլոկադայի ժամանակ շատ դժվար էր, բայց դրանք հաղթահարվում էին, որովհետև կամք կար պայքարելու, որ հայ մնանք ու հայրենիք ունենանք։ Սեպտեմբերի 19-ին Վահանը Շուշիի ուղղությամբ էր հերթափոխի, իսկ Կարենը զորամաս էր գնացել, վերակարգի օր էր։ Ես բուժկետում էի, երբ պատերազմը սկսվեց։ Առաջին զանգը Կարենից ստացա, ասաց՝ կռիվ է, չվախենաք, գնացեք Արամենց «պադվալ» ու երեխաներին պահեք ապահով վայրում: Դրանից հետո կապ հաստատել չի հաջողվել։ Ամբողջ գիշեր փորձել եմ՝ չի ստացվել։ Հազիվ Ստեփանակերտ խոսեցի Վահանի կնոջ հետ, ասաց՝ Վահանը եկել է վիրավոր վիճակում, փառք Աստծո, ողջ է»։ Իսկ հաջորդ օրը գյուղից վերև մի հատվածում ոչ բոլոր հեռախոսներով մեկընդմեջ կապ հաստատվում էր։

Ընկերներն ասացին՝ Կարենը  ողջ է, շուտով կիջնի դիրքերից։ Աշխարհն իմն էր դարձել, երբ իմացա, որ տղաներիս Աստված պահել է։ Մատաղ խոստացա»,-պատմում է Նաթելլա Մուսայելյանը։ 

Նրա որդիներն անցել են 2023 թվականի ռազմական օպերացիայի ողջ թոհ ու բոհով, փրկվել հրաշքով։ Վահանն առավել ևս, քանի որ բեկորային վիրավորում էր ստացել մարմնի տարբեր հատվածներում։ 

«2-ն էլ գյուղ եկան ամսի 22-ին։ Աքլոր մորթեցի, մատաղ բաժանեցի։ Հետո մեր կամքին հակառակ գյուղը սկսվեց տեղահանվել։ Մենք էլ մեր անձնական իրերը հավաքեցինք։ Մեր ամբողջ կյանքը աշխատել ենք, հալալ քրտինքով տուն դրել։ Հիմա մի փոքր մեքենայում պիտի տեղավորեինք մեր ունեցվածքը։ Վերցրել եմ նկարները, փաստաթղթերը, որոշակի հագուստեղեն, լիքը տնից՝ 4 փոքր ճամպրուկ։ Մոտ 2.5 լիտր բենզին կար մեքենայի մեջ, սեպտեմբերի 25-ին ճամփա ընկանք։ Անձրև էր գալիս։ Ստեփանակերտ տանող ճանապարհը խցանված էր, բոլորը տեղահանվում էին։ Եկանք մինչև «Ֆլեշ»-ի բենզալցակայան, ասում էին այնտեղ վառելիք են տալիս։ Սպասեցինք-սպասեցինք, տեսանք որ ուշանում է, չգիտեմ որտեղից տղաներիս ասացին, որ բենզին Հայկազովի պահեստում են տալիս։ Մեր մեքենայի վառելիքը վերջացել էր։ Վահանն ու Կարենը ոտքով գնացին այնտեղ, իսկ մենք մնացինք մեքենայի մեջ»,-արտասվում է 62-ամյա կինը։ 

Մայրն ասում է, որ մի ներքին անհանգստություն է ունեցել, մանավանդ սպասումներից։ Իսկ մյուս կողմից՝ եղանակային պայմանները՝ «ներդաշնակվել» են Արցախի կորստի տրամադրության հետ։ 

«Մեքենայի մեջ էինք, երբ զգացի շարժը շատացավ, «սկորիներն» էին իրար հետևից գնում, հետո «պաժարնի» մեքենաները։ Քաղաքացիներն էին վազում։ Դուրս եկա, 2 անծանոթ տղաներ էին գալիս, հարցրեցի՝ ի՞նչ է եղել, ասացին՝ չգիտե՞ք, պայթյուն է եղել, հիմա «պաժարա», շատ զոհեր կան ու վիրավորներ։ Կանգնել անձրևի տակ դողում էինք. մի կողմից մանկահասակ երեխաները, մյուս կողմից՝ հարսներս, չգիտեինք ինչ անել։ Մեզ հետ տղամարդ չկար, լրիվ անօգնական վիճակ էր»։

Նույն օրն ընտանիքի բարեկամը եկել ու Ստեփանակերտ է տեղափոխել ընտանիքին։ Տիկին Նաթելլան պատմում է, որ դրանից հետո սկսել է տղաների որոնումները։ 4 օր հարսների հետ նա եղել է հիվանդանոց-դիահերձարան-աղետի գոտի ճանապարհին։ 

«Սեպտեմբերի 30-ին վերջին ավտոբուսներով եկանք Հայաստան։ Նոյեմբերի 6-ին հաստատվեց Կարենի, իսկ 2 օր անց՝ Վահանի դիակի նույնականացումը։ Նոյեմբերի 12-ին փակ դագաղներով ինձ հանձնեցին որդիներիս։ Իրենք էին իմ ապավենն ու թևերը։ Իրենցից հետո արդեն 6 ամիս առանց թև եմ, առանց թիկունք։ Վահանս ու Կարենս անցել են պատերազմական ամենաբարդ փորձությունները, բայց կրակի բաժին դարձել։ Ոչ ոք հաշվի չի առել նրանց անցած ճանապարհը, զոհվածի կարգավիճակ չեն տվել։ Հուղարկավորել ենք Խարբերդի գերեզմանատանը»,- դառնությամբ նշում է երկու որդիներին կորցրած մայրը:

Նաթելլա Մուսայելյանին էլ ճակատագիրը չի խնայում, այլ սցենար է գրել. 2 որդիներին կորցրեց Արցախում, իսկ Հայաստանում նա միայնակ է պայքարում հիվանդության դեմ։ Առողջական խնդիրներ ունի։ Նրան օգնել են որդիների ընկերները, համագյուղացիները, բայց վիրահատության համար ևս 1 միլիոն 200 հազար դրամ է անհրաժեշտ. 
«Այս իրավիճակում էլ ես իմ մասին չեմ մտածում, այլ հարսիս, որ շուտով պիտի ծննդաբերի։ Գուցե փոքրիկն իր ծնունդով մի լույս կբերի՞»,-հավելում է մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան