Երևանի մետրոպոլիտենում ուզում են միանգամից ցատկել ապագա, փոխանակ նախ անկանխիկ վճարման համակարգ տեղադրեն

Երևանի մետրոպոլիտենում որոշել են ինչ-որ նորագույն տեխնոլոգիաներ ներմուծել, որ մարդիկ այսուհետ ավելի «քաղաքակիրթ» ձևով օգտվեն մետրոյից։ Ու դա որոշել են անել տոմսային համակարգը էլեկտրոնային կամ հավելվածով դարձնելու միջոցով։ Ինչ-որ սարքեր են տեղադրել, որոնք աշխատում են Tellcell հավելվածի միջոցով, որից ոչ բոլորն ունեն կամ ոչ բոլորն են տեղյակ դրանից, բայց նաև ժետոնի տեղ են թողել՝ ընդամենը մեկ անցման կետով, բայց որ մոտենում ես ժետոն գնելու, քեզ ինչ-որ թղթի կտոր են տալիս, վրան՝ QR կոդ, ու դա պետք է հետո մոտեցնես այդ «նորագույն» սարքավորմանը, փորձես գտնել դրա սքանավորման հատվածը, թե որտեղից է կարդում QR-ը, որ կարողանաս «ճտտացնել», որ արգելափակոցը բացվի՝ մտնես ներս։
Այսինքն՝ հա՛մ ժետոնի տեղ են թողել, հա՛մ ժետոնի փոխարեն թղթի կտոր են տալիս, որ իրենց նոր համակարգով մուտք գործես, հա՛մ էլ այդ սարքերը դրել են, որ մարդիկ այլևս դրամարկղ չմոտենան և ժետոն չգնեն, այլ հավելվածով նախապես վճարեն ու քարտով կամ հեռախոսով (հայտնի էլ չէ, թե ինչպես է այն աշխատում) «ճտտացնեն», անցնեն։ Մի խոսքով՝ իսկական Know -how են մտածել։
Բայց ամենազավեշտալին այստեղ այն է, որ տեխնոլոգիական վերջին ճիչերին տուրք տվող Երևանի մետրոպոլիտենը մինչ օրս հասարակ մի POS տերմինալ չունի, որ մարդիկ կարողանան քարտով վճարել և ժետոն գնել։ Այսինքն՝ այս կառավարությունը, որ ամեն քայլափոխի խրախուսում և պարտադրում է, որ մարդիկ անկանխիկ գործարքներ կատարեն, մետրոպոլիտենը, որը պետությունից ֆինանսավորում ստացող հիմնարկ է, մինչ օրս միայն կանխիկ է ժետոն վաճառում՝ անկանխիկի հնարավորություն չունի։ Այսինքն՝ դեռ մնացել է նախորդ դարում, փոխարենը որոշել են միանգամից ցատկեն դեպի ապագա և ինչ-որ անհասկանալի համակարգ ներդնեն, որից ոչ ոք գլուխ չի հանում, տարեցները՝ առավելևս, ու իրենք էլ մինչ այս պահը այդ համակարգը չեն կարողանում նորմալ աշխատեցնեն։
Ահավասիկ, երեկ մենք մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում այդպիսի մի փորձառություն ունեցանք, երբ մոտեցանք դրամարկղին՝ ժետոն գնելու, և մեզ վերը նշված այդ թղթի կտորը տվեցին։ Հետո դու պետք է այդ թղթի կտորը մոտեցնես իրենց տեղադրած այդ սարքին, գտնես այն լույսը, որի տակ պահելով՝ սարքը կկարդա QR կոդը, և կբացի մետրոյի դռները քո առաջ։ Իհարկե, այնտեղ մշտական աշխատակից կա, որը պատրաստակամ մոտենում է՝ քեզ օգնելու, որ կարողանաս հեշտ մուտք գործել մետրո, բայց անգամ այդ աշխատակցի մոտ լավ չէր ստացվում այդ QR-ը սքանավորել, քանի որ իրենց տեղադրած սարքը դժվարությամբ էր կարդում QR-ը։
Մի խոսքով՝ ապագայից եկած «նորագույն տեխնոլոգիաների» կիրառմամբ մտանք մետրո, հասանք «Սասունցի Դավիթ» կայարան, ու այնտեղից վերադառնալիս նորից հայտնվեցինք «նախնադարում»։ Մոտեցանք դրամարկղին, որ նորից այդ թղթի կտորը գնենք, նախ ցանկացանք քարտով վճարել, բայց ասացին՝ տերմինալ չունեն, միայն կանխիկ կարող են ստանալ։ Վճարեցի կանխիկ, ու այս անգամ ինձ տվեցին արդեն հին ու բարի ժետոնը, ու չհասկացանք՝ վերջը մետրոպոլիտենը ժետոններո՞վ է աշխատում, թե՞ QR կոդերով։ Եւ, վերջապես, լավ չի՞ լինի, որ նախ անկանխիկ վճարման համակարգ ներդնեն իրենց մոտ, հետո նոր ապագային միտված հայտնագործություններ անեն և ավելորդ բարդացնեն առանց այդ էլ Երևանի տրանսպորտի ձեռքը կրակն ընկած քաղաքացիների կյանքը։
Վահե Մակարյան