Այսինքն, եթե ես աշխատել եմ 50 տարի, պետք ա հաշվի առնեին, որ նախկին եմ, ու բան չտայի՞ն, հա՞․ Հակոբ Հակոբյան

Այսինքն, եթե ես աշխատել եմ 50 տարի, պետք ա հաշվի առնեին, որ նախկին եմ, ու բան չտայի՞ն, հա՞․ Հակոբ Հակոբյան

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության տոնին, նախագահականում, ինչպես ընդունված է, պարգևատրումներ եղան։ Պարգևատրվեցին, հիմնականում, ուժային կառույցների ներկայացուցիչներ, նաև շինարարներ, գործարարներ։ Այդ գործարարներից մեկն էլ «Կիլիկիա» գարեջրի գործարանի հիմնադիր Հակոբ Հակոբյանն է՝ «Կիլիկիայի Հակոբը», որը գործարար լինելուց բացի նաև հայտնի ՀՀԿ-ական է, ՀՀԿ խորհրդի անդամ, կարճ ասած՝ կարկառուն նախկին։ Բայց դա նրան չի խանգարել պարգևատրվել նախկինների դեմ պատերազմ մղող Փաշինյանի ու նրա մոտ նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանի կողմից։

MediaHub-ն այսօր հետաքրքրվեց Հակոբ Հակոբյանից, թե ինչի՞ համար է Հանրապետության նախագահը պարգևատրել իրեն։ Պարոն Հակոբյանը նախ նշեց, որ հեռախոսով որևէ հարցի չի ցանկանում պատասխանել՝ առաջարկելով հանդիպել ու տեղում բոլոր հարցերին պատասխանել, ապա, մի փոքր համոզելուց հետո, համաձայնեց կարճ մեկնաբանել։

-Պարո՛ն Հակոբյան, տեսանք, որ Վահագն Խաչատուրյանը Ձեզ պարգևատրել է, բայց նշված չէր, թե ինչի համար։

-Հիսուն տարի աշխատում եմ էս գործարանում, հիսուն տարիս լրացել էր, պարգևը ինձ տվել էին ապրիլի 15-ին, պետք է ստանայի մայիսի 28-ին, ես երկրում չէի՝ բուժման էի, դրա համար էդ օրը տվեցին։ Երկարատև աշխատանքի համար են տվել։ Էսքան բան, բավարարո՞ւմ է։ 

-Իսկ իրենք Ձեր կուսակցական պատկանելությունը, նախկին լինելը հաշվի չե՞ն առել, որ Ձեզ պարգև են տվել։

-Այսինքն, եթե ես աշխատել եմ 50 տարի, պետք ա հաշվի առնեին, որ նախկին եմ, ու բան չտայի՞ն, հա՞։

-Դե, այս իշխանությունները նախկինների հանդեպ հատուկ վերաբերմունք ունեն, իրենց տանում-նստեցնում են, սովորաբար, ոչ թե պարգևատրում։

-Ինձ, բոլոր դեպքերում, տվել են։ Ես բիզնեսում եմ զբաղվում միայն և միայն, իհարկե, Հանրապետական կուսակցության անդամ եմ նաև։

-Իսկ ՀՀԿ խորհրդի նիստերին մասնակցո՞ւմ եք։

-Եթե հրավիրում են, ու երկրում եմ լինում, անպայման մասնակցում եմ։ Ճիշտն ասած՝ հաճախակի եմ գնում բուժման, դրա համար այստեղ շատ չեմ լինում։

-Ձեզ առողջություն եմ մաղթում, իհարկե, բայց մի «վատ» հարց էլ տամ ու ավարտենք․ պատի՞վ է Ձեզ համար այս իշխանություններից պարգև ստանալը։

-Էդ, որ հանդիպենք, կասեմ։


Վահե Մակարյան