60 մարդ մնում է գործազուրկ, Փաշինյանին ու Ավանեսյանին «հետաքրքիր չէ»

60 մարդ մնում է գործազուրկ, Փաշինյանին ու Ավանեսյանին «հետաքրքիր չէ»

Երևանի միակ պետական ծննդատունը փակվում է, պատճառները և մեղավորները, ինչպես պնդում են աշխատակիցները, շատ են, սակայն ամենակարևորն այս պահին այն է, որ ավելի քան 60 մարդ մնում է գործազուրկ։

MediaHub-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի ողջ անձնակազմը բողոք–նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին: Նրանք խնդրում են, որ Փաշինյանը ընդունի անձնակազմին և զբաղվի ծննդատան հարցերով։ Պնդում են՝ տարիներ շարունակ կառավարիչները հասցրել են ծննդատունը նրան, որ այսօր այն փակեն: Եվ այս ամենում մեղադրում են նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և վերջինիս անվան հետ կապվող բիզնես շահը:

Այսօր MediaHub-ը կապ հաստատեց ծննդատան բժիշկների հետ, որոնք պետք է վաղը՝ սեպտեմբերի 24–ին, հավաքվեին Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով Փաշինյանի հետ հանդիպում։ Սակայն, Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Հետևապես ծրագրերը փոխվել են:

«Մենք իմացանք, որ Փաշինյանը երկրում չի լինելու, մեր նպատակն էր Փաշինյանի հետ հանդիպելը, այդ պատճառով անիմաստ ենք համարում Կառավարության շենքի մոտ հավաքվելը, ևս մեկ անգամ վաղը կգնանք քաղաքապետարան»,– MediaHub-ի հետ զրույցում նշեց «Քանաքեռ-Զեյթուն ծննդատան» բժիշկներից մեկը։ 

Բժիշկները անհանգստացած են և զայրացած, քանի որ պատասխանատուներից ոչ մի նորություն չկա, բողոք–նամակին չեն պատասխանել, և փաստացի, ծննդատան ապագան հետաքրքրում է միայն ծննդատան 60 աշխատակիցներին, որոնք մնացել են «դրսում», առանց աշխատանքի։ 

Ավելի վաղ MediaHub-ի հետ զրույցում բժիշկները նշել էին, որ ծննդատան հարցն ավելի խորքային է, քանի որ դրա հարևանությամբ, և այդ մասին նշվում է նաև բողոք–նամակում, գտնվում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի անվան հետ կապվող և հովանու ներքո գործող «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը», որտեղ էլ բացվելու է ծննդաբերական բաժանմունք։ Մեր զրուցակիցը նշեց՝ «բոլորին է հայտնի, որ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» Ավանեսյանի մոր անունով է»:

Հարցին, թե ինչո՞ւ չեն հավաքվում առողջապահության նախարարության մոտ, բժիշներից մեկը պատասխանեց․ «Ինչպես բոլորը որոշել են, այդպես էլ անում ենք, մեր հարցը ավելի շատ կախված է քաղաքապետարանից, իսկ առողջապահության նախարարը, իր հերթին, բողոք–նամակը ստացել է և ամենից էլ տեղյակ է»։

Ուշագրավ է այն, որ սեպտեմբերի 17-ին, աշխատակիցները հանդիպում են ունեցել Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի և տեղակալի հետ։ Հանդիպման ընթացքում աշխատակիցներին առաջարկվել է գտնել նոր աշխատանք, քանզի բժշկական հաստատությունը որպես ծննդատուն չի վերաբացվելու։ 

Եվ ահա, ինչպես նշեց  բժիշկներից մեկը, Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲ ընկերության թափուր հաստիքները համալրելու նպատակով աշխատանքի են հրավիրվում բժիշկներ ֆրանսերենի իմացությամբ՝ մանկաբարձ-գինեկոլոգ, սեքսոպաթոլոգ, ներզատաբան, անդրոլոգ, ուրոլոգ` Նիս քաղաքում վերապատրաստում անցնելու նպատակով:

«Ծննդական բաժանմունք չի լինելու, նոր հաստիքներ են բացել, ես էլ գիտեմ ֆրանսերեն, սակայն ես նեոնատոլոգ եմ՝ նորածնային բժիշկ եմ, բայց քանի որ ծնունդ չի լինելու, ծննդային բաժանմունք չի լինելու, իմ հաստիքը չկա այլևս»,– նշեց բժիշկը։

Հիշեցնենք, ավելի վաղ MediaHub-ի հետ զրույցում բողոք-նամակ գրած աշխատակիցներից նշել էին, որ ծննդատունն ունի «մի մեծ մեշոկ պարտքեր», այդ պարտքերը, ինչպես իրենց ասել են Երևանի քաղաքապետարանից, ոչ մեկին չեն կարող պարտադրել, որ տան։ Իր հերթին, ծննդատան աշխատակազմն ավելի քան 11 ամիս չի ստացել իրենց աշխաատավարձերը, ծննդատունն էլ օգոստոսից այլևս չի գործում։

Մարիաննա Արամյան