Անահիտ Ավանեսյանը մասնավոր ծննդատուն է բացում, ավելի քան 60 աշխատակից մնում է գործազուրկ

Երևանի միակ պետական ծննդատունը փակվում է, պատճառները և մեղավորները, ինչպես պնդում են աշխատակիցները, շատ են, սակայն ամենակարևորն այս պահին այն է, որ ավելի քան 60 մարդ մնում է գործազուրկ։
MediaHub-ն ավելի վաղ այսօր տեղեկացրեց, որ «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի ողջ անձնակազմը բողոք–նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին: Նրանք խնդրում են, որ Փաշինյանը ընդունի անձնակազմին և զբաղվի ծննդատան հարցերով։ Պնդում են՝ տարիներ շարունակ կառավարիչները հասցրել են ծննդատունը նրան, որ այսօր այն փակեն: Եվ այս ամենում մեղադրում են նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և վերջինիս անվան հետ կապվող բիզնես շահը:
MediaHub-ի հետ զրույցում բողոք-նամակ գրած ծննդատան բժիշկներից մեկը նշեց, որ ծննդատունն ունի «մի մեծ մեշոկ պարտքեր», այդ պարտքերը, ինչպես իրենց ասել են Երևանի քաղաքապետարանից, ոչ մեկին չեն կարող պարտադրել, որ տան։ Իր հերթին, է ծննդատան աշխատակազմն ավելի քան 11 ամիս չի ստացել իրենց աշխատավարձերը, ծննդատունն էլ օգոստոսից այլևս չի գործում։
Սակայն, պնդեց նա, այս հարցն ավելի խորքային է, քանի որ ծննդատան հարևանությամբ, և այդ մասին նշվում է նաև բողոք–նամակում, գտնվում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի անվան հետ կապվող և հովանու ներքո գործող «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը», որտեղ էլ բացվելու է ծննդաբերական բաժանմունք։ Մեր զրուցակիցը նշեց՝ «բոլորին է հայտնի, որ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» Ավանեսյանի մոր անունով է»:
Նախօրեին Երևանի քաղաքապետարանից աշխատակիցներին հայտնել են, որ իրենց ծննդատունը չի վերաբացվելու: Բժիշկները նշում են, որ հիվանդանոցի բազմաթիվ խնդիրներին լուծում տալու խնդրանքով դիմել են Առողջապահության նախարարություն, անձամբ նախարար Անահիտ Ավանեսյանին, սակայն, ոչ մեկ այդպես էլ չի զբաղվել եղած խնդիրներով։
«Ինձ միայն հետաքրքրում է, որ այսքան պարտք է հավաքվել տարիների ընթացքում, ո՞ւր էր պետությունը, ո՞ւր էր Առողջապահության նախարարույթունը, ո՞ւր էր նախարարը, ո՞ւր էր տեսչական մարմինը: Փաստորեն, Առողջապահության նախարարությունը կար միայն այն ժամանակ, երբ եկավ ասաց, որ չենք համապատասխանում (ծննդատունը- խմբ.), իսկ ո՞ւր էին մինչ այդ, այդքան նամակ ենք գրել նախարարություն, որ ամիսներով չենք ստանում աշխատավարձերը։ Ում դիմում ենք, միայն ասում են, որ՝ «վա՜յ, քիչ ծնունդ ունեք, բայց այսքան պարտք ունեք», բայց մեր ղեկավարությունն ամեն ինչ արել է, որ ծննդատանը ծնունդներ չլինեն, և ոչինչ չի արել, որ ծնունդների թիվը շատանա»,- նշեց «Քանաքեռ-Զեյթուն ծննդատան» գործազրկության շեմին հայտնված բուժաշխատողը։
Նրա խոսքով` արդարացի չէ, որ 60 մարդ մնում է գործազուրկ, արդյո՞ք ճիշտ է սա, և հենց այս հարցով էլ դիմել են Փաշինյանին, որ կարդա և ծանոթանա, ապա հանդիպի և լսի բժիշկներին։
«Եթե ինքն էլ որոշի, որ ճիշտ է՝ ի՞նչ ասեմ։ Մենք ուզում ենք ծննդատունն աշխատի, ծննդատունը եղել է 8–րդ հիվանդանոցի բաժանմունք, ապա անջատվել է, մենք մտածում էինք, որ քաղաքապետարանը կվերցնի և կրկին կդարձնի հիվանդանոցի բաժանմունք, քանի որ որպես հիվանդանոցի բաժանմունք այն կարող է գործել... բոլոր կետերը, որոնց հիման վրա Առողջապահության նախարարությունն ասում է, որ չենք համապատասխանում, լուծելի կետեր են՝ եթե միացնեն հիվանդանոցին որպես բաժանմունք»,– շեշտեց մեր զրուցակիցը։
Ապա հավելեց․ «Երբ մեր համբերության բաժակը լցվեց, մենք աղմուկով դուրս եկանք, քաղաքապետարանն աջակցեց մեզ, բայց հետո պարզվեց, որ դեռ 2022թ․–ին պայմանագիրը խզել է և ուզում է ծննդատունը հետ վերցնի, հետ վերցրեցին էլի այն նպատակով, որ աշխատի որպես ծննդատուն։ Սակայն, պարտքերը շատ–շատ են, ու ո՛չ միայն մեր չստացած աշխատավարձերը։ Երբ մարտ ամսին աղմուկը բարձացավ, մենք ինչքան կառույց կա դիմել ենք՝ և՛ նախարարություն, և՛ անգամ ԱԱԾ, բայց բոլոր հիմնարկներից ստացել ենք պատասխան՝ «ձեր հիմնարկը մեր իրավասության տակ չէ»: Ու հայտնվեցինք կոտրած տաշտակի մոտ»։
Նշենք, որ նախօրեին՝ սեպտեմբերի 17-ին, աշխատակիցները հանդիպում են ունեցել Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի և տեղակալի հետ։ Հանդիպման ընթացքում աշխատակիցներին առաջարկվել է գտնել նոր աշխատանք, քանզի բժշկական հաստատությունը որպես ծննդատուն չի վերաբացվելու...
Մարիաննա Արամյան