ԿՀՎ փոխտնօրենի որդին uպանվել է ռուս-ուկրաինական մարտերում․ պաշտոնապես հաստատվել է

Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության թվային նորարարությունների գծով փոխտնօրեն Ջուլիան Գալինայի որդին՝ 21-ամյա Մայքլ Գլոսը, սպանվել է Ուկրաինայի մարտական գոտում, հաղորդել է NBC-ն՝ հղում անելով գործակալության խոսնակին։
Այս մասին երեկ արդեն մամուլում հայտնի էր դարձել, սակայն պաշտոնական հաստատում չէր եղել։
«[Գալինան և նրա ընտանիքը] 2024 թվականի գարնանը անհավանական անձնական ողբերգություն ապրեցին, երբ նրա որդին՝ Մայքլ Գլոսը, որը տառապում էր հոգեկան հիվանդությամբ, մահացավ Ուկրաինայում մարտնչելիս», - ասել է խոսնակը։
Գերատեսչությունը հավելել է, որ Գլոսի մահը համարում են նրա ընտանիքի անձնական գործ, այլ ոչ թե ազգային անվտանգության հարց։
ԿՀՎ-ն չի մանրամասնել, թե Գլոսը որ կողմից է կռվել։ NBC-ի տվյալներով՝ անցյալ տարի երիտասարդի ընտանիքը մահախոսական էր հրապարակել, որում նշվում էր, որ նա մահացել է «Արևելյան Եվրոպայում ճանապարհորդելիս»։ Այնտեղ ոչ մի հիշատակում չի եղել Ռուսաստանի կամ Ուկրաինայում ընթացող մարտական գործողությունների մասին։
Մայքլ Գլոսի հայրը՝ Լարի Գլոսը, ով Իրաքի պատերազմի վետերան է և «Անապատային փոթորիկ» գործողության մասնակից, «The Washington Post»-ին ասել է, որ իրենց որդին կռվել է ռուսական կողմից և զոհվել է ԴԺՀ-ում, ինչի մասին ընտանիքը իմացել է Պետդեպարտամենտի հյուպատոսական աշխատակցից։ «Մեզ համար բացարձակ նորություն էր, որ նա ներգրավված էր Ռուսաստանի հետ որևէ ռազմական գործարքի մեջ», - ասել է նա։ Ռուսական կողմի կողմից տրված մահվան վկայականը մեջբերելով՝ Գլոս Ավագը նշել է, որ իր որդին մահացել է 2024 թվականի ապրիլի 4-ին՝ հրետանային կրակոցների հետևանքով «արյան մեծ կորստից»։ «Նա մահացել է՝ վիրավոր ընկերոջը օգնելու, նրան պաշտպանելու փորձ կատարելիս»։
Լարի Գլոսը հաստատել է, որ իր որդին կյանքի մեծ մասի ընթացքում պայքարել է հոգեկան հիվանդության դեմ։ Մի քանի տարի առաջ Գլոս կրտսերը դադարել է դեղորայք ընդունել, և նրա վարքագիծը դարձել է ավելի անկանխատեսելի, գրել է WP-ն։ 2023 թվականի հունվարին երիտասարդը որոշեց ճանապարհորդության մեկնել. սկզբում նա գնացել է Իտալիա, ապա Թուրքիա, այնտեղից՝ Վրաստան և, ի վերջո, հայտնվել է Ռուսաստանում։ NBC-ն նշել է, որ Գլոսը էջ է ունեցել VKontakte սոցիալական ցանցում, որտեղ հրապարակել է Կարմիր հրապարակում արված իր լուսանկարը, Ուկրաինայում մարտական գործողությունների լուսաբանումը անվանել «արևմտյան քարոզչություն» և հանդես եկել Ռուսաստանի աջակցությամբ։
2023 թվականի սեպտեմբերին Գլոսը ծնողներին ասել է, որ ցանկանում է որոշ ժամանակ մնալ երկրում։ Նույն ամսին, առանց նրանց տեղեկացնելու, նա միացավ ռուսական բանակին։ Ծնողներին հաջողվել է հետևել ամերիկացու iPhone-ին, տվյալները ցույց են տվել, որ այդ պահին նա Մոսկվայի մարզի կրթական կենտրոններից մեկում է, սակայն Գլոսն ինքը հերքել է դա։ Նա մարտական գործողությունների գոտի է մեկնել դեկտեմբերին։
«Սա պարզապես հսկայական ողբերգություն է ծնողների համար», - WP-ին ասել է ԿՀՎ նախկին ավագ սպա Ռալֆ Գոֆը, որը պատասխանատու է Եվրոպայում գործողությունների համար։ Նրա խոսքով՝ մի քանի հազար ամերիկացիներ մեկնել են մարտական գոտի՝ Կիեւի կողմից կռվելու։ Ոմանք շուտով կհեռանան, բայց մնում են 2000-3000 մարդ, ասել է Գոֆը՝ հավելելով, որ սա իր գնահատականն է, և պաշտոնական տվյալներ չկան։
Ջուլիան Գալինան ԿՀՎ-ի փոխտնօրեն է դարձել 2024 թվականին, իսկ դրանից առաջ նա աշխատել է որպես IBM-ի թոփ մենեջեր և ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում։