Ադրբեջանի ագրեսիայի պատճառով հետաձգված «Սևազգեստ կանայք» վերադառնում են մեծ էկրան

Ադրբեջանի ագրեսիայի պատճառով հետաձգված «Սևազգեստ կանայք» վերադառնում են մեծ էկրան

Սեպտեմբերի 15-ից մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Սևազգեստ կանայք» կատակերգությունը, որը պրեմիերան մեծ էկրանին դեռ անցած տարի սեպտեմբերին պետք է լիներ։ Սակայն Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան ՀՀ նկատմամբ, որն ավելի քան 220 զինծառայողի կյանք խլեց, ստիպեց հեղինակներին հետաձգել ցուցադրությունը:

Արդյոք այսօր, հաշվի առնելով Արցախում առկա զարգացումներն ու հումանիտար ճգնաժամը, հայկական արտադրության ֆիլմի պրեմիերան չի ենթարկվի քննադատության:

Դերասան Գրիգոր Դանիելյանը, որը խաղում է ֆիլմում, MediaHub-ի հետ զրույցում խոսեց ֆիլմի պրեմիերայի մասին.  

«Ֆիլմի պրեմիերան 2022թ-ին հետաձգվեց սահմանին լարված իրավիճակի պատճառով. այդ դժվար պահին ֆիլմի թողարկումը միանշանակ չէր կարող կայանալ։ Որոշում կայացվեց ֆիլմի պրեմիերան անել մեկ տարի անց, իսկ ֆիլմը նկարահանվել է դեռ 2021թ-ին»,- պատմեց նա։ 

Նա նշեց, որ ֆիլմը կատակերգական ժանրի է, ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը կատարել է հիանալի աշխատանք, ինչը կարելի է հասկանալ արդեն միայն անոնսը դիտելիս։ 

«Սևազգեստ կանայք» ֆիլմի իրադարձությունները զարգանում են մի տղամարդու հոգեհանգստի ժամանակ, որին ներկայանում են նաև հանգուցյալ տղամարդու սիրուհիները։

Ընտանիքի անդամներն, իմանալով սիրուհիների գոյության մասին, բնականաբար անակնկալի են գալիս, իսկ կանանցից յուրաքանչյուրը շոկ է ապրում՝ բացահայտելով, որ ինքը միակը չի եղել։ Սյուժեի ամենահետաքրքիր կետերից է նաև հանգուցյալի կտակը, որն էլ դառնում է այս սև կատակերգության հիմնական հիմքը։ 

«Որպես ֆիլմում ներգրավված դերասան, կարող եմ ասել, որ առաջնային ինձ համար սցենարն է, որը շատ ստացված և ինտրիգային է: Կարծում եմ, որ ֆիլմը մեծ հաջողություն կունենա»,- եզրափակեց Դանիելյանը։

Մարիա Զարգարյան