ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընտրած հումանիստական կարգախոսն անուժ է, քանի որ Ադրբեջանն անկաշկանդ ոչնչացնում է Արցախի հուշարձանները

Այսօր հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրն է: Միջազգային հանրության այս տարվա ընտրած կարգախոսն է՝ «Ժառանգությունը՝ ճգնաժամերի և հակամարտությունների թիրախում»:
«Այս կարգախոսն ամբողջությամբ համահունչ է հայկական մշակույթի արցախյան հատվածին, որը լինելով Ադրբեջանի կողմից բռնազավթման մեջ, գտնվում է ամենօրյա ոչնչացման վտանգի տակ։
Սակայն, ցավալին այն է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նման կարգախոսներ է ընդունում, այդուհանդերձ անզոր է, անուժ է հենց իր կարգախոսին համահունչ գործելու, որովհետև քանիցս դիմել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին Արցախի հուշարձանների պաշտպանության հարցով՝ մինչ օրս զրո արձագանք ենք ստացել։ Ադրբեջանն անկաշկանդ ավիրում է պատմամշակութային հուշարձանները, վերացնում հայկական հետքը, քանդում է մարդկանց տները։ Ջնջում են, որ ասեն՝ «հայեր այստեղ չեն եղել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված «Ժառանգությունը՝ ճգնաժամերի և հակամարտությունների թիրախում» թեման, թվում է թե բարձր հումանիստական ու մշակութապահպան կարգախոս է, սակայն, ընդամենը թվում է, քանի որ Ադրբեջանի բռնազավթման տակ մնացած շուրջ 6000 պատմամշակութային հուշարձան այսօր գտնվում են անմիջական ոչնչացման, այլափոխման և ինքնության աղավաղման վտանգի տակ:
«Այդուհանդերձ, ուզում եմ մաղթել, որ հուշարձաններն աշխարհում պաշտպանված լինեն, իսկ մենք ավելի ուժգին լծվենք պայքարի մեր ժառանգությանը տեղում՝ Արցախում, տիրություն անելու ու պահպանելու համար»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Հունան Թադևոսյան