Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Տուֆին ձեռք տալը բարբարոսություն է. Վիկտոր Մնացականյանը՝ «street art»-ի մասին

Blog Image

Վերջին շրջանում վարդագույն Երևանը նոր գույներ է ստանում. մայրաքաղաքի սրտում գտնվող մի շարք հասցեներում շենքերի պատերը գունազարդ, տարատեսակ, ոմանց համար գեղեցիկ, ոմանց համար էլ անճաշակ նկարներով են զարդարվում։ Եթե երիտասարդները մեծ ոգևորությամբ են ընդունում այս ամենը, ապա ավելի մեծերը, որոնք հնարավորություն են ունեցել վայելելու բառիս բուն իմաստով վարդագույն Երևանը, որոշակի վերապահումներ ունեն. չեն ուզում մեր մշակույթի ամենաամուր մասնիկներից մեկը՝ տուֆը, նման ձևով աղավաղվի։

«Քաղաքը գլխավոր ճարտարապետ, նկարիչ ու դիզայներ պիտի ունենա, որ այս ամենը ճիշտ համակարգվի»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, ուրբանիստ Վիկտոր Մնացականյանը։  

 

Նրա խոսքով, այնուամենայնիվ, տուֆի վրա նկարելը հանցագործություն է, անթույլատրելի։

«Բացի այդ, չի կարող ուղղակի մեկ անձ որոշել Երևանի պատմամշակութային շենքերի վրա նման նկարչություն անելու թույլտվություն տալ։ Դա պետք է անի քաղաքի գլխավոր նկարիչը, երբ լինի գլխավոր դիզայների ու գլխավոր ճարտարապետի կարծիքը։ Ընդհանրապես, տուֆին ձեռք տալը բարբարոսություն է։ Այդ ամենը պետք է լինի միայն սվաղի վրա»,- նկատեց Մնացականյանը։

 

Ըստ նրա՝ տուֆի վրա արված նկարներն առավելագույնը հինգ տարի կարող են ապրել, իսկ սվաղի վրա՝ շատ ավելի երկար։

«Եթե չեմ սխալվում, Երևանում առաջին «սթրիթ արթ» անելու իրավունքը ես եմ տվել, դա եղել է Մաշտոցի 37 հասցեում, բայց դա եղել է սվաղի վրա։ Իսկ հիմա, երբ Երևանը չունի հատուկ այս մասնագետներին, որոնք պետք է որոշեն՝ ինչ ու ինչպես անել, ցանկացած պաշտոնյա կարող է իր ամբիցիաներին տուրք տալով որոշել ու ինչ-որ շենքեր իր ուզած ձևով նկարազարդել։ Իսկ իրականում պետք է ամեն ինչ հստակ մշակված լինի՝ տեղանքից սկսած պետք է ամեն բան որոշված լինի մասնագետի կողմից։ Ու այդ բաները պետք է լինի օրենքով կարգավորված»,- նկատեց Մնացականյանը։

Իսկ Երևանում այդ ամենն արվում է «տնավարի»։ Դրանից խուսափելու ամենագրագետ ու կարճ ճանապարհը գեղագիտական խորհուրդ ստեղծելն է, որպեսզի ամեն ինչ արվի ճիշտ ու որակով։

Նարե Գնունի

Send