Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Իհարկե չենք հանելու «Արարատ» սիգարետը, «Արագած» թողարկելը դրա հետ կապ չունի․ «Գրանդ տոբակո» ՍՊԸ տնօրեն

Blog Image

Հայաստանի ամենախոշոր ծխախոտ արտադրող ընկերությունը՝ «Գրանդ տոբակո»-ն, որ թողարկում է «Արարատ» անվանումով ծխախոտատեսակը, այժմ սկսել է արտադրել նաև «Արագած» անվանումով սիգարետ։ Այս հանգամանքն ուշագրավ է հատկապես վերջին օրերին իշխանությունների կողմից Արարատ լեռան նկատմամբ տարվող հակաքարոզչության ֆոնին, երբ պարզ դարձավ, որ կառավարությունը որոշել է Արարատ լեռան պատկերը հանել սահմանային կնիքների վրայից, որովհետև «Արարատը մեր լեռը չէ, ուրիշինն է»։ 

Ու հիմա, երբ տեսնում ենք, որ «Գրանդ տոբակո»-ն էլ հենց այս շրջանում որոշել է «Արագած» անունով ծխախոտ թողարկել, կարելի է կարծել, թե  «Արարատ» անվանումով ծխախոտը, որն, ի դեպ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրած սիգարետն է, շուտով դուրս կգա արտադրությունից՝ իր տեղը զիջելով «Արագածին»։ 

 

MediaHub-ն այս հարցով դիմեց «Գրանդ տոբակո» ՍՊԸ գործադիր տնօրեն Սամվել Սահակյանին՝ պարզելու, թե արդյոք սկսել են «Արագած» անունով սիգարետ թողարկել, որ փոխարինեն «Արարատ»-ին, և կարո՞ղ է կառավարությունից պարտադրել են՝ հրաժարվել «Արարատ» անվանումով ծխախոտից։

«Ոչ, դրանք տարբեր անվանումներ են, իհարկե, ոչ, «Արագած» և «Արարատ» անվանումով ծխախոտներ դեռ Սովետական Միության ժամանակ էլ է եղել՝ «Հայծխախոտն» էր արտադրում, էնպես որ, կապ չունի դրա հետ»,- ասաց պարոն Սահակյանը։

 

-Պարզապես վերջին շրջանում իշխանական քարոզչությունը տանում է նրան, որ Արագածը մեր սարն է, իսկ Արարատը մերը չի, ու Արարատի պատկերը հանում են կնիքների վրայից և որտեղից՝ հնարավոր է, դրա համար հետաքրքիր էր՝ դո՞ւք էլ եք ուզում հանել Արարատը արտադրանքի վրայից։

-Չէ, բացառվում է դա, իհարկե չենք հանելու, ո՞նց կարող է մենք հանենք Արարատը։

-Դե, կառավարությունն ինչպե՞ս է հանում կնիքների վրայից, նույն կերպ էլ դուք կարող եք հանել։

-Դե, մենք կառավարություն չենք, մերը բիզնես է։

-Այսինքն՝ «Արարատ» անունով ծխախոտը պահպանվելու է և շարունակելո՞ւ է արտադրվել։

-Անպայման, դրա մասին խոսք չկա։ 

-Իսկ եթե կառավարությունից նման մեսիջ լինի կամ պայման, պարտադրանք, որ պետք է հանեք Արարատը ձեր արտադրանքի վրայից, ինչպե՞ս կվարվեք։

-Չէ, կառավարությունից նման մեսիջ չի կարա լինի, ո՞նց կարող է կառավարությունը բիզնեսին խառնվել, ասել՝ էսպես պիտի անել կամ էնպես։ Դա բացառվում է։

-Ի դեպ, «Գրանդ տոբակո»-ն դատական գործ ուներ նաև «Ֆիլիպ մորրիսի» հետ հենց Արարատ լեռան պատկերով տարբերանշանի հետ կապված, որը դուք հաղթել եք, ճի՞շտ է։

-Այո, բայց դա դիզայնի հետ էր կապված, բայց հիմա էդ զգուշացնող նկարները, որ մտցրել են սիգարետների վրա, ամեն ինչ խառնվել է իրար։ Բայց էդ մասին, ինչ Դուք ասում եք, մոռացեք, էդպիսի բան չկա, «Արագածը» կապ չունի «Արարատ» ծխախոտի հետ, «Արարատով» մենք աշխատել ենք ու պետք է աշխատենք անպայման, դրա մասին խոսք չկա։

-Իսկ եթե կառավարությունը, ամեն դեպքում, ինչ-որ բան պարտադրի ձեզ այդ հարցում, ի՞նչ կանեք։

-Բացառվում է, էդպիսի բան հնարավոր չէ, ո՞նց կարող է էդպիսի բան լինել։

-Չգիտեմ՝ ինչ վստահությամբ եք ասում, որ բացառվում է, որովհետև մենք տեսնում ենք, որ բոլոր անհավանական բաները այս կառավարության օրոք դառնում են հավանական։

-Չէ, տեսեք, էն, ինչ պետական մոտեցում է, դա՝ ուրիշ բան, բայց սա մասնավոր բիզնես է, էս ապրանքային նշանը մերն է, ոչ ոք չի կարող, դա նշանակում է ունեցվածքը խլել, որը, ասենք, չի կարող էդպիսի լինել։

-Բայց դա էլ տեսանք, չէ՞, որ լինում է, օրինակ՝ ՀԷՑ-ը խլեցին «Տաշիր գրուպ»-ից, ի՞նչ իմանանք՝ ձեր մասով ինչ կլինի մի օր։

-Դե, հիմա, դա դեռ դժվար է ասել՝ խլոցի է, հո սեփականատերը չի՞ փոխվել։

-Էսպես, որ գնա, մի օր գուցե սեփականատերն էլ փոխվի, վախենում եք՝ չփոխե՞ն։

-Եթե մտածենք՝ մի օր ինչ կլինի, չգիտենք՝ մի օր մենք կլինե՞նք, թե՞ չենք լինի։

Վահե Մակարյան

Send