Երկակի ստանդարտնե՞ր. ինչո՞ւ են արգելում արցախցիների մուտքը Չեխիա

Բռնի տեղահանությունից հետո արցախցիները, սոցիալական խնդիրներին զուգահեռ, բախվում են նաև հոգեբանական ծանր խնդիրների։ Ընդ որում՝ պետական մակարդակով տարվող խտրական վերաբերմունքն ու հաճախակի թիրախավորումները խորը հիասթափություն են առաջացրել բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում։
Հոգեբանական այդ ծանր խնդիրներից մեկը կապված է անձնագրերի, քաղաքացիության 070 ծածկագրի հետ։ MediaHub-ի զրուցակիցը արցախցի Դավիթ Մինասյանն է։
«Հայաստանում Եվրամիության երկրներից մեկի դեսպանությունն 5 ամիս սպասելուց հետո ինձ վերջապես շենգեն վիզա տրամադրեց` մուլտի վիզա 6 ամսով, բայց դեսպանատանն ինձ զգուշացրեցին, որ շենգեն գոտու բոլոր երկրներում կարող եմ ճամփորդել, բացառությամբ` Չեխիայի։ Ասացին, քանի որ իմ անձնագիրը 070 կոդով է, այն ինձ տրամադրել են Արցախում, Չեխիա չեմ կարող գնալ, Չեխիան չի ճանաչում 070 կոդով ԼՂ անձնագրերը»,- նշեց Դավիթը։
Նա չի էլ պլանավորել Չեխիա այցելել, ճամփորդության առաջնային երկրները Դավթի համար՝ Ֆրանսիան, Հունաստանը, Բելգիան և Նիդերլանդներն են։ Բայց արցախցիների անձնագրերը չընդունելը նա համարում է խտրական մոտեցում։
«Ստացվում է, որ ժողովրդավարությունից խոսող, Ռուսաստանին ագրեսոր համարող եվրոպական այդ երկիրը երկակի ստանդարտներ է կիրառում։ Անընդհատ ու ամենուր խոսում են ուկրաինացիների շահերից, նրանց խախտված իրավունքներից։ Ու լավ կլինի Հայաստանում Չեխիայի դեսպան Պյոտր Պիրունչիկն ասի, թե ինչո՞ւ են արգելում արցախցիների մուտքը Չեխիա»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Դավիթի տեղեկություններով՝ մի խումբ արցախցիներ, որոնց մուտքն այդ երկիր արգելվել է, այս հարցով դիմել են Չեխիայի դեսպանատուն` ակնկալելով կառուցողական պատասխան, որը դեռևս չեն ստացել։
Հունան Թադևոսյան