Չորս տարի առաջ այս օրը Փաշինյանի հրաժարականը պահանջած գեներալիտետն «այլևս քաղաքականությամբ չի զբաղվում»

Չորս տարի առաջ այս օրը Փաշինյանի հրաժարականը պահանջած գեներալիտետն «այլևս քաղաքականությամբ չի զբաղվում»

Չորս տարի առաջ այս օրը՝ 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը «տանկը խոդեց», որ ՊՆ-ից իջնի կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։

Բայց ճանապարհի կեսից Օնիկի տանկը «փչացավ», և նա որոշեց Նիկոլին հեռացնելու փոխարեն տաքսի կանչել, թղթերը դնել թևի տակ և գնալ վարչական դատարան՝ վիճարկելու իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշումը։

Սա՝ կարճ և պատկերավոր նկարագրությունն էր այդ օրվա, որի տակ, իրականում, ընդամենը ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավարության տարածած հայտարարությունն էր, որով նրանք պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 

«․․․ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները: ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»,- ասված էր ԶՈՒ ԳՇ տարածած հայտարարության մեջ, որի տակ ստորագրել էին ՀՀ Զինված ուժերի ամբողջ ղեկավար կազմը՝ իր գեներալիտետով։

Այդ օրը կառավարության նիստ էր, և երբ այս հայտարարությունը տարածվեց, ԱԺ պատգամավորները՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, խուճապահար եկան կառավարություն՝ խորհրդակցության։ Նրանք իսկապես հասկացել էին, որ գլխավոր շտաբի խրոխտ գեներալները՝ ամենահզոր Օնիկ Գասպարյանի առաջնորդությամբ, շուտով տանկերը «խոդելու» էին և զորքով իջնեին կառավարություն՝ Փաշինյանին ուժով իր կաբինետից վռնդելու։ Որոշ ժամանակ անց արդեն Նիկոլ Փաշինյանը կոչ արեց իր համակիրներին՝ դուրս գալ փողոց և պաշտպանել հեղափոխությունը, իսկ իրականում՝ իրեն ու իր աթոռը։ Իրավիճակը գնալով լարվում էր, և հանկարծ Փաշինյանը որոշեց թիկնազորով շրջապատված իջնել փողոց ու կանգնել իր հրավիրած «ժողովրդի» կողքին և Օնիկ Գասպարյանի և ԶՈւ գեներալիտետի առերևույթ տանկերի դիմաց։

Բայց տանկեր այդպես էլ չհայտնվեցին Հանրապետության հրապարակում, Օնիկ Գասպարյանի ու մյուսների գործողություններն այդպես էլ հայտարարությունից այն կողմ չանցան, ասում են՝ օտար երկրների հատուկ ծառայությունների պահանջով, իսկ որոշ ժամանակ անց, երբ կրքերը հանդարտվեցին, այդ նույն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող գեներալներից շատերը, շարունակեցին պաշտոնավարել Փաշինյանի ու նրա նշանակած նախարար Սուրեն Պապիկյանի ենթակայության տակ, և սկսեցին խելոք, գլուխները կախ՝  դիմավորել Փաշինյանին, «խոնարհ հարսի պես» պատվի առնել, կատարել նրա հանձնարարականներն ու զեկուցել «մեծարգո վարչապետին»։

MediaHub-ը փորձեց կապ հաստատել հայտարարության տակ ստորագրած գեներալներից ում հետ հնարավոր է՝ հասկանալու, թե չորս տարի անց ի՞նչ է փոխվել նրանց դիրքորոշումներում, և շարունակո՞ւմ են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թե՞ «թարգել են» քաղաքականությամբ զբաղվելը։

Նրանցից մեկ-երկուսի հետ մեզ հաջողվեց մի երկու բառ խոսել, ու պարզվեց՝ նրանք կամ խառն են ու չեն կարող խոսել, կամ այլևս քաղաքականությամբ չեն զբաղվում։

Օրինակ՝  չորս տարի առաջ Փաշինյանի հրաժարականը պահանջած ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, լսելով մեր հարցը, կեսից ընդհատեց՝ նշելով․ «Ես էստեղ չեմ, էլի, Վահե ջան, Հայաստանում եմ, բայց ուրիշ տեղ եմ, էլի, մի քիչ արարողության մեջ ենք, չեմ կարա խոսեմ»։

Մեզ հաջողվեց խոսել նաև Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի հետ։

Նա նախ հետաքրքրվեց, թե ի՞նչ խնդիր կա, ինչո՞ւ ենք զանգահարել։ Երբ շարադրեցինք հարցը, միանգամից վրա բերեց․ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, տղա ջան, Դուք զբաղվեք Ձեր գործով, խնդրում եմ»։

Իսկ այն ժամանակ զբաղվո՞ւմ էր քաղաքականությամբ, երբ պահանջում էր Փաշինյանի հրաժարականը, հարցրինք նրան։

«Ոչ էլ էն ժամանակ եմ զբաղվել, արի ինձ հարցեր մի տուր, ես հիմա զբաղված եմ, ցավդ տանեմ, լավ եղիր, խնդրում եմ․ հաջողություն»,- քաղաքավարի պատասխանեց գեներալ Փարվանյանն ու անջատեց հեռախոսը։

ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյանն էլ, լսելով մեր հարցը, թե չորս տարի անց՝ շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, պատասխանեց․ «Կներեք, հարցը տեղին չի, ու հարցին էլ պատասխանելու բան չունեմ ես։ Հաջողություն»։

Զանգահարեցինք նաև Օնիկ Գասպարյանին, բայց նա մեր զանգերն անպատասխան թողեց։ 

Փաշինյանի հրաժարականի տեքստի տակ ստորագրած մյուս գեներալներին այլևս հարկ չհամարեցինք զանգահարել, որովհետև մեծ մասը, վստահ ենք, իրենց գեներալական ուսադիրներին ոչ հարիր խուսափողական և վախվորած պատասխաններ էին տալու, էլ չենք ասում, որ մի մասը այս պահին շարունակում է ծառայել Զինված ուժերում՝ հընթացս ծառայելով նաև Նիկոլ Փաշինյանին, օրինակ՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, «Ջերմուկ ներխուժած ադրբեջանցիներին սոված թողած» Էդվարդ Ասրյանը, որը չորս տարի առաջ այս օրը ընդամենը ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետն էր, իսկ, օրինակ, այդ օրերին ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն էլ, որը չի վախենում խոսել Փաշինյանի դեմ ու քննադատել նրան, այս պահին դատվում է և տնային կալանքի մեջ է։  

Վահե Մակարյան