Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առիթը բաց չի թողնում Հայաստանի դեմ հոխորտալու՝ նոր տարածքներ գրավելու, Ադրբեջանի ռազմական կարողությունների, տարածաշրջանում հարցեր լուծելու մասին։ Թիկունքում զգալով Թուրքիայի աջակցությունը, նա օկուպացված Արցախում խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։
Ալիևներն այս անգամ օկուպացված Արցախի տարածք են այցելել Հաղթանակի զբոսայգու հիմնարկեքին մասնակցելու համար, որը կառուցվում է արդեն իսկ հիմնահատակ ավերված, հողին հավասարեցված Թումանյան թաղամասի տեղանքում։
«Կարևորագույն ուղերձները Իլհամ Ալիևը փոխանցում է օկուպացված Ստեփանակերտից։ Նա նշել է, որ իրենք չեն մոռացել և չեն մոռանա Զանգեզուրը, բայցև տարածքային պահանջ չունեն Հայաստանի նկատմամբ, ընդգծելով, որ Երևանը պետք է կատարի ստանձնած պարտավորությունները՝ ապահովելով Ադրբեջանից Ադրբեջան (Նախիջևան) անարգել անցումը՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների։ Սա նշանակում է, որ Ալիևը ևս առաջնորդվում է պոպուլիզմի գաղափարախոսությամբ։ Այսինքն, մի կողմից հայտարարում է, թե տարածքային պահանջներ չունի, մյուս կողմից խոսում է Ադրբեջանը՝ Նախիջևանին կապող անխոչնդոտ ճանապարհի մասին»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է իրավաբան Ինգա Բալայանը։
Նրա խոսքով՝ մեր տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղություն չի լինելու, քանի դեռ Ադրբեջանի ցանկությունները զսպողներ չկան, իսկ Հայաստանը ղեկավարվում է այնպիսի իշխանության կողմից, որը լեգիտիմացնում է Ադրբեջանի ցանկացած հակահայ քայլ։
«Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության քարոզն ու ՀՀ-ի նկատմամբ տարածքային հավակնություններն արտացոլված են ամենուրեք՝ դպրոցական դասագրքերից մինչև մշակույթի ու սպորտի ոլորտներ։ Խաղաղության ձգտող երկիրը պետական լրատվամիջոցներով չէր ներկայացնի իրենց նոր արտադրած «Զանգեզուր» կոչվող անօդաչու թռչող սարքը։ 44-օրյա պատերազմի ժամանակ ԱԹՍ-ները նրանք կոչում էին "Iti qovan", այսինքն՝ «շուն քշող»։ «Շուն» ասելով նրանք նկատի ունեն հայերին»,-հավելեց իրավաբանը։
Որքան էլ ադրբեջանական քարոզչամեքենան Սյունիքը ներկայացնի իբրև Արևմտյան Ադրբեջանի մաս, նշենք, որ «Զանգեզուր»-ը հայկական ծագման բառ է։ Տեղանունն արտացոլում է Ձագէձոր/Ձագաձոր անվան փոխակերպված ձևը։
Հունան Թադևոսյան