Ալիևի խոսնակները

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն է, ով Փաշինյանի օրինակով, գեներացնում է ադրբեջանական թեզեր:
Ի՞նչ է ասել Սանոսյանը
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն անկլավների մասին հարցին արձագանքել է՝ լուծման երկու տարբերակ կա՝ կա՛մ պահպանվում է առկա իրավիճակը, կա՛մ փոխանակում է տեղի ունենում։
Երևանը նշում է, որ վիճահարույց այդ տարածքների ճակատագիրը կորոշվի սահմանազատման աշխատանքների շրջանակում, մինչդեռ Բաքվում հստակ պահանջում են «ութ գյուղերի վերադարձը»:
«Կարմիր գծերի» բացակայություն
Գնել Սանոսյանն, ըստ էության, չի բացառել անկլավների վերադարձը, սակայն հանգիստ կարող է ասել, որ կրկնել է Փաշինյանի ասածը:
Այստեղ հարցը հենց դա է, որ ՔՊ վերնախավը՝ իշխանության դիրքորոշում մշակելու փոխարեն, անգիր արած կրկնում է թեզեր, որոնք Բաքվի պասով մեր քաղաքական իրականություն բերում է Փաշինյանը:
Մյուս կողմից, ո՞վ է խնդրել Տարածքային կառավարման նախարարին դուրս գալ իր ոլորտի հարցերից և անդրադառնալ թեմաների, որոնցով ի պաշտոնե զբաղվում են ԱԳ նախարարը, ԱԽ քարտուղարը:
Ենթադրում ենք, որ Սանոսյանը «ծառայություն» է կատարում Փաշինյանի համար:
Վահրամ Բագրատյան