Պարգևավճարների Հայաստանս...

Պարգևավճարների Հայաստանս...

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է, ով նույնիսկ ազգային աղետի տարում շարունակում է շռայլ պարգևավճարներ բաժանել: 

Կես միլիարդ դրամ՝ երկիրը կործանելու համար 

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ խորհրդարանի պատգամավորները, աշխատակազմն ու մյուս աշխատողներն Ամանորին ու Սուրբ Ծննդին ընդառաջ երկու նախատոնական պարգևավճար են ստացել՝ երկուսն էլ մեկ ամսվա աշխատավարձի չափով։
ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը հայտնել է, որ պարգևավճարների համար՝ հարկերը ներառյալ, ավելի քան կես միլիարդ դրամ (1,25 միլիոն դոլար) է հատկացվել։ 

Պետականության ճգնաժամ 

Գործ ունենք պետականության ճգնաժամի, կոլապսի հետ: Երկիրն աղետի շեմին, Արցախը կործանման հասցրած իշխանությունը պետք է վաղուց հեռացած լիներ, ավելին՝ նրա ներկայացուցիչները պետք է մեղմացուցիչ հանգամանքներ պեղեին՝ մինչև կյանքի վերջը բանտերում չանցկացնելու համար:
Բայց մեր իշխանություններն անամոթ են ու իրենք իրենց պարգևավճար են տալիս ու հրապարակայնորեն լոպազանում են: 
Պետությունը կործանում են ու դրա անունը խաղաղություն են դնում:

Վահրամ Բագրատյան