Ի՞նչ է կատարվում Սյունիքում․ հարցի պատասխանը գերատեսչություններն «իրար գրպան են գցում»

Այսօր վաղ առավոտից թշնամական քարոզչամեքենան անցել է գործի, ամենուր նոր պատերազմի վտանգ կանխորոշող նյութեր են․ կրակոցներ Կարմիր Շուկայի ուղղությամբ, կուտակումներ Կովսականում, զորավարժություններ, մինչև 50 տարեկան ադրբեջանցի տղամարդկանց՝ երկրից բացակայելու արգելք։ Նաև լուրեր են տարածվում, թե թշնամին Սյունիքի սահմանին է կուտակվում։
Ճի՞շտ են արդյոք այդ լուրերը․ MediaHub.am-ի հարցի պատասխանը գերատեսչությունից գերատեսչություն է հասցեագրվում։
Նախ, մենք կապ հաստատեցինք Սյունիքի մարզպետարան, սակայն մարզպետարանի մամուլի խոսնակ Էդգար Մարտիրոսյանը, զարմանալով, որ այդ հարցով իրենց ենք դիմում, նշեց՝ պատասխանը պետք է ԱԱԾ-ն տա։ Դիտարկմանը, որ պետք է նաև հենց մարզից տեղեկատվություն ստանանք, Մարտիրոսյանն արձագանքեց՝ խնդրելով իրեն ճիշտ հասկանալ։
Դե, մենք էլ, ճիշտ հասկանալով, կապ հաստատեցինք ԱԱԾ լրատվական բաժին, սակայն այնտեղ էլ փոքր-ինչ զարմացան մեր հարցից։ Բայց հետո նշեցին, որ պետք է կապվենք Սահմանապահ զորքեր, եթե որևէ արձագանք լինի, ապա այնտեղից։ ԱԱԾ Սահմանապահ զորքերից էլ, նախ, ասացին, որ ամեն ինչ լավ է, սահմանին կուտակումներ չկան։ Ապա պարզաբանեցին, որ սահմանապահ զորքերը սահմանահատումների մասով կարող են տեղեկություն տրամադրել, մյուս բոլոր դեպքերով պետք է գրավոր հարցում ներկայացնել ԱԱԾ։ Բացի այդ, հորդորեցին նաև զանգել ՊՆ։
Մեր վերջին զանգն էլ եղավ հենց այդ գերատեսչություն։ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը, պատասխանելով հարցին, թե Սյունիքի սահմանին կուտակումներ կա՞ն, ասաց․
«Չունեմ նման տեղեկատվություն»։
Նարե Գնունի