Եթե կարճ՝ ակնհայտ է, որ ադրբեջանա-թուրքական ալյանսը պատրաստվում է հարձակման։ Մենք անտեր ընկած ենք այս տարածաշրջանում, ոչ ոք մեզ տեր չի կանգնելու, որովհետև, եթե պետություններ կային, որ մեզ պետք է տեր կանգնեին, այսօր նրանք տիրոջ կարիք ունեն։ Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը. Հայաստան և Արցախ. անվտանգային ահագնացող սպառնալիքներ» քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը։
«Լավն էին Սեյրան Օհանյանի, Տիգրան Աբրահամյանի ելույթները, զեկույցները, բայց այս պահին սա մեզ ի՞նչ է տալիս»,-ասաց նա և ավելացրեց՝ այսօր միակ խնդիրը պետք է երկրի ղեկավարին հեռացնելը լինի և պետք է հասկանալ, որ մինչև հիմա հեռացնել չի հաջողվել։
Հակոբյանի դիտարկմամբ՝ այսօր պետք է քննարկեին այն հարցը, թե ինչու ձախողվեց համաժողովրդական շարժումը.
«Ես գիտեմ, որ ձախողել ենք ։ Եթե ձեզ՝ երկու խմբակցություններիդ հարց տանք՝ ձեր վարկանիշն ավելի բա՞րձր էր մինչև խորհրդարան մտնելը, թե՞ դրանից հետո, կպատասխանեմ, որ դրանից հետո ավելի ցածր է։
«Պատիվ ունեմ» դաշինքն ամենաանտրամաբանականն է, «Հայաստան» դաշինքին պաշտպանել եմ, բայց ձեզ ավելին կանդրադառնամ։ Իրար հարցրե՞լ եք, թե պարլամենտում ինչի պարտվեցիք։ Ինչո՞ւ դուրս եկաք խորհրդարանից, եթե դուք կարող էիք տարբեր դահլիճներում ձեր օրակարգը դնեիք, ձեր հարցերը դնեիք և այսօր ԱԺ նախագահը գլուխը պատին կտար, թե կասեր հեռացնում է ձեզ։ Հա, հասկանում եմ՝ նրանք շակալներ են, գլխատեցին մեր բոլոր նվաճումները»,-նշեց նա։
Հակոբյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս ստացվեց, որ 40-50 հազարանոց միտինգից մնաց 2-3 հազարը։
«Ասացինք՝ Զարթիր Լաո, Լաոն զարթնել է ու քանի ամիս է՝ տառապում է անքնությունից, արթնացրել ենք, ի՞նչ ենք անում։ Ադեկվատ պատասխանը միայն նոյեմբերի 9-ի գիշերն է եղել։ Էդ մարդը պիտի ինքնասպան լիներ, բայց բոլորին կսպանի, ինքը ինքասպան չի լինի։ Խորհրդարան վերադարձեք․ ընդդիմությունն իր խորհրդարանական պարտությունը հարթակ տեղափոխեց»,- շեշտեց նա։
Լիաննա Թորոսյան