Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը ակտիվացնում են ջանքերը՝ Բարենցի և Բալթիկ ծովերից մինչև Պարսից ծոց անարգել լոգիստիկայով ընդհանուր ապրանքային շուկա ստեղծելու ուղղությամբ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային համագործակցությանը նվիրված եռակողմ հանդիպման ժամանակ։
«Մենք առջևում ունենք շատ հետաքրքիր աշխատանք՝ անարգել լոգիստիկայով և ներդաշնակեցված կանոններով ու ստանդարտներով ընդհանուր ապրանքային շուկա ստեղծելու ուղղությամբ։ Ռուսաստանի և Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի, ինչպես նաև Իրանի և Ադրբեջանի միջև ամուր և դինամիկ զարգացող հարաբերությունները պահանջում են համակարգված ջանքերի ինտենսիվացում՝ տարածաշրջանում տրանսպորտային կապը զարգացնելու և Բարենցի և Բալթիկ ծովերից մինչև Պարսից ծոց անխափան լոգիստիկա ապահովելու համար», - նշել է նա։
Օվերչուկն ասել է, որ սա ստեղծում է լավագույն մրցակցային պայմանները երեք երկրների արտադրողների, արտահանողների և ներմուծողների համար։
«Սա այնպիսի աշխատանք է, որը թույլ է տալիս մեր տնտեսություններին ընդլայնվել, ստեղծում է նոր աշխատատեղեր, ավելացնում եկամուտները և բարելավում մարդկանց կյանքը», - հավելել է նա։
