Վերջին ամիսներին անվտանգ երկիր համարվող Հայաստանում անընդհատ նոր սպանությունների մասին ենք լսում. անձնական թշնամանքից մինչև փողոցում դիմացինին «թարս նայել», մերօրյա Հայաստանում ամեն ինչ կարող է դառնալ սպանության պատճառ։
Չնայած դեպքերի այսքան հաճախակի դառնալուն, իշխանությունը պնդում է՝ հիմա իրավիճակը մի քանի անգամ ավելի լավ է, քան նախկինում։ Խոսում ես Փարաքարի համայնքապետի աղմկահարույց սպանությունից, խնդրի մասին խոսելու փոխարեն իշխանությունից հակադարձում են՝ «պրիվետ, Ռոբ»-ը մոռացա՞ք, խոսում ես շան պատճառով մարդուն սպանելու դեպքից, կրկին նույն արձագանքը՝ «պրիվետ, Ռոբ»-ը մոռացա՞ք։ Հիմա էլ Արամուսում հարևանը դաշտում իր հարևանությամբ ապրող ամուսիններին է սպանել, ու էլի իրավապահ համակարգի բացթողումներից եթե սկսենք խոսել, իշխանությունը կարձագանքի՝ «պրիվետ, Ռոբ»-ը հիշեք։
Եվ քանի որ ներկաները չեն կարողանում բովանդակային պատասխան տալ, թե ինչու է երկրում նման վիճակ ստեղծվել, փորձեցինք հարցի պատասխանը ստանալ ոստիկանության պետի նախկին տեղակալ Գագիկ Համբարձումյանից։
«Բոլոր առումներով է դեգրադացիա հիմա՝ արդարադատություն, բարոյականություն։ Ինչի՞ մասին է խոսքը։ Խնդիրը պարզ է, ու այն շարունակելու է խորանալ, եթե այս այլանդակները չգնան։ Իրավական համակարգը հիմա այնքան աղավաղված է, որ այլ գործիքի է վերածվել։ Հիմա իրավապահների համար կարևորը արհեստական հիմքերով Սրբազանների կալանավորելն ա։ Այսինքն՝ դեպի դեգրադացիա ենք գնում։ Դրան գումարած, ընդհանուր հանրությունն է դեգրադացվել, անբարոյականությունը դարձել է ապրելաձև»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Գագիկ Համբարձումյանը։
Նրա խոսքով՝ պետք է ամբողջ պետական ապարատը մաքրվի այս իշխանությունից։
«Պետք է պետական ապարատի վերնախավը վռնդվի, ու սկսվի միջին օղակը մաքրելու ու առողջացնելու գործընթացը։ Ու այստեղ շեշտը պիտի դրվի ոչ միայն մասնագիտական ունակությունների, այլ նաև հայրենասեր ու ազնիվ կադրեր ունենալու վրա»,- նկատեց Համբարձումյանը։
Դիտարկմանը, որ իր խոսքից կարելի է ենթադրել, որ այս դեպքում սպանությունների թվի մեծացումը ոչ թե ՆԳՆ-ի խնդիրն է, այլ ամբողջ պետական ապարատի, Գագիկ Համբարձումյանը պատասխանեց՝ այո։
«Ոնց կարելի է հեքիաթների հավատալ ու մտածել, որ այլ նախարար ունենալու դեպքում այլ իրավիճակ կլիներ։ Իշխանափոխություն պիտի լինի, որ այս այլանդակ վիճակը վերջանա։ Ախր միայն իրավական ոլորտը չէ, կրթությունը, առողջապահությունը, ի՞նչը չի այլանդակել։ Ախր չեմ հասկանում՝ էդ Համլետի սինդրոմը ժողովրդի միջից ե՞րբ ա դուրս գալու»,- ամփոփեց խոսքը Գագիկ Համբարձումյանը։
Նարե Գնունի