Սփոփվում ենք նրանով, որ հայրս մեր կողքին է, և օրվա ցանկացած ժամի կարող ենք գալ, խունկ ծխել, սրտներս թեթևացնել...

Սփոփվում ենք նրանով, որ հայրս մեր կողքին է, և օրվա ցանկացած ժամի կարող ենք գալ, խունկ ծխել, սրտներս թեթևացնել...

«Արցախի ճակատագրի ելքին հակառակ, Սարուշենի մարտերի մասին սերունդները դեռ շատ են խոսելու, որովհետև այն, ինչ ցույց տվեց գյուղը, հերոսություն էր, որ կար։ Ես ականատեսը չեղա այդ ամենին, Ստեփանակերտում էի, իսկ մերոնք՝ գյուղում։ Պատերազմի առաջին րոպեներից Սարուշենը բանակ դարձավ, որտեղ մեծ ու փոքր անելիք ունեին»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Վահեն։ 

Հայրը՝ Անդրեյ Իսրայելյանը, անմահացել է գյուղի պաշտպանության համար մղված մարտերում։ Անդրեյը 44 տարեկան էր, դպրոցում արհեստավորի աշխատանքից բացի գյուղի տղամարդկանցից ձևավորված աշխարազորի հետ նաև դիրք էր պահում։ 

««44-օրյա»-ից հետո Սարուշենը դարձել էր առաջնագիծ, բայց մարդիկ այնտեղ ապրում էին հաշվի չնստելով վտանգի ռիսկի հետ։ Սեպտեմբերի 19-ի առավոտյան, երբ սկսվեցին խոսակցությունները սահմանի լարվածության մասին, ես զանգեցի մերոնց ճշտելու լուրերի իսկությունը։ Պարզվեց, որ «համար 1» հրաման են արդեն իջեցրել։ Հայրս գնաց դիրքեր, իսկ եղբայրս, որպես ժամկետային-պայմանագրային զինծառայող, հերթափոխով արդեն այնտեղ էր։ Տանը մայրս ու քույրս էին»,- հիշում է Վահեն։ 

Անդրեյ Իսրայելյանը գյուղի տարածքին մոտ առաջնագծում էր, իսկ որդին՝ Էդգարը, Ասկերանի շրջանի Նորագյուղի հարակից դիրքերում։ Կեսօրին մոտ Անդրեյը զանգահարել է կնոջը և զգուշացրել, որ իրավիճակը բարդ է, ու քանի որ իրենց տունը ծայրամասում է, հրահանգել է, որ վերցնի անհրաժեշտ փաստաթղթերը, ու դստեր հետ տեղափոխվեն ավելի ապահով վայր։ 

«Դրանից հետո սկսվել է կռիվը, ու այլևս հնարավոր չի եղել կապվել ո՛չ իր և ո՛չ էլ եղբորս հետ։ Սարուշենում հերոսամարտ էր։ Տղամարդիկ մինչև վերջ պահեցին իրենց դիրքը, իսկ թիկունքը կազմակերպված ոտքով հատեց կիլոմետրեր, որ փրկվեր։ Մայրս պատմել է, որ ամենադաժանը երեխաների ու երիտասարդ մայրերի համար է եղել․ մեծերի պես, մեծերի հետ երեխաները իրար օգնելով հասել են մինչև հարևան գյուղ, իսկ կանայք մանկահասակ երեխաներին գրկած զրկանքներ են կրել, մարդ է եղել, որ զույգ երեխաներով է եղել»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Վահեի մայրն ու քույրն առանց առաջնագծում գտնվող հարազատների մասին լուր իմանալու, լուսադեմին հասել են Ստեփանակերտ։ Դրանից հետո սկսվել են Անդրեյի որոնման աշխատանքները։ Վահեի խոսքով՝ այն տևել է ընդամենը 2-3 օր, բայց թվում էր՝ դա մի ահռելի ժամանակահատված էր։ 

«Մեկն ասում էր՝ «վիրավոր է», մյուսն էլ թե՝ «վիրավոր բարեկամին էր տեղափոխում հիվանդանոց», դրանից հետո չեն տեսել։ Հետո, ավելի ուշ իմացանք եղելությունը, որ վիրավորին տեղափոխելիս հայտնվել են ադրբեջանական զորքի թիրախում, հենց մեքենայում էլ Խաչմաչի տարածքում սպանվել են։ Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների հետ իրենց դիերը փնտրելիս հանդիպել են նաև մերոնց, նույն տարածքից գտնվել է ևս մի խաղաղ բնակչի դի, նրանց տարել են Մարտունի, փոխանակել ադրբեջանցի զոհված զինծառայողների դիերի հետ»,- ասում է նա։

Զինադադարից մեկ օր անց Վահեն Ասկերանի զորամասից տուն է բերել եղբորը, որ հրաշքով փրկվել էր սեպտեմբերյան դժոխային մարտերում։ Հետո եղբայրներով հորը Ստեփանակերտ տեղափոխելու եզրեր են փնտրել։ Անդրեյ Իսրայելյանի մարմինը հարազատներին փոխանցվել է սեպտեմբերի 24-ին։ 

«Միայն 2 օր անց մեզ հաջողվել է տեղափոխել Հայաստան ու հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում։ Մեր տնից ոչինչ չենք բերել, անգամ հորս անձնական իրերը մնացել են գյուղում։ Մերոնք որ դուրս են եկել, մտածել են, որ պատերազմը հանդարտվի նորից վերադառնալու են գյուղ։ Հիմա սփոփվում ենք նրանով, որ գոնե մեզ հետ է, մեր կողքին ու օրվա ցանկացած ժամի կարող ենք գալ, խունկ ծխել ու սրտներս մի քիչ թեթևացած տուն գնալ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան