Ո՞վ է «փուռը տվել» Անահիտ Ավանեսյանին 

Ո՞վ է «փուռը տվել» Անահիտ Ավանեսյանին 

Երկու օր առաջ ԱԱԾ-ն խուզարկության էր մտել առողջապահության նախարարություն, պետական առողջապահական գործակալություն (ՊԱԳ) և «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Ասացին՝ առիթը պետպատվերի շրջանակներում թույլ տրված չարաշահումների, անհավասար բաշխման մասին տեղեկություններն են։ Իշխանական շրջանակներից այս ամենի վերաբերյալ որևէ հոդաբաշխ բացատրություն չեն տվել, թե ինչ է կատարվում առողջապահական համակարգում։

Միայն այսօր կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը, պարբերաբար նայելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղղությամբ, անուղղակի կշտամբանքներ էր ուղղում նրա հասցեին, թե՝ «սա ուղղակի կատաստրոֆա է, մեր նախարարներն էլ պետք ա հետևություններ անեն սրա մասին, էս ամեն ինչով մինչև հիմա ովքե՞ր են զբաղվել, ինձ թվում ա՝ էլ չպիտի զբաղվեն։ Ով զբաղվել ա վերջին հինգ տարում և չի զեկուցել, որ սենց պրոբլեմ կա, ինչքան էլ տգեղ հնչի, ես խնդիր եմ դնում, որ գնացեք, էնպես արեք, որ ամիսների ընթացքում ընդհանրապես էլ ոչ մեկ էդտեղ չաշխատի»։ 

Թե ինչ առնչություն ունի նախարար Անահիտ Ավանեսյանն այս ամենի հետ, ցույց կտան զարգացումները, հատկապես, որ այսօր տեղեկություն հայտնվեց, որ նրան ևս հրավիրել են հարցաքննության։ Ամեն դեպքում, «Ուիգմոր» ԲԿ-ն կապվում է Ավանեսյանի հետ, և կասկածներ կան, այդ մասին նաև մամուլում էլ է ժամանակին գրվել, որ Ավանեսյանը, «Ուիգմորի» նախկին ֆինանսիստ Ահարոն Բարսեղյանին ՊԱԳ ղեկավար նշանակելուց հետո նրա միջոցով պետպատվերների ահռելի բաժինը փոխանցել է հենց «Ուիգմորին», քանի որ այդ բժշկական կենտրոնը կապվում է Ավանեսյանի մոր անվան հետ։ Այդ մասին ևս գրվել է մամուլում։ Սակայն ՊԱԳ նախկին պետ Ծաղիկ Վարդանյանին ապօրինի աշխատանքից ազատելուց մեկուկես տարի անց նա նորից դատարանի որոշմամբ վերականգնվեց իր պաշտոնին, իսկ Ավանեսյանի նշանակած «մարդը»՝ Ահարոն Բարսեղյանը, ազատվեց ՊԱԳ պետի պաշտոնից ու նորից վերադարձավ «Ուիգմոր»՝ իր գործին։ 

Ծաղիկ Վարդանյանը ընդամենը երկու ամիս պաշտոնավարելուց հետո դիմում գրեց ու հեռացավ՝ իր տեղը նորից զիջելով Ահարոն Բարսեղյանին։ Եւ, MediaHub-ի տեղեկություններով, հենց Ծաղիկ Վարդանյանն էլ օգնել է ԱԱԾ-ին, որ մտնեն առողջապահական համակարգ և ստուգումներ իրականացնեն թե՛ նախարարությունում, թե՛ ՊԱԳ-ում, թե՛ նախարարի ու նրա մոր հետ կապվող «Ուիգմոր»-ում։ Մեզ ասացին՝ այդ կարճ ընթացքում Վարդանյանը հասցրել է տեղեկություններ հավաքել Անահիտ Ավանեսյանի, իր տեղը զբաղեցրած ՊԱԳ ղեկավար Ահարոն Բարսեղյանի և «Ուիգմորին» փոխանցված գումարների վերաբերյալ և դրանք տրամադրել է ԱԱԾ-ին։ Այլ կերպ ասած՝ Ծաղիկ Վարդանյանն է փուռը տվել իր ոխերիմ թշնամի դարձած Անահիտ Ավանեսյանին, որի դեմ նա պարբերաբար հանդես էր գալիս կոշտ քննադատություններով։

Բայց, մինչ Ավանեսյանին անցնելը, իրավապահները նախ հասցրել էին զբաղվել Ահարոն Բարսեղյանով։ Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ՝ մարտի սկզբին, Ահարոն Բարսեղյանը Անահիտ Ավանեսյանի որոշմամբ և հորդորով անսպասելի ազատվեց Պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնից, և հենց այդ օրերին էլ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ է նախաձեռնել Բարսեղյանի նկատմամբ՝ Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու հոդվածով։ Մեզ ասացին՝ Անահիտ Ավանեսյանն արդեն իսկ տեղեկություններ էր ստացել, որ իր դեմ աշխատում են, և իրավապահները արդեն իսկ «բզբզում են» ՊԱԳ-ի և «Ուիգմորի» թեմայով, ուստի որոշել է ժամանակից շուտ ազատել ՊԱԳ պետ Ահարոն Բարսեղյանին, որ եթե հանկարծ գործ հարուցեն և որոշեն ձերբակալել նրան, չստացվի, որ ՊԱԳ գործող պետի են ձերբակալում՝ թերևս այդպիսով փորձելով մեղմել աղմուկի չափը։ 

MediaHub-ը փորձեց այս թեմայով զրուցել Ծաղիկ Վարդանյանի հետ, որ հասկանանք՝ որքանո՞վ է ինքը նպաստել այդ գործընթացներին, բայց նրա հեռախոսը, ինչպես ասաց ինքնապատասխանիչը, «ժամանակավորապես արգեկափակված է», ֆեյսբուքում էլ Վարդանյանի անձնական էջը չգտանք, չնայած որ մինչև վերջերս նա շատ ակտիվ էր այնտեղ։ 

Վահե Մակարյան