Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կանգ գրանցվի. արել ենք ամեն ինչ, որ զոհ քիչ ունենանք

Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն,  կանգ գրանցվի. արել ենք ամեն ինչ, որ զոհ քիչ ունենանք

«Պատերազմն ապրելու համար ինքն իր հետ կռիվ տվող վիրավոր զինվորի, կիսատ երազանքների, չապրված կյանքերի, սև հագած երիտասարդ աղջիների ու մանկական անմեղ աչքերի տեսք ունի։ Պատերազմից արյան հոտ է գալիս, որ բառերով նկարագրելու չէ։ Ես չգիտեմ` դա ինչ էր, որ կատարվեց մեզ հետ»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է 28-ամյա բժիշկ Բորիս Աբրահամյանը։ 

Բժշկական համալսարանն ավարտելուց հետո Բորիսն աշխատանքի է անցել Երևանի տարբեր բժշկական հաստատություններում։ Հետո տեղափոխվել է ծննդավայր՝ Ստեփանակերտ, ամուսնացել։ 

«Զույգ երեխաներիս ծնունդից հետո որոշեցինք մնալ։ Աշխատանքի ընդունվեցի հանրապետական բժշկական կենտրոնում։ Հետո ճանապարհը փակվեց, ու հայտնվեցինք շրջափակման մեջ։ Մեր հայրենակիցների հետ մենք էլ կրեցինք բլոկադայի բոլոր զրկանքները։ Բայց կամքը, որ ունեին արցախցիները, ոգևորում էր, ուժ էր տալիս։ Բոլորի պես ես էլ մտածում էի, որ ոչինչ ինքնանպատակ չէ, որ շրջափակումից դուրս կգանք, ու ինչ որ հարցի լուծում տրված կլինի։ Աշխատանքի գնալ գալը կազմակերպում էինք ոտքով, երեխաների հետ դժվար էր, բայց տանելի»,- ասում է երիտասարդ բժիշկը։ 

7 ամիս առաջ Արցախում պատերազմ էր։ Բորիսն աշխատանքի էր, և ընդունված կարգի համաձայն, կեսօրին իջնում է առաջին հարկ ու ռեանիմացիայում բուժում ստացող բուժառուների մասին ինֆորմացիա փոխանցում այնտեղ սպասող հարազատներին։ 

«Այդ ժամանակ լսվեցին առաջին պայթյունները, առաջին վայրկյաններին բոլորս զարմացած հայացքով նայում էինք իրար, հետո սկսվեց իրարանցումը։ Նախորդ պատերազմից գիտեինք, որ թշնամին չի խնայում անգամ հիվանդանոցները, ուղիղ նշանակետով հրթիռակոծել էր ծննդատունը, դրա համար արագ կազմակերպեցինք հիվանդների տարհանման գործընթացը: Հասցրել եմ մոտիկ տեղերից բերված մի քանի վիրավորի «նարկոզ» մտնել, վիրահատությունները բարեհաջող արեցին իմ գործընկերները, իսկ ես բժիշկ Մուսայելյանի թույլտվությամբ գնացի Մարտունի»։ 

Պատերազմից կես ժամ անց Ստեփանակերտում էր Մարտունու շտապ օգնության մեքենան, բերել էին ծանր վիրավորում ստացած զինվորականներին, ու քանի որ Մարտունիում անեսթեզիոլոգի կարիք կար, Աբրահամյանն այնտեղ է գնացել առանց հապաղելու։

«Ես նույնիսկ մերոնց չհասցրեցի ասել, որ գնում եմ, կապ չկար։ Մարտունու հիվանդանոցը տեղափոխվել էր ապաստարան։ Վիրավորներին բերում էին իրար հետևից, ընդմիջելու ժամանակ չկար։ Գործընկերներս բանակ դարձած անում էին հնարավորը, որ զոհեր քիչ ունենանք։ Ու գիտե՞ք որն էր հետաքրքիր․ չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, այնտեղ կանգ գրանցվի»։ 

Աբրահամյանի համար պատերազմը նաև իր գործընկերուհու՝ Գոհարի աչքերի տեսքն ուներ։ Հիշում է՝ ծանր վիճակում մի վիրավոր բերեցին բեկորային բազմաթիվ վնասվածքներով։ Հիվանդանոցում նեյրովիրաբույժ չկար, նրան անհապաղ պետք է տեղափոխեին Ստեփանակերտ:

«Նրա սիրտը կամաց-կամաց կանգնում էր, ինքն էլ անգիտակից վիճակում։ Փորձեցինք զգուշորեն գլխից հանել բեկորները, գլուխս բարձրացրի ու առաջին անգամ տեսա Գոհարին սարսափած վիճակում, երբեք չէի տեսել նրան այդպես կոտրված, հակառակը, ինքն էր բոլորին ուժ տալիս: Երբ նայեցի վախեցած աչքերին, հարցրեց, թե՝ հարազատս է, կապրի՞, կկարողանա՞նք փրկել: Ասացի՝ շտապ տեղափոխում ենք Ստեփանակերտ, քանի որ KT-ի ու այլ հետազոտությունների հնարավորություն չկար։ Կես ժամվա մեջ հասանք, նույնքան ժամանակում հետ եկանք, երբ հասանք Մարտունի, լսեցինք, որ ճանապարհը փակեցին, մենք մնացինք պաշարված քաղաքում»,- հիշում է մեր զրուցակիցը։

Այդ վիրավորն այժմ զինվորի տանն է։ 

Վիրավոր զինծառայողներից բացի Մարտունու հիվանդանոցում նաև հղիներ ու այլ բուժառուներ ևս կային։ Բժիշկը, որ արտակարգ ռեժիմով էր աշխատում, վստահեցնում է, որ բոլորին համահավասար ուշադրության էին արժանացնում։ Այդ օրերին նաև երեխաներ ծնվեցին։ 

«Մարտունու հիվանդանոցում կար միայն մեկ ընդհանուր անեսթետիկ ապարատ ու բազմաթիվ վիրավորներ, որոնց պետք է վիրահատությունից առաջ անզգայացնեինք։ Բուժքույրերը ձեռքի գործիքով այնքան էին սեղմում, որ վիրավորի շունչը հերիքի, ապրեն մինչև սարքը տեղափոխենք իր մոտ։ Տասնյակների հասնող այդպիսի դեպքեր են եղել ու ոչ ոք չի դժգոհել, միայն թե հայրենակիցներն ապրեն»։ 

Բորիսի հարազատներն ավելի ուշ են իմացել, որ բժիշկը Ստեփանակերտում չէ, մինչ այդ զանգելու բոլոր փորձերն արդյունք չեն տվել՝ կապի խափանման պատճառով։

«Երբ կապը վերականգնվեց, հայրս զանգեց ինձ, բայց իմ փոխարեն զանգին պատասխանեց Գոհարը։ Պապաս հարցրեց՝ որտե՞ղ եմ, Գոհարը ասաց՝ ««emergency»-ում է, երբ գա, կասեմ հետ կզանգի», հարցրեց, թե՝ «իսկ ո՞վ է խոսում», Գոհարը խաբեց՝ «Հերմինեն է Զարգարյան», իմանալով, որ հայրս Հերմինեին ճանաչում է։ Մերոնք ուտելիք են պատրաստել ու բերել հիվանդանոց, նրան դիմավորել է Հերմինեն ու ասել, որ սեպտեմբերի 19-ից ես Ստեփանակերտում չեմ»։ 

Բորիս Աբրահամյանը Կարմիր խաչի միջնորդությամբ, ծանր վիրավորների հետ Ստեփանակերտ է վերադարձել սեպտեմբերի 23-ին։ Երախտագիտությամբ է խոսում Արցախի ճերմակ բանակի մարտիկների մասին, որոնք պատերազմից զատ նաև մեծ աշխատանք կատարեցին սեպտեմբերի 25-ին պատուհասած աղետի օրերին։ Տեղահանությունից հետո մասնագիտական իր գործունեությունը նա շարունակում է «Աստղիկ» և «Արամյանց» բժշկական կենտրոններում։

Հունան Թադևոսյան