Հնակենդանաբան Ռոբերտ Ղուկասյանը` ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի

Հնակենդանաբան Ռոբերտ Ղուկասյանը` ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի

ՀՀ տարածքից ադրբեջանական կողմը պետք է հետ քաշվի դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում: Այդ մասին հայտարարել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Փաշինյանի կադրերի մասին կարելի է էսսեներ գրել՝ նրանց մասին ՀՀ քաղաքացիները հազարավոր մեմեր են ստեղծել համացանցում և ամեն օր ծաղրում են, սակայն ՔՊ-ն այդ ծաղրանքի և թրոլինգի նկատմամբ ունի բնատուր իմունիտետ՝ նրանք զբաղված են արագ հարստանալով, քանի որ մոտենում է իշխանափոխության ժամանակը: Ապագա Հայաստանում նիկոլական կադրերը կարողանալու են միայն տաքսու վարորդ աշխատել կամ մեկնելու են ՌԴ՝ ասֆալտ փռելու:

Գեոպոլիտիկ պայքար է ընթանում Սյունիքի պես ռազմավարական կարևորություն ունեցող տարածքի նկատմամբ, իսկ Փաշինյանը Սյունիքի մարզպետ է նշանակում հնագետ, հնակենդանաբան Ռոբերտ Ղուկասյանին՝ զրո քաղաքական կենսագրություն ունեցող մարդու: Պետականաշինության ու  պետական կառավարման զրո փորձով Ղուկասյանն այս պահին ղեկավարում է մի մարզ, որի նկատմամբ նկրտումներ ունի թուրք-ադրբեջանական տանդեմը, որտեղ բախվում են ՌԴ-ի, Արևմուտքի, Իրանի շահերն ու որտեղ ադրբեջանական զորքերն անարգել տարածքներ են գրավում և ճանապարհներ արգելափակում:

Ինչ պետք է անի հնակենդանաբան, հնագետ, մասնագիտությամբ կենսաբան Ղուկասյանն ադրբեջանական հատուկ ջոկատայինների դեմ՝ հավանաբար գիտի միայն Փաշինյանը: Թուրք-ադրբեջանական հնարավոր հարձակման պարագայում Ղուկասյանին կարելի է վստահել միայն Շիկահողի արգելոցի կենդանիների պաշտպանությունը:

Վահրամ Բագրատյան