Ծեծ՝ խոսելու համար

Ծեծ՝ խոսելու համար

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝  Տեղ համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցն է, ով, ըստ ամենայնի, եղել է ավագանու ընդդիմադիր անդամի ծեծի քաջալերողը: 

Ծեծել են ավագանու անդամին 

«Արդյունքում ջարդեցին երկու ատամս ու պռոշս, բերանս չեմ կարում առայժմ բացեմ»․ Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը պնդում է, որ օրերս համայնքապետարանի մշակույթի տանը, աշխարհազորի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը, իրեն ծեծի են ենթարկել՝ կոտրելով երկու ատամն ու պատռելով շրթունքը։

Պատճառն, ըստ Զեյնալյանի, իր տված հարցն է եղել՝ «օրենքի ո՞ր կետով են ուզում աշխարհազորին փոխարինել Տեղ համայնքի բնակիչներով և մարդկանց սահման տանել, եթե Պաշտպանության նախարարությունը ռազմական դրություն չի հայտարարել»։

Մասիս Զեյնալյանի պնդմամբ, ծեծկռտուքին ներկա են եղել Տեղ համայնքի ղեկավար Ղուլունցն ու Սյունիքի աշխարհազորի շտաբի պետ Կարո Ավանեսյանը, սակայն նրանք որևէ կերպ չեն էլ փորձել միջամտել։

Ավագանու անդամն ակնարկել է, թե այս ամենի հետևում կանգնած է պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը, ով նաև Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի քեռին է։ 

Խուլիգանությունն՝ իշխանության «բրենդ» 

Վերջին շաբաթներին ակնհայտ է դառնում, որ խուլիգանությունը դառնում է այս իշխանության միակ «բրենդը» ու դժվար չէ նկատել, որ դա խրախուսվում է իշխանության բուրգի գագաթին կանգնած Նիկոլ Փաշինյանի կողմից:

Վահրամ Բագրատյան