Որքանո՞վ կապ ունի «Սասնա ծռեր» խմբավորումը Նոր Նորքի դեպքերի հետ

«Սասնա ծռեր» խմբավորումը որևէ կապ չունի այդ գործողությունների հետ: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց խմբավորման անդամ Գևորգ Սաֆարյանը՝ մեկնաբանելով տարածվող լուրերը, թե Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի վրա հարձակումը կազմակերպել են «Սասնա ծռերը»:
««Սասնա ծռերի» հիմնական անձնակազմը գտնվում է բանտում՝ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով, մնացածը գտնվում են դատավարության մեջ: «Սասնա ծռեր» խմբավորումը որևէ կապ չունի այդ գործողությունների հետ»,- ասաց նա:
Նրա խոսքով, անկախ նրանից, թե ովքեր կապ ունեն, այս պրոցեսները անխուսափելի են, երբ պետությունն ամեն բան հանձնում է թշնամուն, իսկ այն մարդկանց, ովքեր փորձում են դիմադրել, պետությունը բիրտ միջոցներով ձերբակալում է:
«Ու քանի դեռ խաղաղ գործողություններին պետությունն արձագանքում է նման կերպով, զարմանալի չի, որ ինչ-որ մեկի մոտ էլ նյարդերը չեն դիմացել»,- հավելեց նա:
Նարե Գնունի