Ռուսաստանը Բերձորի միջանցքը բացելու աշխատանքային պլան ունի․ Բաբայան

Ռուսաստանը Բերձորի միջանցքը բացելու աշխատանքային պլան ունի․ Բաբայան

Ավելի քան մեկուկես ամիս ադրբեջանական բլոկադայի մեջ հայտված արցախցիների կյանքում որեւէ դրական տեղաշարժ չկա․ ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։

«Այս պահի դրությամբ որեւէ փոփոխություն չկա, Արցախը պաշարման մեջ է», - MediaHub-ի հետ զրույցում ասում է ԱՀ նախագահի խորհրդական, ԱՀ ԱԳՆ նախկին ղեկավար Դավիթ Բաբայանը։ Արցախում ստեղծված իրավիճակը խառնել է ամբողջ տարածաշրջանը, նկատում է Բաբայանը։

«Եթե չլիներ 2020թ․-ի հետեւանքները, Արցախը չթուլանար, չկորցներ տարածաշրջանը կայունացնող դերակատարությունը, այսպիսի խառնաշփոթ չէր ստեղծվի։ Արցախը ոչ միայն հայոց պետականության համար է եղել հզոր վահան, այլ նաեւ աշխարհաքաղաքական տարբեր վերկտորների ծավալապաշտական նկրտումները զսպելու համար։ Այդ վահանը թուլացել է, ջարդվել է, ինչը հանգեցրել է աշխարհաքաղաքկան նման զարգացումների։ Այն, ինչ հիմա մենք տեսնում ենք՝ շարունակությունն է 2020թ․-ի թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայի ու ծավալապաշտության»։

- Երբ ասում եք՝ տարածաշրջանում բախումներ, նկատի ունեք Իրանի եւ Ադրբեջանի միջեւ օր-օրի սրացող հարաբերություննե՞րը։

- Ընդհանրապես։ Արցախը միշտ եղել է որպես կայունացնող գործոն ու քանի որ հիմա թուլացել է, այդ հոսանքներն արդեն անարգել մտնում են տարածաշրջան։

- Բերձորի միջանցքի բացման հարցով, իհարկե, բանակցություններ ընթանում են, օրեր առաջ էլ ԵԽԽՎ-ում հայ պատվիրակները բավականին կոշտ հայտարարություններ ունեցան, բայց առարկայական փոփոխություն չենք տեսնում։

- Էլ ի՞նչ պետք է արվի՝ Արցախը ադրբեջանական բլոկադայից հանելու համար։

- Քաղաքական, բարոյական, տեղեկատվական տեսանկյունից մենք պետք է այս տեմպերով շարունակենք աշխատանքը։ Բայց պետք է առավել ակտիվ գործենք նաեւ ոչ հրապարակային ձեւով՝ ուժային կենտրոնների հետ։ Խոսքը վերաբերում է հատկապես մեր ավանդական դաշնակիցներին, եղբայրական երկրներին եւ այն պետություններին, որոնց հետ մեր շահերը համընկնում են։

- Ռուսական կողմից ի՞նչ ազդակներ եք ստանում։

- Վերջերս հայտարություններ արեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ Բերձորի միջանցքը պետք է բացվի, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Սա ոչ միայն հայտարարություն է, այլ աշխատանքային պլան, քանի որ, ըստ իս, քաղաքական ամենամեծ իմիջային կորուստները կրում է հենց Ռուսաստանը։

- Քաղաքագետների կարծիքով՝ Բերձորի միջանցքի փակումը ուղիղ կապ ունի Պրահայում ձեռք բերված բանակցությունների հետ։ Հայաստանի իշխանությունները, ըստ քաղաքագետների, ընտրել են այսպես կոչված «վաշինգտոնյան» տարբերակը, ինչը ենթադրում է, որ Արցախը, այդ թվում՝ Բերձորի միջանցքը Ադրբեջանինն են։

- Առհասարակ, երբ խոսում ենք աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխման մասին, պետք է հասկանանք, թե այն ինչ հետեւանքներ կարող է ունենալ հատկապես փոքր պետությունների համար։ Այս իմաստով, պետք է խուսափենք ծայրահեղական քայլերից։ Լաչինի միջանցքը 2020թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտին է։ Ադրբեջանը նույն այդ հայտարարության տակ ստորագրություն դնելով՝ ռուսական կողմի այդ կարգավիճակը հաստատել է։

- Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք քաղաքագետների պնդումները, թե իշխանություններն ընտրել են «վաշինգտոնյան» տարբերակը։

- Մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում։ Հասկանալի է, որ արցախյան հիմնախնդիրը մեծ աշխարհաքաղաքկան խաղի մի մասն է, բայց մեզ համար դա ընդունելի չէ։ Եթե կամք ցուցաբերենք եւ ասենք, որ մեզ համար ընդունելի չէ, ցանկացած խաղ կարող ենք խառնել։

- Ալիեւն ասում է՝ Արցախի հարցը լուծված է։

- Արցախը շրջափակված է, բայց Արցախի հարցը փակված չէ։

 

Լիա Սարգսյան