Եկամուտից զրկված արցախցիները ֆինանսական օգնություն կստանան․ ԱՀ պատգամավոր

Եկամուտից զրկված արցախցիները ֆինանսական օգնություն կստանան․ ԱՀ պատգամավոր

Ավելի քան 50 օր է՝ փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը և Արցախի 120 հազար բնակիչ գտնվում է տոտալ շրջափակման մեջ։

MediaHub.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ վիճակ է շրջափակված հանրապետությունում։

- Պարոն, Հարությունյան, Արցախում այսօր գազ ու լույս կա՞։ Ի՞նչ պարբերությամբ են անջատումներ լինում։

- Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամը էլ ավելի սրացնելու նպատակով պարբերաբար անջատվում է Արցախ մատակարարվող գազը։ Շրջափակման հենց առաջին օրերից Ադրբեջանը վնասել է Հայաստանից Արցախ եկող բարձրավոլտ գիծը, ինչի հետևանքով Հայաստանից այլևս էլեկտրաէներգիա չի մատակարարվում և մենք բավարարվում ենք սեփական ռեսուրսներով, որոնք սահմանափակ են և ստիպված ենք հովհարային անջատումներ կատարել: Գրաֆիկ կա սահմանված, որը բնակչությանը նախօրոք տեղեկացվում է և օրվա ընթացքում տարբեր հասցեներում 3-4 անգամ անջատումներ են լինում երկու ժամով։ Ավելի կոնկրետ՝ էլեկտրաէներգիայի անջատումները լինում են երկու ժամով, օրական երեկ անգամ, այսինքն, օրվա մեջ 6 ժամ լույս չի լինում։

- Օրերս հրապարակվեց, որ 10 000 արցախցի զրկվել է աշխատանքից։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս քաղաքացիներին ֆինանսապես աջակցելու ուղղությամբ։

- Հասկանում ենք, որ շատ արցախցիներ զրկվում են իրենց եկամուտի միակ աղբյուրից և հիմա սոցիալական բավականին ծանր պայմաններում են հայտնվել։ Մի քանի օր առաջ ԱՀ ԱԺ-ում Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպվել են լսումներ, որոնց մասնակցել են առողջապահության, սոցապ նախարարները և, բնականաբար, այս հարցերը բարձրաձայնվել են: Սոցապնախարարությունը հավաստիացրել է, որ Կառավարության կողմից հանձնարարական է տրվել, որպեսզի կարճ ժամանակահատվածում մշակվի սոցիալական աջակցության փաթեթ և երևի այսօր այդ փաթեթը կհրապարակվի։ Կառավարությունն ավելի հստակ կնշի, թե սոցիալական որ խմբերին, ինչպիսի աջակցություն կտրվի։ Միանշանակ, խնդիրն արձանագրված է և այս խնդրին լուծում տրվելու է։

- Արցախցիներ կան, որոնք ահազանգում են՝ իրենցից պահանջել են վճարել կոմունալ վճարները։ Արցախի տեղեկատվական շտաբն էլ էր հայտնել, որ արցախցիները պետք է կատարեն պետության առաջ իրենց պարտավորությունը։ Որքանո՞վ է սա իրատեսական այս պայմաններում։

- Իրականում, այստեղ մոտեցումների խնդիր կա։ Օրինակ՝ ԱԺ-ի կողմից նաև մինչև ճանապարհի փակումը գազի գնի հետ կապված որոշակի հարցեր էին առաջանում և որոշ պատգամավորներ Կառավարությանն առաջարկեցին գազի գնի սուբսիդավորման հարց քննարկել, ինչն եղավ պատասխան, թե գալիք տարում կքննարկվի։ Շրջափակման պայմաններում՝ լսումների ժամանակ, միանշանակ այս հարցը կրկին բարձրաձայնվեց, Կառավարության դիրքորոշումն այլ է՝ նրանք համարում են, որ ավելի լավ է մարդկանց օգնել սոցիալական այլ ծրագրերով, քան կոմունալ վճարումներ կատարելով։ Համարում են, որ մարդկանց այլ աղբյուրներով ֆինանսական աջակցություն կտան և մարդիկ իրենց պարտավարությունները կկատարեն։

Միանշանակ, ես ինքս էլ մտահոգությունը կիսում եմ և կարծում եմ, որ Կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի որևէ մեկը խնդիր չունենա կոմունալ վճարումների հետ կապված կամ ինչ-որ անջատումներ լինեն սրա հետևանքով։ Եթե մարդը զրկվել է եկամուտից, ապա պետք է նրան աջակցություն ցուցաբերել, որպեսզի նա կարողանա իր ընտանիքի հոգսերը հոգա։ Կան մարդիկ, որոնց եկամուտների տեսակետից որևէ բան չի փոխվել շրջափակման արդյունքում և մարդիկ պետք է պարտաճանաչ իրենց պարտականությունները կատարեն։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք, օրինակ, պետական կառույցներում են աշխատում և նրանց եկամուտներում ոչինչ չի փոխվել և նրանք ինչպես միշտ ստացել են իրենց աշխատավարձերը։

- Ստացվում է՝ Կառավարությունն արցախցիներին ֆինանսական օգնություն կտրամադրի, որպեսզի կարողանան կոմունալները վճարել։

- Կոնկրետ նպատակը ոչ թե կոմունալների վճարումն է, այլ Կառավարությունը նախատեսում է՝ այն քաղաքացիները, որոնք եկամտից զրկվել են, իրենց օգնություն տրամադրել, այդ թվում նաև, որ կարողանան կոմունալները վճարել: Բայց, այո, ֆինանսական օգնություն կտրամադրվի։

Կարևոր է ընդգծել, որ այդ աջակցությունը ոչ թե համատարած է լինելու, այլ միայն ուղղվելու է այն մարդկանց, որոնց եկամուտներն այս կամ այն ձև վնասվել են շրջափակման հետևանքով։

 

Լիաննա Թորոսյան