Տեսչական մարմինն անդրդվելի է․ «Մալաթիա» տոնավաճառը վաղվանից չի գործի

Տեսչական մարմինն անդրդվելի է․ «Մալաթիա» տոնավաճառը վաղվանից չի գործի

«Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը վաղվանից՝ փետրվարի մեկից կասեցվելու է։ Այդ մասին MediaHub.am-ին տեղեկացրին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմից։ Այլ կերպ ասած՝ պետությունը մնաց անդրդվելի և չընդառաջեց աշխատակիցներին և նրանց ապագան այս պահին մշուշոտ է:

Ըստ տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանի՝ «Մալաթիա» տոնավաճառի գործունեության կասեցման որոշման մասին հունվարի 18-ին տեղեկացվել է տնօրենը, որպեսզի ինքն էլ աշխատակիցներին տեղյակ պահի, որ կուտակված ապրանքներն էլ հեռացնեն։

«Մենք հստակ ժամկետ ենք տվել, չենք ուզում գնալ այլ ուղղությամբ։ Տնտեսվարողին ասվել է, ինքն էլ խոստացել է միջոցներ ձեռնարկել»,- նշեց Զոհրաբյանը։

Իսկ եթե վաղը, այնուամենայնիվ, վաճառողները շարունակեն աշխատել, ապա տեսչականը կդիմի համապատասխան մարմիններին, որպեսզի իրենց պահանջը բավարարվի։

Նշենք, որ թեև տեսչականից ասում են, թե տոնավաճառի տնօրինությունը դեռ հունվարի 18-ին է հրավիրվել ու ծանուցվել տոնավաճառի գործունեությունը կասեցնելու որոշման մասին, այնուամենայնիվ, հունվարի 26-ին տոնավաճառի աշխատաիցները MediaHub.am-ին հայտնեցին, որ իրենք փակման մասին հունվարի 25-ին են առաջին անգամ լսել, և չգիտեն անգամ՝ ուր պիտի գնան և ինչպես ապրեն, եթե իրոք իրենց գործունեություն ծավալելն արգելվի։

Հավելենք, որ վաճառողների մեծամասնությունը վստահություն էր հայտնում, որ Նիկոլ Փաշինյանն իրենց հետ այդպես չի վարվի ու թույլ չի տա, որ 600 քաղաքացի կորցնի աշխատանքը։

Ավելի վաղ տեսչական մարմինը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կասեցվելու է, քանի որ տնտեսվարողը տեսչականի արձանագրած խախտումները չի վերացրել։ Մասնավորապես, տոնավաճառում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։

 

Նարե Գնունի