Վտանգ կա, որ ձևափոխությունների քողի տակ Ամարասից մաքրեն հայկական հետքը

Վտանգ կա, որ ձևափոխությունների քողի տակ Ամարասից մաքրեն հայկական հետքը

«Չեմ կարծում, թե Ամարասի վանական համալիրն էլ կպղծեն, բայց միաժամանակ մտածում եմ, եթե դա էլ իրենց վերագրեն, հնարավոր է և ասեն՝ «ձևափոխություններ ենք անում», դրա տակ մաքրեն հայկական հետքը»,- MediaHub-ին իր մտահոգությունը հայտնեց Տեր Անդրեաս քահանա Թավադյանը։

Տեր Անդրեասն իր հոգևոր ծառայությունը սկսել է Ամարասից։ 

«Դեռ առաջին պատերազմը չէր սկսել, շարժումից հետո գերլարված իրավիճակ էր ամբողջ Արցախում։ Հիշում եմ, որ գիշերն ադրբեջանցիները մտել են Ամարաս ու թալանել այնտեղ եղած գույքը, մի քանի րոպեում քանդել ամեն ինչ։ Դա պատերազմի նախերգանքն էր»,- ասաց Տեր հայրը։ 

Տեր Անդրեասը շուրջ 20 տարի հոգևոր ծառայություն է մատուցել Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկչում։ Սիրտը հավասարապես ցավում է թշնամուն անցած հոգևոր բոլոր օջախների համար։ Մանավանդ, որ Ադրբեջանը շարունակ աղվանացնում է հայկական բոլոր եկեղեցիները։

«Չեմ կարծում, որ Ամարասը, Շուշին, Գանձասարն ու Դադիվանքը ևս կարժանանան Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցու ճակատագրին, ավելի ճիշտ հույս ունեմ, որ այդպես չի լինի։ Դրանք հոգևոր մեծ ժառանգություն են Հայաստանի համար»,- նշեց նա։ 

Հիշեցնենք, որ «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (CHW) նախաձեռնության կողմից արբանյակային լուսանկարների միջոցով փաստվել է, որ Ադրբեջանը հողին է հավասարացրել 1847 թվականին կառուցված Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:

Նշենք, որ Ամարասի վանական համալիրը հոգևոր, մշակութային, կրթական ու գիտական կարևորագույն նշանակություն ունեցող վանքային համալիր էր Մեծ Հայքի Արցախ նահանգում։ Հայ պատմիչների վկայությամբ՝ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում է բացել առաջին դպրոցը։ 

Համալիրը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը՝ 4-րդ դարի սկզբին։ Եկեղեցու արևելյան կողմում է թաղված քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում նահատակված Գրիգորիսը։ Նրա գերեզմանը պահպանվում էր։ 

«Հաճախ եմ Google ծրագրերից օգտվում, ուսումնասիրում մեր բոլոր վանքերն ու բերդերը, ցավոք, ուշ-ուշ է թարմացվում, չգիտեմ` ինչ վիճակում են»,- հավելեց Տեր Անդրեաս քահանա Թավադյանը։ 

Ամարասում վերջին տարիներին բարեգործական հիմնադրամի կողմից վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում։ Քահանայի խոսքով՝ դրանք գրեթե ավարտվել էին, երբ սկսվեց վերջին՝ ողբերգական պատերազմը։  

Վերականգնվել և ամրակայվել են պարսպապատերը և աշտարակները: Նորոգվել են համալիրի մաս կազմող Ձիանոց կոչվող կառույցի և դրան հարակից հատվածների բարեկարգման աշխատանքները: Նախատեսվում էր վանական համալիրի վերականգնման աշխատանքներն ավարտին հասցնել ողջ ծավալով, բայց...

Հունան Թադևոսյան