«Այնպես են առգրավել մեքենան, կարծես հատուկ օպերացիա են իրականացնում»

«Ամեն դեպքում սիրուն չէր. դիմակներով ներս մտան, ջարդեցին երկաթյա դռները, առգրավեցին մեքենան, կարծես հատուկ օպերացիա են իրականացնում, և այն դեպքում, երբ նախագահին չի ներկայացվել դատարանի որոշում՝ ծառայողական մեքենայի բռնագրավման մասին»,- այսօրվա դեպքերը մեկնաբանելով` MediaHub-ին ասաց Արցախի ԱԺ պատգամավորներից մեկը։
Նրա խոսքով՝ ամեն ինչ ընդգծված քաղաքական ենթատեքստ ունի, քան իրավական։
«Հայաստանի իշխանությունները լավ գիտեն, որ Արցախի ներկայացուցչությունը ՀՀ ներքին կյանքի հետ որևէ առնչություն չունի։ Մենք այստեղ ենք, որ մեր լծակներով փորձենք օգնել փախստական դարձած մեր հայրենակիցներին, լուծել մեր հարցերը։ Ի սկզբանե հայտարարել ենք, որ որևէ ձևով չենք միջամտելու ներքին կյանքին, կառավարության որևէ որոշման։ Այսքան ժամանակ որևէ մի պաշտոնյա չի այցելել այստեղ ու մեզ չեն լսել։ Արցախցիների հանդեպ ընդգծված այս ատելությունն ու թիրախավորումը, ցավոք, դարձել է ազգային օրակարգ»,- ասաց նա` հավելելով, որ պառակտողական այս գործողությունը ձեռնտու է միայն թշնամուն։
«Առաջին անգամ չէ, որ բոլոր ձախողումների մեղավորությունը բարդում են արցախցիների վրա։ Առաջ, փաստորեն, նախկիններն էին մեղավոր, հիմա՝ ունեզրկված արցախցիները»,- հավելեց նա:
Նշենք, որ MediaHub-ն արդեն գրել է, որ Արցախի ներկայացուցչության դարպասները ջարդելու և մեքենան առգրավելու պահին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շենքում չի եղել, գտնվել է Քննչական կոմիտեում, որտեղ հարցաքննության էր վկայի կարգավիճակով:
Հունան Թադևոսյան