Չարենցավանում մեքենան ընկել է փոսը. ո՞վ է պատասխանատու վնասի համար
Երեկ երեկոյան Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում Mercedes CLS մոդելի ավտոմեքենան ճանապարհային նշաններ չլինելու պատճառով ընկել է ճանապարհի մեջտեղում փորված փոսի մեջ։
Դրա հետևանքով մեքենան լուրջ վնաս է կրել՝ կոտրվել են մեքենայի ընթացային ու թափքի տարբեր մասեր։ Մեքենայի տերը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով կատարվածի մասին ու նշելով, որ ոչ ոք պատասխանատվություն չ ստանձնել։
Համայնքապետարանից ասել են, որ աշխատանքներն իրենք չեն իրականացնում, այլ կա շինարարական ընկերություն, որն էլ ստանձնել է տվյալ ճանապարհի հիմնանորոգման պատասխանատվությունը, ճանապարհի լայնքով տվյալ փոսն էլ իրենք են փորել, որ ջրատար կառուցեն։ Ըստ այդմ՝ ճանապահային նշաններն էլ պետք է տվյալ ճանապարհաշինական ընկերությունը տեղադրեր, որը, ըստ վնասված մեքենայի տիրոջ, տեղադրված չի եղել, առհասրաակ որևէ ուղղորդող նշան չի եղել վթարի պահին տարածքում, որը ցույց կտար, որ պետք է երթևեկությունը շարունակել հանդիպակաց գոտիով, ինքն էլ գիշերվա մթության մեջ չի նկատել, որ առջևում փոս է փորված, ու գնացել ընկել է մեջը։
Mediahub-ը տեղեկացավ, որ տվյալ ճանապարհը հիմնանորոգելու մցրույթը շահել է «Լեվշին» ՍՊԸ-ն, որը կառավարության ծրագրով պարտավորվել է ամբողջովին հիմնանորոգել Չարենցավան մտնող և քաղաքից դեպի Կարենիս գյուղ դուրս եկող մի քանի ԿՄ երկարությամբ ճանապարհը, որի մի մասն արդեն գրեթե ավարտել է, մյուս մասում, որտեղ տեղի է ունեցել վթարը, դեռ ջրահեռացման ցանցի կառուցման աշխատանքներ են ընթանում։ Բայց փաստորեն առանց ճանապարհաիյին անվտանգության կանոնները պահպանելու, առանց համապատասխամն կահավորանքի։
Այսօր ամբողջ օրը վնասված մեքենայի տերը, որը մեքենան գիշերը թողել էր դեպքի վայրում, սպասել է, որ տվյալ ընկերությունից պետք է պատասխանատուներ գան, որ հասկանան՝ ինչպես են փոխհատուցելու քաղաքացու կրած վնասը, սակայն ոչ մի իրավասու անձ չի մոտեցել։ Մեզ ասացին, որ ընդամենը ճանապարհի կառուցման վրա աշխատող մի բանվոր է մոտեցել, որը, բնականաբար, չի կարողացել որևէ հոդաբաշխ բան ասել կատարվածի վերաբերյալ։
Վահե Մակարյան