ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դատի կտա բրիտանական BBC մեդիա կորպորացիային չնայած Panorama հաղորդման խմբագրված հատվածների շուրջ առաջացած վեճի համար ներողությանը:
BBC-ն ավելի վաղ Թրամփին պաշտոնապես ներողություն էր հայտնել նախագահի ելույթի հեռարձակման ձևի համար, բայց հրաժարվել էր փոխհատուցում վճարել:
«Մենք պատրաստվում ենք դատի տալ նրանց 1-ից 5 միլիարդ դոլարի համար, հավանաբար հաջորդ շաբաթ: Կարծում եմ՝ ստիպված կլինեմ դա անել: Նրանք նույնիսկ խոստովանել են խարդախությունը», - լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը Air Force One-ում:
Թրամփը նաև ասել է, որ չի քննարկել այդ հարցը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ, բայց պլանավորում է զանգահարել նրան այս շաբաթավերջին: Նա հավելել է, որ Սթարմերը փորձել է կապ հաստատել իր հետ և «շատ է ամաչում» միջադեպի համար:
BBC-ի «Թրամփ. երկրորդ հնարավորությո՞ւն» վերնագրով վավերագրական ֆիլմը ցուցադրվել է 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից կարճ ժամանակ առաջ, որը համատեղում է Թրամփի 2021 թվականի հունվարի 6-ի ելույթի երեք մասերը: Խմբագրումը տպավորություն էր ստեղծել, որ նա բռնության կոչ է արել, երբ իր կողմնակիցները 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման օրը ներխուժել էին Կապիտոլիում։
