ՊԵԿ-ն առգրավել է անգամ անչափաhաu երեխաների iPad-ները․ մանրամասներ՝ Շահնազարյանների տան խnւզարկnւթյnւններից

Մի քանի օր առաջ Բագրատ Սրբազանը հարթակից հայտարարեց, որ իշխանությունները ճնշում են այն գործարարներին, որոնք իր հետ մտերիմ են և շարժման կողքին են։
«Նաև գործարարներին են հալածում, այսօր շատ պատվական մարդու, որ տարիներով ծառայել է մեր պետությանը, իրենց գործարանն են մտել, հարկային խուզարկումներ արել և ձերբակալել են: Հայկ Շահնազարյանն է, «Շահնազարյան» գինու-կոնյակի գործարանը, որ բացեիբաց մեր աջակիցներն են, այսինքն՝ ոչ թե մեր, այլ՝ ճշմարտության: Ինձ հետ է եղել միշտ, միշտ, անթաքույց»,- հայտարարեց Սրբազանը։
MediaHub-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ վայրագ մեթոդներով են Պետեկամուտների կոմիտեի օպերներն ու քննիչները մտել Շահնազարյաններին պատկանող գործարան և բնակարաններ ու խուզարկություն իրականացրել։
Նախ՝ 8-10 հոգով մտել են հայր և որդի Շահնազարյանների տներ, մեկ այլ խումբ էլ միաժամանակ մտել է գործարանի հաշվապահի տուն, ինչպես նաև ութ մեքենայով մտել են գործարան՝ մոտ քսան հոգով, և սկսել են կոշտ խուզարկություն իրականացնել։ Մեզ ասացին՝ մոտ քառասուն համակարգիչ են առգրավել այդ տարածքներից, իսկ ամենամարազմատիկն այն է, որ առգրավել են նաև անչափահաս երեխաների iPad-ներն ու համակարգիչները։ Հարկայինի աշխատողները, հավանաբար, ցանկացել են ստուգել, թե ինչ խաղեր են խաղում և ինչ մուլտֆիլմ են դիտում Շահնազարյանների անչափահաս երեխաները «այփադով», կամ էլ նրանց «դետեկտիվ» ֆանտազիան այն աստիճանի աբսուրդի մակարդակի է հասել, որ երևի մտածել են՝ խոշոր գործարարները իրենց բիզնեսի բոլոր գաղտնի փաստաթղթերն ու տեղեկությունները իրենց անչափահաս զավակների խաղային համակարգիչներում են պահում, դրա համար էլ պետք է դրանք ևս անհապաղ առգրավել։
Խուզարկությունից հետո Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ նշելով․ «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններով, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գինու արտադրությամբ և կոնյակի վաճառքով զբաղվող «Շ…» ընկերության գլխավոր տնօրեն Ս.Շ.-ն, ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձի՝ Հ.Շ.-ի և գլխավոր հաշվապահի՝ Մ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, միասնական դիտավորությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 88.190.429 ՀՀ դրամ հարկ չվճարելու նպատակով հարկային մարմին ներկայացված հաշվարկում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչպես նաև նպատակ ունենալով թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի ծագումը՝ իրականացրել է փողերի լվացում:
Ս․Շ-ն Սամվել Շահնազարյանն է, որը «Գինու-Կոնյակի տուն «Շահնազարյան» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենն է, իսկ Հ․Շ-ն էլ նրա որդին՝ Հայկ Սամվելի Շահնազարյանը, որը ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձն է, իսկ Մ․Ա-ն էլ Մարինե Ասատրյանն է՝ ընկերության գլխավոր հաշվապահը։
Ուշագրավ է, որ իրավապահ մարմինները հենց հիմա՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրերին հիշեցին, որ կարելի է մտնել Շահնազարյանների գործարան և «փողերի լվացում» հայտնաբերել։ Վստահաբար, եթե Շահնազարյանները չաջակցեին Բագրատ Սրբազանին ու նրա առաջնորդած շարժմանը, ՊԵԿ-ը ոչ էլ կհիշեր նրանց մասին։
Վահե Մակարյան