Լեհաստանից Եվրախորհրդարանի պատգամավոր Գժեգոժ Բրաունն անձամբ ոչնչացրել է Ուկրաինական ապստամբական բանակի հետ համագործակցածներին նվիրված հուշարձանը։
1990-ականներին ուկրաինական սահմանի մոտ կանգնեցված այս հուշարձանը պահպանվել էր, քանի որ տեղի բնակիչները վախենել էին ուկրաինացիների կողմից հաշվեհարդարից, եթե այն քանդեին։
Բրաունը Facebook-ում տեսանյութ է հրապարակել, որում ինքը և իր համախոհներից մեկը Դոլհոբիչով համայնքում (Հրուբեշովի շրջան, ուկրաինական սահմանի մոտ) ոչնչացնում են մի կոթող՝ նվիրված 1946 թվականին ՆԿՎԴ-ի (ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ) կողմից սպանված ազգայնականներին։

Հուշարձանի վրա փորագրված են եղել այդ տարածքում սպանված՝ ՈւԱԲ-ի հետ համագործակցած մի քանի տասնյակ անձանց անունները։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են Բրաունն ու իր կուսակցական գործընկերը ծանր մուրճերով ոչնչացնում հուշարձանի վրայի գրությունները։ Բրաունը հայտարարել է, որ հուշարձանը պետք է քանդվեր «հենց այն օրը, երբ այն հայտնաբերվել էր»։ «Այս կոթողը վիրավորում է ուկրաինացիների ձեռքով ցեղասպանության զոհ դարձած լեհերի հիշատակը», - ասել է նա։
Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ տեղի բնակիչները վախեցել են ձեռք տալ հուշարձանին՝ ուկրաինացիների կողմից վրեժխնդրության մտավախությունից ելնելով։ «Այսօր մենք լսեցինք, որ լեհերը վախենում են։ Իմ այն առաջարկին, որ կամավոր հրշեջ ջոկատը կարող է գործողություն ձեռնարկել, հնչեց հետևյալ պատասխանը՝ մեջբերում եմ. «Մենք վախենում ենք, որ մեզ կհրկիզեն»», - պատմել է նա։

Русский