Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները կասեցնելու մասին։
Ըստ որոշման՝ Միլլի Մեջլիսը կասեցրել է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Կսկսվի նաև Եվրանեսթին խորհրդարանի անդամակցությունը դադարեցնելու գործընթաց։
Միլլի Մեջլիսում ստեղծվել է հանձնաժողով, որը կորոշի Եվրախորհրդարանի գործողությունները Ադրբեջանի դեմ, խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում հայտարարել է խոսնակ Սահիբա Գաֆարովան։
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Զիյաֆաթ Ասգարովը, որի անդամներ են Ֆազիլ Մուստաֆան, Մուբարիզ Գուրբանլին, Թահիր Միրկիշիլին, Թուրալ Գանջալիևը, Ժալա Ալիեւան և Սաբինա Խասաեւան։ Միլլի Մեջլիսը քննարկման է դրել «Ադրբեջանի դեմ Եվրախորհրդարանի գործողությունները» հարցը։
Ավելի վաղ Բաքվում Եվրոպական Միության դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Եվրախորհրդարանի ընդունած բանաձրի պատճառով։ Ապրիլի 30-ին Եվրախորհրդարանն ընդունել էր ՀՀ ժողովրդավարությանը սատարող բանաձև, որն Ադրբեջանը որակել է «հակաադրբեջանական»։
Ըստ Բաքվի՝ ԵԽ-ի այս մոտեցումը «բացասաբար է անդրադառնում» տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացի, Ադրբեջանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների հեռանկարների վրա։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ «մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման մասին մեղադրանքները անհիմն են»։

Русский