Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հերթական անգամ փորձեց Արցախը նախապես պայմանավորվածությամբ ու նախանշված սցենարով հանձնելու իր ծրագիրը բարդել արցախցիների վրա՝ հիմա էլ Արցախի ղեկավարությանը անվանելով «փախածներ ու ճողոպրածներ» և հայտարարելով, թե առասպել է այն պնդումը, որ արցախցիները մինչև բռնի տեղահանվելը կռվել են ու պաշտպանել իրենց հողը։ Փաշինյանն անգամ սպառնաց, որ կգաղտնազերծի տվյալներ, որոնք իբրև կփաստեն, որ Արցախում կռվող չի եղել, ու որ հենց Արցախի ղեկավարությունն է փախել ու Արցախը թողել բախտի քմահաճույքին։ Փաշինյանի տրամաբանությամբ՝ Ալիևին այլ բան չէր մնում անելու, քան Արցախը վերցնելը․ «Միֆ է, թե կռվել են մինչև վերջ, կարիք լինի տվյալները կգաղտնազերծեմ, սուտ է, չի եղել տենց բան, փախել են, ճողոպրել են այն պլանով, որ ճողոպրումը ներկայացվելու է որպես ՀՀ կառավարության դավաճանություն»։
Փաշինյանը, որպես իր ասածի փաստարկ, հավելել է․ «Մեր ունեցած տվյալներով՝ Արցախում առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը՝ դա կարող է լինել 80 տոկոսը, կարող է լինել 90 տոկոսը, մնացել է ձեռք չտված։ Դրանից առաջ մենք հնարավորություն էինք ստեղծել, որ քաղաքական գործընթաց լինի, և Ղարաբաղի իշխող շրջանակի որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտեցին, այլ նաև իրականացրեցին իշխանափոխություն, որից մի շաբաթ հետո եղան այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան»։
Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը MediaHub-ի հարցին, թե ո՞վ է իրականում հանձնել Արցախը, ինչո՞ւ է Փաշինյանը նման մեղադրանքներ հնչեցնում Արցախի ղեկավարության հասցեին, թե նրանք փախել են, ճողոպրել Արցախից, չեն պաշտպանել այն, դրա համար էլ Արցախն ընկելն է, պատասխանեց՝ դուք չգիտե՞ք՝ ով է հանձնել․ «Դա Փաշինյանի սովորական ոճն է, նա ամեն ինչի մեղքը կգցի բոլորի վրա, բայց իր վրա մեղք չի վերցնի։ Այնպես չէ, որ ամենաբարձրը գոռացողն է ճիշտ։ Արցախի կորստի հարցում հենց իր մեղքի բաժինը շատ մեծ է։ Պետք է գա խելամիտ իշխանություն, որը կքննի, թե Հայաստանի իշխանություններն ինչ են արել և ինչ չեն արել այդ հարցում, հետաքննեն նաև Արցախի իշխանությունների արածներն ու չարածները։ Իհարկե, Արցախի իշխանություններն էլ են սխալներ թույլ տվել, բայց հարցն ազդեցության և դիտավորության մեջ է, թե ում թույլ տված սխալները որքան մեծ ազդեցություն են ունեցել այդ հարցում և որ սայթաքումն ինչ դիտավորությամբ է կատարվել։ Տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը հպարտանում է իր սխալներով, հատկապես Արցախի հանձնման հարցում իր ունեցած ներդրումով։ Այս երկու հարցում էլ իր կատարածն անհամեմատելի է որևէ մեկի կատարածի հետ՝ Արցախի իշխանությունների, նախկին իշխանությունների, ընդդիմության, ռազմական, հանրային գործիչների»։
Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ արցախցիները մինչև վերջ չեն կռվել, զենքի 90 տոկոսը մնացել է տեղում պնդմանը, ապա դրանց ևս Արտակ Բեգլարյանը չի հավատում, ասում է՝ թող հետաքննեն ու պարզեն։ Մյուս կողմից էլ հակադարձում է՝ մենք անգամ 223 զոհ պիտի չունենայինք մարտերը դադարեցնելու համար։
«Ի՞նչ է, պիտի արցախցին մինչև վերջին մարդը զոհվեր, որպեսզի Փաշինյանի սիրտը հանգստանա՞ր։ Մինչև վերջ կռվում են նրանք, ովքեր փրկվելու հնարավորության հույս են ունենում։ Երբ դու շրջափակման մեջ ես, հյուծված, Հայաստանի Հանրապետության իշխանությունները քեզ տեր չեն կանգնում, ռուս խաղաղապահները իրենց երաշխիքները չեն կատարում, միջազգային հանրություն կոչվածը աջակցում է հակառակորդին, նման պայմաններում ինչու պետք է մինչև վերջ կռվես։ Պետք է 100-120 հազար զոհ տային, որ Փաշինյանն ու ոմանք ասեին՝ հալալ է իրենց, մինչև վերջ կռվեցին, նահատակվեցին։ Մենք ծայրահեղ անհավասար պայմաններում ենք կռվել և վերջնարդյունքն էլ ակնհայտ էր»։
Արտակ Բեգլարյանից հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ, Արցախի ռազմաքաղաքական վերնախավն ի վիճակի՞ էր, հնարավորություն ունե՞ր երկրի ճակատագիրն իր ձեռքը վերցնելու և պատերազմի համար այլ ելք ապահովելու համար։ Փաշինյանը հենց նրանց է մեղադրում, որ չկարողացան Արցախը պահել, տանուլ տվեցին։
«Ես այդ ժամանակ իշխանության ներսում եմ եղել, ծանոթ եմ եղել նրանց որոշումներին և պետք է ասեմ, որ դրանք իրավիճակի վրա ռազմավարական ազդեցություն չեն ունեցել։ Արցախի ղեկավարությունը պատրաստ էր բանակցել Ադրբեջանի հետ, պատրաստ էր անգամ Ակնայի ճանապարհը բացել և բացեց այն դեպքում, երբ դա ցեղասպանական քաղաքականության գործիքակազմ էր, Արցախի ժողովուրդն էլ դրան դեմ էր։ Արցախի ղեկավարությունը շատ որոշումներ կայացրել է իրավիճակը ինչ-որ ձևով փրկելու համար, բայց նրանք պետք է հենվելու կետ ունենային, որը Հայաստանի Հանրապետությունն էր։ Երբ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես գլխավոր հենասյուն, տանիքի տակից փախնում է, ինչի՞ վրա պետք է հենվեինք, երբ Ալիևի պլանն էլ հայերի ցեղասպանությունն ու հայրենազրկումն էր։ Ինչ էլ լիներ, վերջնարդյունքը նույնն էր լինելու, որովհետև Ադրբեջանին Արցախը պետք էր առանց հայերի։ Դա կանխելու համար Հայաստանի Հանրապետության իշխանությունները այլ դիրքորոշում պետք է ունենային։ Արցախի ժողովուրդն այդ ժամանակ քաղաքական, ռազմական առումով մեն-մենակ էր մնացել։ Եթե անգամ համարենք, որ արտաքին՝ աշխարհաքաղաքական, օբյեկտիվ գործոններով աստղերի դասավորությունն այդքան էլ մեր օգտին չէր, ապա գոնե մեր ներքին հարցերում մենք պետք է ներքին դիմադրողականության, դիմակայության մակարդակի բարձրացումն ապահովեինք։ Կարելի է տասնամյակներ շարունակ քննարկել՝ ինչ կարելի էր անել, որ սրան չհասցնեինք։ Բայց դա շատ ավելի հիմնարար վերլուծության ու հետազոտության թեմա է։ Իսկ տվյալ պարագայում ողջ պատասխանատվությունը Փաշինյանի որոշումների տիրույթում էր, իսկ նա որոշել էր, որ Արցախը բեռ է և պետք է ազատվել դրանից։ Նա կայացրել է որոշումը, իրականացրել, և հիմա հպարտանում է դրանով ու դեռ ասում՝ «ես ինչ կապ ունեմ, մեղավորը արցախցիներն են»»։
Թագուհի Ասլանյան

Русский