Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Ժամանց Սոցիալական ոլորտ ՍՊՈՐՏ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչպե՞ս և որքա՞ն գումար կարելի է վաստակել հայկական յութուբյան ալիքներով․ պարզաբանում է փորձագետը

Blog Image

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր աչքալուսանք է տվել յութուբյան կոնտենտ ստեղծողներին՝ հայտարարելով, թե այսօրվանից Հայաստանում պաշտոնապես մեկնարկում է YouTube-ի գործընկերային ծրագիրը, ինչը նշանակում է, որ մոնետիզացիան արդեն հասանելի է մեր երկրում։ Չնայած արդեն երկու ամսից ավելի է այդ համակարգը թեստային ռեժիմով գործում էր նաև մեզանում, և հայկական յութուբյան էջերն այդ միջոցով գումար աշխատելու հնարավորություն են ունեցել։ Փոխարենը հարթակից օգտվող բազմաթիվ օգտատերեր ստիպված են եղել իրենց համար ոչ ցանկալի գովազդներ դիտելու միջոցով վճարել մոնետիզացիայի արդյունավետության համար։ YouTube-ում տեսանյութեր ստեղծելու և հանրայնացնելու միջոցով եկամուտներ ստանալու, այդ հարթակում գովազդները վերահսկելու հնարավորության վերաբերյալ MediaHub-ը զրուցել է մեդիափորձագետ Արթուր Պապյանի հետ։

 

- Պարոն Պապյան, Հայաստանում երբ միացվեցին յութուբյան գովազդները, այդ հարթակով տեսանյութեր, ֆիլմեր, հաղորդումներ դիտողները սկսեցին դժգոհել, որ գովազդները անհարմարություններ են ստեղծում այն աստիճանի, որ շատերը պարզապես դադարեցին օգտվել այդ ցանցից կամ զգալիորեն կրճատեցին դրանից օգտվելու ժամանակը։ Այս ժամանակահատվածում, ինչ գովազդները միացվել են, դուք YouTube հաճախելիության նվազման դինամիկա արձանագրե՞լ եք։ 

- Այն ալիքներում, որոնք ես եմ վերահսկում, նման դինամիկա չեմ նկատել։ Բայց հիշենք, որ մինչև այդ էլ բողոքում էին YouTube-ում հայալեզու կոնտենտ ստեղծողները, որ իրենք այդքան ջանքեր են գործադրում, բայց փոխարենը եկամուտ չեն կարողանում ստանալ՝ ի տարբերություն այլ երկրների։ Այդ խնդիրը լուծելու համար պետական կառույցները ջանքեր էին գործադրում, անգամ երկրի նախագահն այցելեց Google-ի գրասենյակ, բայց խնդիրը կարգավորվեց միայն այս տարվա փետրվարին, երբ YouTube-ը հայտարարեց, որ դեռևս թեստային ռեժիմով Հայաստանում մեկնարկում է մոնետիզացիայի գործընթացը։ Այդ պահից YouTube-ում Հայաստանից գրանցված գովազդային դիտումներից սկսեց գումար գոյանալ և ալիքներ կան, որոնք արդեն եկամուտ են ստացել դրանից։ Պարզ է, որ այդ գումարն օդից չի գոյանում, այլ գովազդների ցուցադրումից և գովազդներ դիտելուց, դա կարող է շատ լուրջ ֆինանսական օգնություն լինել յութուբյան կոնտենտ ստեղծողներին և շահագրգռել նրանց, որ ավելի հետաքրքիր բովանդակություն ստեղծեն։ Շատերի համար դա կարող է  դառնալ գումար վաստակելու լուրջ միջոց։ Եվ թերևս այդ գիտակցումով պետք է վերաբերել յութուբյան գովազդներին՝ ավելի հանդուրժողաբար։ Եթե դու ցանկանում ես, որ քո հավանած էջը, հաղորդումը, ընկերությունը շարունակի իր արդյունավետ ու անընդհատ գործունեությունը, ապա պետք է նաև այդ ընկալումը լինի, որ գովազդները դիտելով՝ նրանց հնարավորություն է տրվում գործունեությունը շարունակելու համար գումար վաստակել և շարունակել նեդրում կատարել տվյալ նախագծի մեջ։ Մյուս կողմից էլ հաշվի առնենք, որ գովազդն այսօր ամենուրեք է՝ հեռուստաեթերներում, Google-ում։ Ընդունենք, որ մենք այդ ծառայություններից անվճար ենք օգտվում, այս կամ այն հաղորդման, տեսանյութի, ֆիլմի համար չենք վճարում, որպեսզի կարողանանք դրանք դիտել և գովազդները հանդուրժելն այն նվազագույն գինն է, որով կարող ենք «վճարել»։

 

- Այնուհանդերձ, եթե հեռուսաալիքներին կա այլընտրանք՝ ինտերնետային ալիքներից օգտվելու հնարավորություն, որի համար, իհարկե, վճարվում է օպերատորին, YouTube-ի դեպքում օգտատերերն այլընտրանք չունե՞ն, որպեսզի գովազդները կարողանան շրջանցել։

- Այլընտրանք կա՝ YouTube Premium-ն է, որի դեպքում գովազդը բացառվում է, սակայն դրա համար օգտատերը պետք է որոշակի գումար վճարի, որից մասնաբաժին է տրվում նրա դիտած ալիքներին։ Այսինքն՝ այդ ալիքները այսպես թե այնպես գումար ստանում են՝ կամ գովազդի համար, կամ առանց գովազդի դիտում ապահովելու։ Բայց այդ համակարգն այս պահին Հայաստանում դեռևս հասանելի չէ՝ անգամ մոնետիզացիան միացնելուց հետո։ Լավ կլիներ, որ այդ երկու հնարավորությունները միաժամանակ գործարկվեին, որպեսզի մարդիկ առանց գովազդի դիտումներ ընտրելու հնարավորություն ունենային։

 

- Մոնետիզացիայի միացումից հետո YouTube-ում անձնական ալիքներ ստեղծած հայ օգտատերերը հայտնեցին, որ իրենց ալիքների դիտումներից չնչին եկամուտ են ստանում, ինչի համար անգամ չարժե ջանքեր գործադրել։ Ի՞նչ եկամուտ կարող է ապահովել հայաստանցի կոնտենտ ստեղծողների համար YouTube-ը։

- Նախ հաշվի առնենք, որ YouTube-ի ընձեռած հնարավորությունները չափազանց շատ են։ Եթե դուք ցանկանաք ստեղծել կայք, վճարեք կայքը ստեղծելու, սերվերի տրամադրման, անվտանգության, վիդեոկոնտենտն արխիվացնելու, պահելու համար, ապա բավականին մեծ գումար պետք է վճարեք։ Այնինչ, YouTube-ն այդ բոլոր հնարավորությունները տրամադրում է ձեզ և դեռ հավելյալ այլ ծառայություններ է ապահովում՝ գովազդային, մարքեթինգային։ Դուք այլևս հարկ չունեք մասնագետների վճարել, որ դրանցով զբաղվեն։ Այս ամենի համար բնականաբար պետք է վճարել, և YouTube-ը ձեր ստացած եկամտից որոշակի կոմիսիա է գանձում դրա դիմաց։ Յուրաքանչյուր տեսանյութի գովազդային եկամտի 55 տոկոսը վճարվում է կոնտենտ ստեղծողին, մնացածը՝ YouTube-ին։ Կարճ տեսանյութերի դեպքում հակառակն է՝  55 տոկոսը գանձում է YouTube-ը։ Կոնտենտ ստեղծողները ավելի շատ գումար կսկսեն վաստակել իրենց դիտումներից ու տեսանյութերի ժամանակ ցուցադրվող գովազդներից, երբ այդ գովազդները հենց հայկական լսարանի համար լինեն, թիրախային։

Դեռևս գովազդների մի մասը թիրախային չէ և ուղղված է շատ ավելի մեծ լսարանի՝ տարբեր երկրներում ապրող ու տարբեր լեզուներով խոսող լսարանի համար է։ Սովորաբար այդպիսի գովազդների համար քիչ է վճարվում։ Ինչ վերաբերում է գումարի չափին, որը կարող է աշխատել կոնտենտ ստեղծողը Հայաստանում, ապա դա կախված է շատ գործոններից։ Եթե դուք ունեք քիչ թե շատ հանրահայտ ալիք, որն օրական 40-50 հազար դիտում ունի, ապա ամսական կարելի է որոշակի շոշափելի գումար գեներացնել։ Լրատվական կայքերի համար դա եկամտի այլընտրանքային աղբյուր ունենալու լավ հնարավորություն է։ Ճիշտ և արդյունավետ աշխատանքի դեպքում ամսական երկու-երեք հազար դոլար եկամուտ կարելի է ունենալ՝ հայաստանյան սահմանափակ լսարանը հաշվի առնելով։ Իսկ եթե վիդեոկոնտենտը հրապուրիչ լինի նաև այլ երկրների լսարանների  համար, օրինակ սփյուռքի մեր հայրենակիցների կամ անգլալեզու կոնտենտ լինի, ապա եկամուտը շատ ավելին կլինի, քանի որ այդ կոնտենտով այլ երկրներից գովազդներ կարող են պատվիրել, գովազդն այլ երկրներում ավելի թանկ է։ Հայաստանում կան յութուբյան ալիքներ, որոնք օրական երկու-երեք միլիոն դիտում են ապահովում։ Հատկապես լրատվական ալիքները։ Իսկ դա արդեն զգալի եկամուտ ստանալու հնարավորություն է։

 

- Ցանկացած եկամուտ նաև հարկային վճարումներ է նախատեսում։ YouTube-ից ակնկալվող գումարը Հայաստանում և՞ս հարկվելու է։

-YouTube-ն ի սկզբանե պահանջում է, որ իր հնարավորություններից օգտվելու համար հարկային կոդ գրանցվի։ Փաստացի դա փոքր կամ գուցե միջին ձեռնարկատիրություն է, որի համար պետք է հարկ վճարվի նույն սկզբունքով՝ շրջանառության հարկի կիրառմամբ։

 

- Հայաստանում YouTube -ի գովազդային բովանդակությունը վերահսկելի՞ է, որպեսզի անթույլատրելի գովազդ հանկարծ չհեռարձակվի որևէ ալիքով։ Հայաստանը հիմա ընտրարշավի փուլում է և արդեն YouTube-ի ալիքներով քաղաքական գովազդ է ցուցադրվում, որի բովանդակությունը երբեմն զրպարտություն ու սուտ է պարունակում, ատելության խոսք։ Բացի դա, կոնտենտ ստեղծողը կարո՞ղ է որոշակի սահմանափակումներ կիրառել իր ալիքով պտտվող գովազդի համար։

- Գոյություն ունի գովազդների թափանցիկության կենտրոն, որի միջոցով կարելի է փնտրել և գտնել, թե այս պահին ինչպիսի՞ գովազդներ են ցուցադրվում։ Բայց Հայաստանի համար այդ կենտրոնի աշխատանքը դեռևս ակտիվ չէ և հայաստանյան լսարանի համար ցուցադրվող գովազդների համար դժվար է տեղեկություն ստանալ։ Բայց դա կարող է անել կենտրոնական ընտրական հանձնաժողովը քաղաքական գովազդների հետ կապված։ Դա այդ կառույցի պարտականությունն է՝ վերահսկել, թե այս կամ այն կուսակցությունից ինչ վճարումներ են կատարվել Google-ին։ Կամ ԿԸՀ-ից կարող են պաշտոնապես դիմել Google-ին՝ ճշտելու համար, թե այս կամ այն գովազդի պատվիրատուն, տեղադրողն ով է։ Ինչ վերաբերում է մյուս հարցին, ապա յութուբյան ալիքի հեղինակը կարող է կառավարել իր էջով ցուցադրվող գովազդի բովանդակությունը՝ նշելով գովազդների այն տեսակը, այն բովանդակությունը, թեման, որը չի ցանկանում իր կոնտենտում տեղադրել։ Օրինակ՝ նշի, որ իր էջով չի ուզում քաղաքական կամ ալկոհոլի քարոզչություն անող գովազդ շրջանառել։ Կարող են նաև արգելափակել այն գովազդը, որը չեն ցանկանում իրենց էջով ցուցադրվի։

 

Զրուցեց Թագուհի Ասլանյանը

Send