Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանը մոռացե՞լ է, որ արձակուրդում է և վարչական ռեսուրսի չարաշահմա՞մբ է զբաղված

Blog Image

Երեկ Վանաձորի հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, որը ներկայում քարոզարշավ իրականացնելու նպատակով գտնվում է արձակուրդում և, ըստ այդմ, չի իրականացնում վարչապետի պաշտոնից բխող գործառույթներ, հրապարակավ հայտարարեց, որ այսօր ԱԱԾ-ն պետք է հաղորդում ներկայացնի Քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի դեմ, և հույս հայտնեց, որ ՔԿ-ում հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ կհարուցվի։

Լավ իմանալով, թե այսօր ինչպես է գործում իրավապահ համակարգը, կարելի է ենթադրել, որ Փաշինյանը փաստացի հրապարակային ուղերձ կամ ակնկալիք հնչեցրեց ուժային կառույցների հասցեին՝ Անդրանիկ Թևանյանին նման ծանր մեղադրանքով պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Առայժմ Քննչական կոմիտեն ԱԱԾ-ից որևէ նման հաղորդում չի ստացել, սակայն օրը դեռ առջևում է, և պարզ կդառնա՝ արդյոք նման զարգացում կլինի, թե ոչ։

MediaHub-ը փաստաբան Արամ Վարդևանյանից հետաքրքրվեց, թե որքանով է իրավաչափ, երբ ՔՊ թեկնածու Նիկոլ Փաշինյանը, գտնվելով արձակուրդում և իրականացնելով նախընտրական քարոզարշավ, հանդես է գալիս պաշտոնից բխող գործառույթների շրջանակին առնչվող հայտարարություններով։

Փաստաբանի խոսքով՝ ցանկացած պաշտոն զբաղեցնող անձ՝ գործադիր իշխանության ղեկավարից մինչև պայմանական նախարարության վարչության պետ կամ ՏԻՄ պաշտոնյա, եթե հանդես է գալիս որպես պատգամավորի թեկնածու, չի կարող իր պաշտոնական կարգավիճակն օգտագործել, քանի որ դա կարող է գնահատվել որպես վարչական ռեսուրսի օգտագործում կամ դրա օգտագործման արգելքի խախտում։

Փաշինյանի հայտարարության վերաբերյալ Արամ Վարդևանյանը խորհուրդ տվեց առայժմ սպասել՝ հասկանալու համար, թե ինչ զարգացումներ կհետևեն և միայն դրանից հետո տալ իրավական գնահատական։

«Երեկվա դեպքը գնահատելու համար պետք է տեսնել, թե ինչ գործողություններ են հաջորդելու։ Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում հաճախ հղում է արվում քաղաքական հայտարարության հանգամանքին՝ փորձելով այն տարանջատել իրավապահ մարմինների գործունեությունից։ Սակայն դա ինքնին բավարար հակափաստարկ չի կարող համարվել։ Ամեն դեպքում սպասենք իրադարձությունների զարգացմանը»,- նշեց նա։

Միևնույն ժամանակ, նույնիսկ եթե բացառվի վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման հանգամանքը, գործադիր իշխանության ղեկավարը, ըստ էության, չպետք է որևէ ներգրավվածություն ունենա իրավապահ մարմինների քրեադատավարական գործունեության հետ կապված գործընթացներում, քանի որ դա արդեն կարող է իրավական հարցադրումներ առաջացնել։

Հարցին՝ իշխանափոխությունից հետո հնարավո՞ր կլինի անդրադառնալ նմանատիպ իրավախախտումներին և սահմանել պատասխանատվություն, Արամ Վարդևանյանը պատասխանեց, որ բոլոր այն դեպքերը, որոնց մինչ օրս պատշաճ իրավական գնահատական չի տրվել, սակայն առերևույթ պարունակում են քրեորեն հետապնդելի արարքների հատկանիշներ, պետք է ստանան համապատասխան գնահատական։

«Այս պահին դա հնարավոր չէ, սակայն ապագայում այդ հարցերին անդրադարձ անպայման լինելու է։ Օրինակ՝ եկեղեցու գործունեությանը միջամտությունը ցանկացած եվրոպական երկրում կարող էր դառնալ առանձին քրեական վարույթի առարկա, մինչդեռ Հայաստանում նման գործընթաց չի նախաձեռնվել, որովհետև իրավապահ մարմինների անկախ գործունեության բավարար երաշխիքներ չունենք»,- նշել է փաստաբանը։
 
Թագուհի Ասլանյան

Send