Մեր տեղեկություններով՝ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում «Մայր Հայաստանի» մարզային գրասենյակներում։ Ըստ մեր աղբյուրները փոխանցում են, որ հատկապես ակտիվ են խուզարկությունները Գյումրու գրասենյակներում։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԱԾ-ն ԲՀԿ ցուցակով առաջադրված Անդրանիկ Թևանյանի բնակարանում խուզարկություն էր իրականացնում։ Նրա թիմակիցներն առավոտ կանուխ հայտարարեցին, որ փորձ է արվում Թևանյանին ձերբակալելու։
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Վանաձորում իրականացվող հանրահավաքի ժամանակ Անդրանիկ Թևանյանին մեղադրեց պետական դավաճանության մեջ։ Իսկ ահա երեկ ՔԿ-ն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել Թևանյանի նկատմամբ։ «ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշված էր հաղորդագրության մեջ:

Русский