MediaHub-ը գրել էր, որ ականատեսների փոխանցմամբ՝ Բաղրամյան պողոտայում ավտոբուսից հանկարծակի պայթյունի ձայն է լսվել, ինչից հետո ուղևորները շտապ տարհանվել են։ Դեպքի վայրում կարճ ժամանակ անց խուճապ է առաջացել, սակայն ներկաները փորձել են արագ վերահսկել իրավիճակը։
MediaHub-ի տեղեկություններով՝ դեպքի հետևանքով մեկ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է։ Նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել դեպքի վայրում հավաքվածները։
Քաղաքացիների խոսքով՝ դեպքից անմիջապես հետո օգտագործվել են կրակմարիչներ, ինչի շնորհիվ հաջողվել է կանխել ավտոբուսի հնարավոր հրդեհումը։
Մեր տեղեկություններով՝ պայթունի ձայնը եղել է ավտոբուսի անսարքության պատճառով։ ՆԳՆ-ից MediaHub-ին հայտնեցին, որ նախնական տեղեկություններով՝ պայթուն չի եղել, տուժածներ չկան։
MediaHub-ը դիմեց նաև «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանին, ով մանրամասներ հայտնեց․ «Տուրբո համակարգի խնդիր է եղել, որ երբեմն պատահում է դիզելային վառելիքով շահագործվող տրանսպորտային միջոցներում, ծուխը դրա հետևանքն է, ձայնն էլ նրա հետևանքն է, որ երբ տուրբո համակարգում խնդիր է լինում, անվտանգության բարձիկները ձայնով բացվում են, նախազգուշացնելու համար, որ խնդիր կա»։
Նա հայտնեց, որ բարեբախտաբար, տուժածներ չկան, թե՛ ուղևորների շրջանակում, թե՛ վարորդի մոտ. «Որպես հավելում ասեմ, որ պարտադիր զննումը իր սերվիսում տվյալ մեքենան անցել էր երեկ, սա ասում եմ, որ ընկալելի լինի՝ չի կարող լինել իրավիճակ, որ մեքենան խնդրով դուրս եկած լինի»։
Մարիաննա Արամյան

Русский