Երեկ Վանաձորում, ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ Սամվել Կարապետյանի, նրա եղբոր ու քրոջ որդիներին և, կապկելով Փաշինյանին, հարց հնչեցրեց, թե ինչու նրանք չեն մեկնել առաջնագիծ 44-օրյա պատերազմի ժամանակ և չեն նահատակվել կամ գոնե վիրավորվել հանուն Հայաստանի, եթե ամենուրեք որպես «խիստ հայրենասեր» են ներկայանում։
Մինչև դա էլ հիշեցնենք, որ Փաշինյանն այդպիսի խոսույթով հանդես եկավ և Արցախի ռազմաքաղաքական վերնախավի ողջ մնացած ու չգերեվարված ներկայացուցիչներին մեղադրեց այն բանում, որ նրանք պատերազմի ժամանակ չեն զոհվել, ողջ են մնացել ու եկել են Հայաստան։ Փաշինյանից հետո իր թիմի անդամների կողմից նույն խոսույթը զարգացնելն ու գրեթե Փաշինյանի համոզմունքներն ու հորինվածքները կրկնելը մեզ համար նորություն չեն։ ՔՊ-ականները վաղուց են սեփական կարծիքը, սկզբունքները մի կողմ դրել ու լծվել որպես մեկ հոգու ասածների ու արածների կամակատար ծառայելու գործին։ Փաշինյանը մի բանի մասին եթե ասում է՝ այսպես է, ուրեմն այդպես է և որևէ բառ, տառ, անգամ ստորակետ շեղելու իրավունք նրանց չի տրվում, դա հղի է գործից ազատվելու դիմումի մասին SMS ստանալու, կամ եթե տվյալ պաշտոնյայի բախտը չբերի՝ քրեական գործով դատարաններում մաշվելու վտանգով։ Այդ աշխատաոճին հավատարիմ էլ Պապիկյանը այնքան էր ոգևորվել Վանաձորի հրապարակում, որ անգամ ժամանակ չունեցավ մտածելու՝ իր ասածները վերաբերում են նաև իր թիմակիցներին, ՔՊ այն պաշտոնյաներին ու պատգամավորներին, որոնց չափահաս որդիները պատերազմի ժամանակ, ինչպես Պապիկյանը ձևակերպեց, մամաների փեշի տակ են թաքնվել։
Դիցուք, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի 31-ամյա որդին՝ Շանթ Բագրատյանը, որը արդեն հասցրել է իր կենսագրությունն արատավորել քրեական աղմկահարույց պատմություններով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար, ինչպես նաև զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության համար), որտե՞ղ է եղել պատերազմի օրերին, ինչո՞ւ է նա պատերազմից հետո ողջ մնացել, չի նահատակվել, նույնիսկ հասցրել է 2022 թվականին խուլիգանության համար բերման ենթարկվել:
Նույն խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Ալբերտ Սուքիասյանը, ըստ պատգամավորի մամուլի խոսնակի՝ 44-օրյա պատերազմի օրերին ներգրավված է եղել հայրենիքի պաշտպանությանը, իրեն վերապահված պարտականությունների շրջանակներում իրականացրել է ծառայությունը:
Լավ է, որ պարոն Սուքիասյանի որդին ինչ-որ ձևով ներգրավված է եղել հայրենիքի պաշտպանությանը, սակայն Սուրեն Պապիկյանի համար անհասկանալի է, թե ինչու է նա ողջ մնացել, ինչու չի նահատակվել հանուն հայրենիքի՝ եթե ընդհանրացնենք պաշտպանության նախարարի խոսքը։ Ի դեպ, այսօր ողջ են նաև Խաչատուր Սուքիասյանի եղբայրների որդիները՝ Սարիբեկ Սուքիասյանի որդի Դավիթ Սուքիասյանը, Ռոբերտ Սուքիասյանի որդի Արիկ Սուքիասյանը, Էդուարդ Սուքսիասյանի որդիները՝ Լևոն և Խաչատուր Սուքիասյանները։
44-օրյա պատերազմից հետո փաստորեն հանուն հայրենիքի չեն զոհվել նաև ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի նախ ավագ «բարձրակարգ» որդին՝ Լևոնը, որը հենց «բարձրակարգ» լինելու հանգամանքով պայմանավորված, իսկ իրականում՝ մեկ առողջական խնդիրներ ունենալու, մեկ՝ գիտությամբ զբաղվելու պատրվակով անգամ զինվորական ծառայությունից է խույս տվել, նաև նրա կրտսեր որդին՝ Վազգենը։
Արդյո՞ք դա վկայում է այն մասին, որ տղաները չեն սիրում իրենց հայրենիքը, որովհետև չեն եղել առաջնագծում ու իրենց կյանքը չեն զոհաբերել։ Համենայն դեպս նման կարծիք ունի պաշտպանության ոլորտը ղեկավարող նախարարը։
Իշխող կուսակցության պատգամավոր Վահե Ղալումյանը ևս երկու չափահաս որդի ունի՝ Աշոտը և Վլադիմիրը, որոնց մասին ևս Սուրեն Պապիկյանը կարող էր հարց հնչեցնել, թե նրանք ինչու են արցախյան վերջին պատերազմից հետո ողջ կամ առողջ մնացել, չեն նահատակվել կամ վիրավորվել, հաշմանդամ չեն դարձել, ինչո՞վ են առավել զոհված ու հաշմված տղաներից։ Ի դեպ, պատգամավորի երկու որդիները «Հետք» պարբերականի տեղեկացմամբ՝ առողջական խնդիրների պատճառով ազատվել են ծառայությունից։
Առանձնապես «հայրենսիրությամբ» աչքի չեն ընկել նաև ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի երկու որդիները՝ Միսակը և Նարեկը, որոնք ևս ազատվել են զինծառայությունից՝ առողջական հիմքով։
Պապիկյանի թեթև ձեռքով կազմված այս պսևդոհայրենասերների ցուցակը կարելի է երկար շարունակել՝ դրանում ընդգրկելով իշխող կուսակցության ներկայացուցիչների՝ ոչ միայն պատգամավորների, այլ նաև կառավարության անդամների, նախարարների որդիների անունները։ Բայց սահմանափակվենք այսքանով՝ հուսալով, որ Սուրեն Պապիկյանը մյուս անգամ որևէ մեկին թիրախավորելիս նախ իրենց աչքի գերանը կտեսնի, հետո նոր կանդրադառնա դիմացինի աչքի փուշին։
Թագուհի Ասլանյան

Русский