«Բոլորին դեմ եմ» կուսակցության 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքից։
Կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված էր 87 թեկնածու, որոնցից այժմ մնացել է 37-ը։
MediaHub-ի հետ զրույցում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը վստահեցրեց, որ այս գործընթացում որևէ արտառոց բան չկա։ «Մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ չենք գալիս աշխատելու որպես ընդդիմություն կամ պատգամավոր՝ աշխատավարձ ու պարգևավճար ստանալու նպատակով։ Շատ իրատեսորեն ենք գնահատում մեր հնարավորությունները և գիտենք, որ 51 տոկոս ձայն չենք հավաքելու։ Ցուցակում մնացել են այն մարդիկ, որոնց թիվը համապատասխանում է այն պոտենցիալ ձայների ծավալին, որ կարող ենք հավաքել։ Այս ամենը նախապես պայմանավորված, հայտարարված և փոխադարձ համաձայնեցված գործընթաց է»,- ասաց մեր զրուցակիցը։
Կարապետյանցի խոսքով՝ ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուները շարունակում են ակտիվ մասնակցել կուսակցության քարոզարշավին և մնալ թիմի անդամ։
«Այդ մարդիկ շարունակում են մասնակցել մեր քարոզարշավներին, մեր թիմի մասն են կազմում և աջակցում են մեզ»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ եթե վստահ լինեին, որ կարող են հավաքել 51 տոկոս ձայն, ապա այս թեկնածուները ինքնաբացարկ չէին ներկայացնի։
Էմմա Մարտիրոսյան

Русский