Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վարդապետյանն ադրբեջանցիներին նեղացնող հայերին բա՞նտ կուղարկի

Blog Image

Երեկ գլխավոր դատախազն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այնպիսի հայտարարություն արեց, որի համար Նիկոլ Փաշինյան էլ կարող էր ժամանակին խիստ զայրանալ և անարգանքի սյանը գամել պաշտոնյային, քանի որ ՀՀ այսօրվա վարչապետը ընդդիմադիր եղած ժամանակ հակառակ պնդումներ է արել։

Պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների նկատմամբ հարուցված քրեական գործերին, նրանց անգամ ոչ աշխատանքային օրերով ՔԿ հարցաքննությունների կանչելու և այդպիսով իրենց հոգևոր ծառայությունները խաթարելու, մարդկանց պատարագներին մասնակցելու իրավունքից ու հնարավորությունից զրկելու նախաձեռնություններին վերաբերող հարցին, որի ժամանակ պատգամավորը նաև շեշտեց, որ այդպիսով իրավապահները թե՛ պետական և թե՛ ազգային շահին են վնասում, Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ ՀՀ դատախազությունը ազգային շահերի պաշտպանությամբ չի զբաղվում, այլ զբաղվում է պետական շահի պաշտպանությամբ․ «Ինչ վերբերում է պետական շահի պաշտպանությանը, այո, դատախազությունը պետական շահ է պաշտպանում, ազգային շահ չի պաշտպանում»։ 

Ստացվում է, որ Աննա Վարդապետյանը տարանջատում է ազգային շահը պետական շահից՝ լուրջ հարցեր առաջացնելով։ Ասել է թե պետությունը ամենևին ազգային շահերի կրողը չէ՞, ազգը չի՞ ձևավորում տվյալ պետությունը, որի նպատակը իր շահերի ապահովումն է՝ իրենց անվտանգությունը, բարեկեցությունը, իրավունքները, ինքնիշխանությունը, մշակույթի պահպանությունը և այլն, և այլն։

Այդ դեպքում տիկնոջ համար պետական ինստիտուտները, ինչպես նաև իրավապահ համակարգը՝ հանձին գլխավոր դատախազության, ո՞ւմ պետք է ծառայեն, ո՞ւմ շահերը պետք է պաշտպանեն՝ առանձին քաղաքական խմբակի՞, որն էլ, ի դեպ, կողմնորոշվում է հիմնականում պետության «զարգացման» ադրբեջանաթուրքական նախանշած ճանապարհային քարտեզով։ Ի՞նչ վտանգավոր խոստովանություն արեց Փաշինյանի պաշտոնյան՝ պնդելով, թե իր ղեկավարած կառույցը պետական շահի կրող է և ամենևին ոչ՝ ազգային։ Ի վերջո, պետությունը իրացնում է ազգային շահը։ Իսկ ազգային շահը պետության և նրա ժողովրդի հիմնարար շահերն ու նպատակներն են, որոնք ապահովում են պետության անվտանգությունը, զարգացումը, բարօրությունը և ինքնիշխանությունը։ Այսինքն՝ ազգային շահն ավելի գերակա է, քան պետական շահը, քանի որ ազգային շահն է պետական շահը ձևավորում։ Ի դեպ, դեռ 2010 թվականին «Հայկական ժամանակում» Փաշինյանը մարտի մեկի թեմայով «Պետական շահի առեղծվածը» հոդվածում այսպիսի դիտարկումներ է արել․ «․․․ իմ հաստատ համոզմամբ, Հայաստանի Հանրապետության շահն ու հայ ժողովրդի շահը տարբեր չեն, նույնն են։ Հենց էս ա էն առանցքային գաղափարը, որի համար ես պաշտպանել եմ Համաժողովրդական շարժումը։ Եթե համարենք, որ նշված երկու շահերը տարբեր են, ուրեմն կարող ա պահը գա` նաև դրանք իրար հակադրենք։ Մարտի 1-ն արդարացնողների հիմնավորումը չէ՞ որ հենց դա ա, որ պետական շահը պահանջում էր «խռովության» ճնշում։ Ու գլխավոր խնդիրը էն չի, որ դա ասողները սխալ են մեկնաբանում պետական շահը, այլ էն, որ մեկ անձ կամ մեկ խումբ կարող ա իրան վերագրել էդ շահը հասկանալու մենաշնորհը` խլելով էդ իրավունքը ժողովրդից, կամ, ավելի ճշգրիտ բառն օգտագործեմ` հասարակությունից․․․»։ 

Փաստորեն ժամանակին, երբ Փաշինյանն ընդդիմություն էր, նրա ականջների համար էլ էր խորթ այն տարանջատումը, որն Աննա Վարդապետյանի համար հստակ գաղափարախոսություն է։ Բայց տարիներն ու իշխանությունն իրենց խմբագրումներն արեցին նաև Փաշինյանի աշխարհընկալման մեջ, քանի որ իշխանության գալով՝ ժողովրդին, ազգին խաբելու, մոլորեցնելու միջոցով, թե ինքը ևս ժողովրդի, ազգի շահի կրողն է, նա պետական շահի հիմքում դրեց ապազգայնությունը։ Ապազգային չէ՞ արդյոք հայ ազգին իր հիշողությունից տարանջատելը՝ մոռացության տալով մեր ազգային խորհրդանիշները, Արևմտյան Հայաստանի, Արցախի նկատմամբ մեր սեփականության իրավունքը և սերունդներին երբևէ դրանք ազատագրելու, այդ հողերին տեր լինելու պատգամը, մեր պահանջատիրությունը, ապազգային չէ՞ պետության, ժողովրդի համար Հայ Առաքելական եկեղեցու գերակայությունը վերացնելու ձգտումը, Սփյուռքի հետ աստիճանաբար Հայաստանի Հանրապետության կապերի խզումը՝ Սփյուռքի առաջ հստակ պատնեշներ կառուցելով․․․

Անցած տարվա ելույթներից մեկում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը փոքրիկ դասախոսություն էր որոշել կարդալ իր ենթակաների  համար, որում ազգի և ժողովրդի մասին իր պատկերացումներն էր պարտադրում։ Եվ հենց այդ ելույթում նա փորձում էր դահլիճում ներկաներին բացատրել, որ ազգն ընդամենը էթնիկ ծագումով միմյանց հետ կապված մարդկանց միավորումն է։ Հետևաբար հայ ազգը էթնոսով հայերն են։ Այնինչ ժողովուրդը պատրադիր չէ, որ ազգային ծագում ունենա, հայ ժողովուրդն, ըստ նրա, ՀՀ քաղաքացին է, որը կարող է լինել նաև այլ ազգի ներկայացուցիչ, ոչ էթնիկ հայ, բայց եթե նա բնակվում է Հայաստանում, ուրեմն հայ ժողովրդի զավակ է։ 

Պատկերացնո՞ւմ եք՝ մոտենաք, օրինակ, որևէ եզդիի կամ մոլոկանի, թեկուզ Հայաստանում բնակվող հնդիկի և նրան փոխանցեք վարչապետի խոսքերը, ինչպիսի՞ն կլինի արձագանքը։ Տգիտությա՞ն, թե հեռահար նպատակի դրսևորում են Փաշինյանի նման բովանդակությամբ հայտարարությունները։ Նա պարբերաբար ընդգծում է, թե մեր պետությունը պետք է պաշտպանի հայ ժողովրդի շահը։ Փաստորեն, դրանով նա հայ ազգին նկատի չունի և ոչ էլ հայկական ազգային շահը, որի դեմ ընդգծված կոշտ քաղաքականություն է իրականացնում։

Պարզ է, թե Աննա Վարդապետյանը ում գաղափարներն է փոխառել։ Հասարակն քաղաքացու, հայի համար Փաշինյանի ու Վարդապետյանի այս խոսքերը գուցե մտահոգություն չեն առաջացնում, բայց քիչ թե շատ բարձր գիտակցություն և ազգային արժանապատվություն ունեցող հայի համար դրանք ահազանգի առիթ են մանավանդ ներկա իրողություններում, երբ ավելի ու ավելի բացահայտ է խոսվում ադրբեջանական համայնքի՝ Հայաստան վերադարձի մասին, ինչը բնավ հայկական ազգային շահից չի բխում։

Նրանց Հայաստանում բնակավայրեր տրամադրելուց առաջ են հնչում պետական շահի՝ ազգային շահի նկատմամբ գերակայության մասին ամեն տեսակի հայտարարությունները, որպեսզի ադրբեջանցիների վերադարձը նորից տեղավորեն պետական շահի շրջանակում։ Օրինակ՝ հայտարարեն, թե պետական շահից է բխում պատերազմի բացառումը, իսկ որպեսզի պատերազմ չլինի, պետք է թույլ տանք, որ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում բնակված ադրբեջանցիները վերադառնան իրենց երբեմնի տները։ Եվ Աննա Վարդապետյանն էլ, այդ ժամանակ գործեր հարուցելով ադրբեջանցիներին ոչ բարյացակամորեն ընդունած հայ ազգի ներկայացուցիչների դեմ, կհայտարարի, թե ինքը պետական շահից ելնելով է դա անում։

Ու չի բացառվում, որ գա մի պահ, երբ պետական շահի համար հայերը հայտնվեն բանտում, իսկ Փաշինյանի համոզմամբ հայ ժողովուրդ համարվող ադրբեջանցիները Հայաստանում զգան իրենց ինչպես տանը։ Գուցե շատ տարիներ առաջ այս ամենը ֆանտաստիկ ժանրի պատում թվար, իսկ այսօր կա՞ որևէ մեկը, որը չի հավատում դեպքերի նման զարգացմանը։

Թագուհի Ասլանյան

Send