Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ո՞ւմ է ուղղված Թրամփի «փոթորիկը». կա՞ վտանգ Հայաստանի համար

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ «մոտենում է փոթորիկ, և ոչինչ չի կարող կանգնեցնել այն, ինչ գալիս է», արդեն լայն քննարկումների թեմա է դարձել միջազգային քաղաքական դաշտում։ Հայտարարությունն ունի խորքային քաղաքական ենթատեքստ։ Իսկ ո՞ւմ է այն ուղղված։

MediaHub-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանը կարծիք հայտնեց, որ Թրամփի խոսքերը առավելապես կարելի է կապել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

«Համաշխարհային նավթի զգալի մասը անցնում է Հորմուզի նեղուցով, և, բացի նավթից, դա չափազանց կարևոր տրանսպորտային ուղի է։ Թրամփը այս կերպ փորձում է շրջափակման մեջ պահել Իրանին և իր համար ձեռնտու պայմաններով գործարք կնքել։ Իրանը, իր հերթին, հայտարարում է, որ դա բերելու է նավթի համաշխարհային գների բարձրացման։ Քանի որ Իրանը նավթային երկիր է, դրանից մեծ եկամուտներ է ստանում և պնդում է, որ չի տուժելու։ Այժմ ընթանում է դիրքային խաղ՝ շախմատային տախտակի նման, և կողմերը փորձում են փոխադարձ ճնշումների միջոցով ավելի շահավետ պայմաններ ապահովել բանակցային սեղանի շուրջ»,- ասաց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է նման հայտարարությունների ազդեցությանը փոքր երկրների վրա, մասնավորապես Հայաստանի, ապա, ըստ քաղաքագետի, դրանք անմիջական և զգալի ազդեցություն չունեն։

«Ուղղակի ազդեցություն չկա, թեև Չինաստանից ապրանքների մի մասը Հայաստան է հասնում Հորմուզի նեղուցով, և որոշ առումով Հայաստանը նույնպես կարող է տուժել։ Եթե նեղուցը փակվի, ապրանքները կտեղափոխվեն այլ ուղիներով, ինչի հետևանքով դրանք կարող են թանկանալ։ Սակայն ազդեցությունն այնքան մեծ չէ՝ համեմատած այլ երկրների հետ»,- նշեց Վարդանյանը։

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ նման հայտարարությունները առաջին հերթին ուղղված են գլոբալ քաղաքական խաղացողների միջև ուժերի բալանսի վերաձևավորմանը։ Այդուհանդերձ, դրանց ալիքային ազդեցությունը, թեկուզ սահմանափակ չափով, կարող է հասնել նաև փոքր տնտեսություններ ունեցող երկրներին, ինչպիսին Հայաստանն է։

Ալիտա Եղիազարյան

Send