Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները Փաշինյանի քարոզչական պաստառներն են փակցնում Երևանի շենքերի պատերին։ Այդ մասին ահազանգում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Մանթաշյանը։
Ըստ Մանթաշյանի՝ նրանց հետ է եղել նաև Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը։
MediaHub-ը դիմեց ԿԸՀ՝ հասկանալու՝ արդյո՞ք իրենք ահազանգ ստացել են, և ի՞նչ են պատրաստվում անել․ «Փաստացի մենք չենք տեսել, որ քաղաքապետարանի աշխատակիցները փակցրել են քարոզչական պաստառներ, բայց միևնույն ժամանակ, ահազանգի հիման վրա դիմել ենք քաղաքապետարան և զգուշացրել ենք, որ ուշադիր լինեն, իսկ քաղաքապետարանի աշխատակիցներն իրավունք չունեն աշխատանքային ժամին որևէ քարոզչական պաստառ փակցնելու։ Քաղաքապետարանի աշխատակիցները ևս ուսումնասիրում են տեսանյութը, որ հասկանան՝ արդյո՞ք իրենց աշխատակիցներն են փակցրել, թե՝ ոչ»։
Երևանի քաղաքապետարանից էլ MediaHub-ին հայտնեցին, որ Ավետիք Բաբայանը քարոզարշավի չի մասնակցում։ «Նա շրջայցի է եղել տարածքում, շտաբի հետ կապ չունի, պարզապես տեսել է իր աշխատակիցներին, որոնք արձակուրդում են, և փակցրել են այդ պաստառները»,- ասացին Երևանի քաղաքապետարանից։

Русский