Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Զելենսկին Փաշինյանին զգուշացրե՞լ է, որ մայիսի 9-ին չմեկնի Մոսկվա

Blog Image

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերթական անգամ հայտարարել է մայիսի 9-ին Ռուսաստանի Կարմիր հրապարակը հրթիռակոծելու մասին՝ նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության տարած հաղթանակի կապակցությամբ անցկացվող հաղթանակի շքերթը «հարամելու» և փաստացի այն արյունալի ողբերգության վերածելու համար։

Իր տելեգրամյան ալիքում Զելենսկին զարմանք է հայտնել, որ Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրները ցանկություն են հայտնել մասնակցելու շքերթին։ Ըստ Զելենսկու՝ տարօրինակ ցանկություն է այդ օրերին Ռուսաստանում լինելը։

Նա խորհուրդ չի տվել այդ երկրների պաշտոնյաներին մասնակցել մայիսի 9-ի շքերթին Մոսկվայում՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը մերժել է մայիսի 6-ից հրադադար հայտարարելու մասին Ուկրաինայի առաջարկը և հարվածներ է հասցրել ուկրաինական քաղաքներին։ Ինչին ի պատասխան էլ Զելենսկին մտադիր է հայելային հարվածներ հասցնելով խախտել Ռուսաստանի նախագահի՝ այդ օրերին հայտարարված հրադադարի որոշումը։

«Նրանք ուզում են Ուկրաինայից թույլտվություն իրենց շքերթն անցկացնելու համար, որպեսզի կարողանան անվտանգ կերպով տարին մեկ անգամ մեկ ժամով դուրս գալ հրապարակ, ապա վերադառնալ մեր ժողովրդին սպանելուն և կռվելուն։ Ռուսներն արդեն խոսում են մայիսի 9-ից հետո հարվածների մասին։ Ռուսաստանի ղեկավարության տրամաբանությունը տարօրինակ է և ոչ ադեկվատ։ Ուկրաինայի դիրքորոշումը հնարավորինս թափանցիկ է և ազնիվ. Ուկրաինան կգործի նույն կերպ։ Եթե լռություն լիներ, ուկրաինական պատժամիջոցներ չէին լինի»,- հայտնել է Զելենսկին։

Ռուսաստանը միակողմանիորեն հրադադար է հայտարարել մայիսի 8-ին և 9-ին՝ հաղթանակի շքերթն անցկացնելու նպատակով, նաև սպառնալով Ուկրաինային զանգվածային հարված հասցնել Կիևի կենտրոնին, եթե շքերթը խափանվի, «համարժեք պատասխան» տալ հրադադարի խախտման դեպքում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն դիվանագիտական ներկայացուցչություններին նախազգուշացրել է՝ հնարավորինս արագ տարհանել անձնակազմը Կիևից՝ ասելով, որ եթե Հաղթանակի օրվա միջոցառումները խափանվեն Կիևի կողմից, Մոսկվան ի պատասխան լայնածավալ հարված կհասցնի քաղաքին:

Հրադադարը խախտելու միջոցով շքերթը խափանելու մասին Զելենսկին դեռ Հայաստանում էր ակնարկել՝ Երևանում մասնակցելով եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ «Ռուսաստանը հայտարարել է, որ Մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկա չի ներկայացվելու։ Սա առաջին դեպքն է երկար տարիների ընթացքում, որ Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ ռազմական տեխնիկան դուրս բերել շքերթի։ Նրանք նաև վախենում են, որ շքերթի պահին Կարմիր հրապարակի վրայով անօդաչուներ կթռչեն։ Դա շատ խոսուն է և վկայում է այն մասին, որ ռուսներն այժմ ուժեղ չեն, այդ պատճառով մենք պետք է շարունակենք ճնշումը՝ պատժամիջոցների միջոցով», - հայտարարել է Զելենսկին։

Արդյո՞ք Զելենսկու սպառնալիքն է դրդել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատճառաբանելով, թե ներգրավված է լինելու նախընտրական քարոզարշավի մեջ, որոշել է չմեկնել Մոսկվա և չմասնակցել մայիսի 9-ի շքերթին։

Կարելի է ենթադրել, որ Երևանում գտնվելու ժամանակ Ուկրաինայի ղեկավարը նրա ականջին փսփսացել է, որ Փաշինյանի կյանքի համար մտահոգվելով՝ նրան խորհուրդ չի տալիս շքերթի օրը մեկնել Մոսկվա, ինչպես, օրինակ, նա նախորդ տարի արեց և, ճիշտ է, խոժոռ դեմքով, բայց իր ներկայությամբ պատվեց շքերթը։ Ի վերջո ֆաշիզմի դեմ հաղթանակում հայ ժողովուրդը հսկայական ավանդ է ունեցել և խորհրդային պետություններից պատերազմ ամենաշատը Հայաստանից են մեկնել, 300 հազար զոհ ենք ունեցել՝ նորից ռեկորդային թվով՝ ողջ 15 հանրապետությունների մեջ։

Եվ եթե վարչապետի մակարդակով չի ստացվում, ապա գոնե այլ պաշտոնյայի Փաշինյանը կարող էր այդ օրն ուղարկել Մոսկվա։ Բայց ոչ ինքը, ոչ որևէ ՔՊ-ական պաշտոնյա մայիսի 9-ին Մոսկվա չի գնա՝ չգիտես Զելենսկու նախազգուշացումներով, թե Ռուսաստանի հետ աստիճանաբար, իսկ վերջին ժամանակահատվածում կտրուկ ձևով Հայաստանի կապերը վերջնականապես խզելու ռազմավարությամբ պայմանավորված։ Եվ եթե պատճառն առաջինն է, ապա Հայաստանի իշխանություններն առնվազն պետք է նաև նախազգուշական հայտարարությամբ դիմեին Ռուսաստանում բնակվող հայերին՝ նրանց զգուշացնելով հնարավոր կիևյան հարձակման մասին և հորդորելով գոնե շքերթին չմասնակցել և Կարմիր հրապարակում ու հարակից տարածքներում չգտնվել։ Անգամ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունն է լուռ։

Ի վերջո Ռուսաստանում մենք ամենամեծ սփյուռքներից մեկն ունենք, ոչ պաշտոնական տվյալներով գրեթե երկու միլիոն հայ է բնակվում այնտեղ, նրանց մեջ՝ նաև Հայաստանի քաղաքացիներ։ Եվ այդ մարդկանց կյանքով չմտահոգվելը Հայաստանի իշխանությունների կողմից դավաճանություն է սեփական ժողովրդին։ Բոլորս ենք հիշում՝ արցախյան, նաև տավուշյան պատերազմի օրերին ԱՄՆ, նաև այլ երկրների դեսպանատները պարբերաբար հայտարարություններով նախազգուշացնում էին իրենց երկրի քաղաքացիներին չգտնվել ռիսկային տարածքներում, որտեղ հնարավոր ռազմական վտանգներ կային։ Հիմա ինչո՞ւ է լռում Հայաստանի իշխանությունը, դեսպանատունը, եթե իրենց սիրելի ու բարեկամ Զելենսկին է նախազգուշացնում Մոսկվա մեկնելու մտադրություն ունեցող պետությունների ղեկավարներին ու պաշտոնյաներին հրաժարվել իրենց այդ մտադրությունից։

Զելենսկու ողջամտության վրա արժե՞ հույս դնել, որ նա սպառնալիքներից այն կողմ չի անցնի և կխուսափի Կարմիր հրապարակը ԱԹՍ-ներով գրոհելու մտադրությունից։ Արդյո՞ք նաև այն պատճառով են մեր իշխանությունները լուռ, որ իշխանական թիմը, չգիտես ինչ տրամաբանությամբ, Ռուսաստանում մեր հայրենակիցներին ասոցացնում են այսօր իրենց մրցակից (իրենց դեպքում՝ հակառակորդ) ընդդիմադիր որոշ ուժերի հետ և նրանց դիտարկում որպես այդ ուժերի պոտենցիալ ընտրողներ և աջակիցներ, որոնց ամենևին չեն ցանկանա փրկել։ Մեր իշխանությունների դեպքում ոչնչից զարմանալ պետք չէ, անգամ եթե նրանք այդպիսի տրամաբանությամբ վերաբերվեն ՌԴ մեր հայրենակիցներին, նրանց իշխանության օրոք այնքան անհեթեթությունների ականատես ենք եղել, որ այդ մեկից զարմանալը միամտություն է։

Թագուհի Ասլանյան

Send