Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Շուշիի կորստից հետո խաղաղության մասին խոսելը մանկամտություն է․ քաղաքագետ

Blog Image

Այսօր լրանում է Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման 34-րդ տարին։ 1992 թվականի մայիսի 8-9-ին հայկական ուժերն ազատագրեցին Շուշին՝ փոխելով ոչ միայն պատերազմի ընթացքը, այլ նաև ամբողջ տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունը։

Տասնամյակներ անց, սակայն, Շուշին դարձավ ազգային ողբերգության խորհրդանիշ՝ 2020 թվականի պատերազմի ընթացքում անցնելով Ադրբեջանի վերահսկողության տակ։

Շուշին Արցախի անվտանգության համակարգում ուներ առանցքային նշանակություն։ Բերդաքաղաքը ռազմավարական բարձր դիրք էր, որը վերահսկում էր Ստեփանակերտը և հարակից ճանապարհները։ Միևնույն ժամանակ, Շուշին հայ ժողովրդի համար ուներ նաև խորը սիմվոլիկ արժեք․ այն հայկական մշակույթի, կրթության և հոգևոր կյանքի կարևոր կենտրոններից էր։ 1920 թվականի Շուշիի ջարդերից հետո քաղաքը հայաթափվեց, իսկ 1992 թվականի ազատագրումը շատերի համար պատմական արդարության վերականգնում էր։

Այս թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։ Նրա խոսքով՝ Շուշին ունեցել է թե՛ ռազմական, թե՛ սիմվոլիկ նշանակություն։

«Շուշին ունեցել է մեծ ռազմական նշանակություն, իսկ սիմվոլիկ առումով այն կապվում է հատկապես 1920-ական թվականներին Շուշիում տեղի ունեցած ջարդերի հետ, երբ ադրբեջանցիների և նրանց աջակցող թուրքական ուժերի կողմից քաղաքի հայկական բնակչությունը կոտորվեց։ Սա Շուշիի հայաթափման առաջին ալիքն էր, և մեզ համար ուներ նաև սիմվոլիկ նշանակություն՝ հաղթահարելու տարիներով ձևավորված բարդույթները։ Հատկապես 44-օրյա պատերազմի և բանակցությունների ընթացքում տեսանք, որ Շուշին մշտապես ադրբեջանական կողմի ուշադրության կենտրոնում էր, և նրանք որևէ կերպ չէին համաձայնում Շուշիի կարգավիճակի հետ կապված հարցերում։ 44-օրյա պատերազմի ժամանակ նրանց կարևորագույն նպատակը հենց Շուշին էր, և պատահական չէր, որ նոյեմբերի 8-9-ի իրադարձությունները հանգեցրին Շուշիի անկմանը։ Ադրբեջանցիները սպասում էին ամբողջությամբ գրավել Շուշին, որպեսզի դրանից հետո միայն համաձայնեն որևէ խաղաղության համաձայնագրի»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով վերջին երեք տասնամյակներում հայկական քաղաքականության հիմնական սխալներին՝ քաղաքագետը նշեց․ «Այդ սխալները բազմաթիվ են։ Հիմա, հետադարձ հայացք գցելով, սխալների մասին խոսելը չափազանց հեշտ է։ Բայց, իմ կարծիքով, դրանք ոչ թե էպիզոդիկ, այլ կոնցեպտուալ սխալներ էին։ Իմ խորին համոզմամբ՝ այլ մոտեցման պարագայում հնարավոր էր ունենալ այլ որակի պետություն և Արցախի հարցի լուծման այլ տեսլական։ Սակայն հատկապես այսօր ճիշտ չէ անընդհատ խոսել սխալներից։ Ավելի կարևոր է խոսել ապագայի մասին։ Թեև հաճախ ասում են, որ ապագան անցյալի մեջ է, և առանց անցյալը հասկանալու հնարավոր չէ կառուցել ապագան, մեր պարագայում անցյալի մասին մշտապես խոսելը վերածվել է ինքնախարազանման, իսկ անցյալի գնահատումը մեզ մոտ հաճախ չի ստացվում»։

Հարցին՝ հնարավո՞ր էր խուսափել պատերազմից և Արցախի կորստից, Արա Պողոսյանը պատասխանեց, որ դա հնարավոր կլիներ միայն որոշակի պայմաններում։

«Այսօր ակտուալ է դարձել ասել, թե հնարավոր էր խուսափել պատերազմից և Արցախի կորստից, բայց ես կարծում եմ, որ Ադրբեջանի նպատակը մեկն էր՝ պատերազմը։ Բանակի ամենակարևոր կապիտալը իրական ռազմական գործողությունների միջոցով փորձ ձեռք բերելն է, և Ադրբեջանը փորձում էր գնահատել մեր ուժեղ և թույլ կողմերը՝ մեծ պատերազմին պատրաստվելուց առաջ, որպեսզի հասկանար՝ որտեղ և երբ հարվածի մեզ։ Եթե մի փոքր հետ գնանք, ապա հնարավոր էր խուսափել պատերազմից, եթե մենք իրական ռազմաքաղաքական բալանս հաստատեինք Հարավային Կովկասում։ Պատերազմի կանխարգելման ամենափորձված տարբերակը բալանսի ապահովումն ու ռազմավարական զսպող ուժի կուտակումն է»,- ասաց քաղաքագետը։

Պողոսյանը նաև համոզված է, որ Արցախի հանձնումը չի կարող լինել խաղաղության երաշխիք։

«Մեծագույն սուտն այն է, թե Արցախի հանձնումը խաղաղության մեկնարկ է։ Դա մեզ համար ունեցել և ունենալու է մեծ գին։ Պատերազմն ու խաղաղությունը բացառապես կապված են պետությունների շահերի հետ։ Այն պահին, երբ Ադրբեջանի շահը պահանջի հարձակվել Հայաստանի վրա, որևէ գործոն, փաստաթուղթ կամ արտաքին աջակցություն չի կարող հետաձգել այդ հարձակումը, եթե Հայաստանի Հանրապետությունը չունենա բավարար ռազմական զսպման միջոցներ։ Խաղաղության մասին խոսելը մանկամտություն է, եթե հաշվի չառնենք, որ Արցախի հարցի լուծում մենք գործնականում չենք ստացել և տեսանելի ապագայում էլ, հավանաբար, չենք ստանա։ Կոնֆլիկտը լուծված չէ, քանի որ արցախահայությունը զրկված է իր հայրենիքից։ Պատահական չէ, որ Ադրբեջանի բռնապետը պարբերաբար հիստերիայի մեջ է ընկնում, երբ Եվրոպական խորհրդարանը հիշատակում է արցախահայերի իրավունքների մասին»,- եզրափակեց խոսքը քաղաքագետը։
 
Ալիտա Եղիազարյան

Send