ԵՄ նոր մուտքի/ելքի համակարգը (EES) սկսել է գործել 2025 թվականի հոկտեմբերի 12-ից՝ աստիճանաբար ներդրվելով եվրոպական 29 երկրներում։ 2026 թվականի ապրիլի 10-ից EES-ը պետք է դառնա լիովին գործող համակարգ։
MediaHub-ը ուսումնասիրել էր համակարգը՝ հասկանալու, թե ինչ փոփոխություններ են լինելու Եվրոպա մուտք գործելու կարգում։ Ուսումնասիրության ընթացքում պարզվել էր, որ համակարգը փոխարինելու է անձնագրերի դրոշմակնքմանը՝ կարճաժամկետ այցերով ժամանող ԵՄ անդամ չհանդիսացող քաղաքացիների մուտքի, ելքի կամ մուտքի մերժման տվյալների թվային գրանցմամբ։
MediaHub-ը տեղեկացել էր նաև, որ գրանցվելու են ճանապարհորդների դեմքի պատկերը, մատնահետքերը և ճանապարհորդական փաստաթղթերում առկա անձնական տվյալները։
Սակայն, ի՞նչ է փոխվել իրականում․ այն ժամանակ նշվում էր, որ կլինեն էլեկտրոնային սարքեր, և մարդիկ սահմանապահներին այլևս չեն մոտենա, պարզվում է, որ ՀՀ քաղաքացիների համար այս պահի դրությամբ ոչինչ էլ չի փոխվել․ եվրոպական երկրներից շատերում սարքերը դեռ չեն գործում այլ երկրների քաղաքացիների համար, սարքերը գործում են եվրոպական երկրների և որոշ երկրների քաղաքացիների համար, իսկ ՀՀ քաղաքացիները մոտենում են սահմանապահներին, ինչպես և նախկինում։
Միակ տարբերությունն այն է, որ կամ Եվրոպայի սահմանը հատելուց կամ արդեն Եվրոպայից գնալուց սահմանապահները մատնահետքեր են վերցնում ինչպես նաև սարքով նկարում են, չնայած, որ նման պրակտիկա եղել է և նախկինում, հնարավոր է՝ թարմացվում է, որ սարքերը գործելուց քաղաքացիների տվյալները լինեն համակարգում։
Նշենք, որ եվրոպական երկրներում սարքավորումները տեղադրված են, սակայն դեռ ամբողջությամբ չեն գործում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք՝ համակարգը օգնելու է նույնականացնել ավելի քան 600 մարդու, որոնք անվտանգության ռիսկ են ներկայացրել Եվրոպայի համար։ Նրանց մուտքը մերժվել է և գրանցվել համակարգում։ Արդյունքում, եթե նրանք փորձեն մուտք գործել մեկ այլ եվրոպական երկիր, սահմանային կետերում հնարավոր կլինի տեսնել նախկին մերժման փաստը։
EES-ի կողմից հավաքվող կենսաչափական տվյալների շնորհիվ ինքնության կեղծումն էլ ավելի հեշտ կհայտնաբերվի։ Յուրաքանչյուր սահմանային անցակետում ճանապարհորդների մատնահետքերն ու դեմքի պատկերները ստուգվելու են՝ համեմատելով դրանք համակարգում պահվող տվյալների հետ։
Համակարգի շրջանակում՝
• այլևս անձնագրերում կնիք չի դրվելու,
• ավտոմատ կերպով գրանցվելու են Շենգեն գոտի մուտքն ու ելքը,
• պահպանվելու են ճանապարհորդների դեմքի պատկերը, մատնահետքերը և անձնական տվյալները։
Սահմանապահները համակարգի միջոցով կկարողանան տեսնել՝
• երբ է անձը մուտք գործել կամ դուրս եկել,
• արդյոք գերազանցել է վիզայով թույլատրված ժամկետը,
• արդյոք նախկինում մերժվել է նրա մուտքը։
Մարիաննա Արամյան

Русский